07 դեկտեմբերի 2020
Հայաստանը կլիմայի փոփոխության նկատմամբ խոցելի երկրներից է: Երկրում դիտվում է կլիմայի փոփոխության բարձր ազդեցություն, կլիմայի փոփոխության նկատմամբ բարձր զգայունություն և հարմարվողականության միջոցառումների սահմանափակ կիրառում: Ապագա կլիմայական կանխատեսումներով նախատեսվում է ջերմաստիճանի շարունակական աճ և տեղումների նվազում: Համաշխարհային ռեսուրսների ինստիտուտի կողմից Հայաստանը դիտարկվում է որպես բարձր ելակետային ջրի սթրես ունեցող երկիր և ՄԱԿ-ի 164 անդամ երկրների շարքում ջրի սթրեսի ամենաբարձր մակարդակ ունեցող երկրներից է: 
 
Այս համատեքստում, ջրային ռեսուրսների պատշաճ և արդյունավետ կառավարումը կարևոր դեր է խաղում Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման գործընթացում և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության առաջնահերթություններից է:
 
«Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում» (ՀԱԾ) ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանակում իրականացված այս ուսումնասիրության նպատակն է աջակցել ՀՀ ջրային ռեսուրսների ինտեգրված կառավարման, մասնավորապես ոռոգման ջրի կառավարման բարելավմանը: