Հոկտեմբերի 8-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Անտոն Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի սաների համար անցկացվել է «Հայաստանում կլիմայի փոփոխության նկատմամբ խոցելիությունը և հարմարվողականությունը գյուղատնտեսության ոլորտում» սեմինարը: Միջոցառումը կազմակերպվել է «Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում» (ՀԱԾ) ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանակում, քոլեջի ղեկավարության հետ համագործակցությամբ:
Միջոցառումը նպատակ ուներ բարձրացնել քոլեջի սաների իրազեկությունը կլիմայի փոփոխության և կլիմայի փոփոխության հարմարվողականության թեմաների՝ մասնավորապես Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում առկա կլիմայական ռիսկերի, ազդեցությունների և հնարավոր հարմարվողականության միջոցառումների վերաբերյալ:
Իր ողջույնի խոսքում քոլեջի տնօրեն Վարդան Վարդանյանն ընդգծեց կլիմայի փոփոխության և կլիմայի փոփոխության հարմարվողականության վերաբերյալ նմանատիպ միջոցառումների կազմակերպման և նշված հարցերի շուրջ հատկապես երիտասարդների շրջանում իրազեկության բարձրացման կարևորությունը և հույս հայտնեց, որ ՄԱԶԾ-ԿԿՀ ՀԱԾ ծրագրի հետ քոլեջի համագործակցությունը շարունակական կլինի:
Սեմինարի երիտասարդ մասնակիցները ծանոթացան կլիմիայի փոփոխության գլոբալ և տեղական զարգացումներին, խոցելի ոլորտներում, այդ թվում՝ գյուղատնտեսությունում առկա և կանխատեսվող ռիսկերին, կիրառվող մեղմման ու հարմարվողականության միջոցառումներին, ինչպես նաև հնարավորություն ստացան իրենց գիտելիքները ստուգել և ամրապնդել առցանց մրցակցային խաղ-թեսթի միջոցով:
Միջոցառմանը մասնակցեց գյուղատնտեսական քոլեջի շուրջ 40 ուսանող:
Ավելի վաղ՝ հոկտեմբերի 6-ին, ՄԱԶԾ-ԿԿՀ ՀԱԾ ծրագրի ներկայացուցիչները հանդիպել են քոլեջի ղեկավարության և դասախոսների հետ և քննարկել քոլեջի ուսումնական ծրագրերում կլիմայի փոփոխության հարմարվողականության թեմաները ներառելու, ինչպես նաև դասախոսական կազմի համար տվյալ հարցերի շուրջ վերապատրաստումների կազմակերպման և ուսանողների շրջանում կլիմայի փոփոխության հարմարվողականության թեմաների վերաբերյալ իրազեկության բարձրացման հնարավորությունները: