30 նոյեմբերի 2018

Հայաստանում քաղաքային լուսավորության էներգետիկ արդյունավետության բարձրաց­մանն ու որակի բարելավմանը նպաստելու, ինչպես նաև ածխածնի արտանետումները կրճատելու նպատակով 2014-ից 2018-ը իրականացվել է ՄԱԶԾ-ԳԷՖ «Քաղաքային կանաչ լուսավորություն» լայնամասշտաբ ծրագիրը:

Քաղած դասերի այս զեկույցում ներկայացվում է Ծրագրի չորս բաղադրիչներից յուրաքանչյուրի ներքո ձեռք բերած գլխավոր արդյունքների ընդհանուր նկարագրությունը, այդ թվում՝

  • հանրային լուսավորության համակարգերի փաստացի տեխնիկական վիճակի և արդյունավետության մասին տեղեկությունների հարուստ շտեմարանի ստեղծում, որոնք ձեռք են բերվել 21 համայնքներում իրականացված աուդիտների արդյունքում,
  • ԷԱ լուսավորության համակարգերի պատշաճ աուդիտի, նախագծման, գնումների, փորձարկման, տեղադրման և շահագործման թեմաների շուրջ համայնքներից ու մասնավոր հատվածից ավելի քան 200 մասնագետների կարողությունների զարգացում՝ բազմաթիվ վերապատրաստումների կազմակերպման և ձեռնարկների ու ուղեցույցների հրատարակման միջոցով,
  • ժամանակակից լուսարձակող դիոդների հիմքով լուսավորման տեխնոլոգիաների որակի բարելավման և ծախսախնայողության օգուտների ցուցադրություն՝ 19 համայնքներում փողոցային լուսավորության արդիականացման ծրագրերի իրականացման և հետագա խթանման միջոցով,
  • լույսի աղբյուրների (օր.՝ շիկացման լամպերի և լուսատուների) համապատաս­խանության փորձարկման ապահովում՝ ժամանակակից լուսատեխնիկական լաբորատորիա հիմնելու միջոցով, որը ծառայում է նաև որպես ուսումնական կենտրոն համալսարանի այն ուսանողների կամ պրակտիկ գործունեությամբ զբաղվողների համար, որոնք էներգաարդյունավետ լուսավորության թեմայով դասընթաց են անցնում,
  • ձեռք բերած օգուտների կայունության և կրկնօրինակման ապահովում՝ 16 համայնքային շրջանառու հիմնադրամների ստեղծման միջոցով, որտեղ չափվել են պիլոտային նախագծերի արդյունքում արված խնայողությունները, հաղորդվել է դրանց մասին, և դրանք վերաուղղվել են փողոցային լուսավորության արդիականացման 15 նոր նախագծերի,
  • լուսավորության նախագծման համար կարգավորող շրջանակի բարելավում՝ ԷՆՍ-ն ներառելով գործող տեխնիկական նորմերում, ՀՀ «Էներ­գախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» օրենքի համա­պա­տասխան վերանայված տարբերակում և պետական գնումների կանոններում,
  • Ծրագրի արդյունքների բարձր տեսանելիության ապահովում և օժանդակում շահագրգիռ կողմերի վարքագծային փոփոխությանը՝ Ծրագրի կայքում և ֆեյս­բուքյան էջում պարբերական հրապարակումների, ինչպես նաև լրատվա­միջոցներով իրազեկման արշավներ իրականացնելու միջոցով:

Վերոհիշյալ հիմնական ձեռքբերումների նկարագրության հետ մեկտեղ, որոնք նպաստել են Ծրագրի ընդհանուր հաջողությանը, զեկույցում ներառված են նաև ծրագրի իրականացման ընթացքում փորձագետների թիմի քաղած դասերը և ձեռք բերած տեխնիկական փորձը: Այս տեղեկությունները կարող են որպես լավ մեկնակետ ծառայել ծրագրեր մշակողների ու իրականացնողների համար ոչ միայն Հայաստանում, այլև միջազգային մակարդակում, քանի որ էներգաարդյունավետ լուսավորության բազմաթիվ կողմեր համընդհանուր են ողջ աշխարհում: Առանձին գլուխ նվիրված է ծրագրի՝ ՋԳ արտանետումների կրճատման օգուտների հաշվարկի համար կիրառված մեթոդաբա­նության նկարագրությանը և հաշվարկման գործընթացում կատարված առանցքային ենթադրությունների ներկայացմանը: