Դեկտեմբերի 12-ին շահառուների հետ հանդիպման ընթացքում ներկայացվեցին և քննարկվեցին «Կլիմայի փոփոխության հարմարվողականության ինտեգրումը մարզային և համայնքային զարգացման ռազմավարություններում» դասընթացների շարքի արդյունքները: Ընդհանուր առմամբ, 2022թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ՀՀ բոլոր մարզերում անցկացված 10 դասընթացում ներգրավվել է 248 մասնակից. մասնավորապես՝ ՀՀ մարզպետարանների տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչությունների, գյուղատնտեսության և բնապահպանության վարչությունների, զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժինների քաղաքացիական ծառայողներ, ՀՀ համայնքների ղեկավարներ, ավագանիների անդամներ, համայնքային ծառայողներ, մասնավոր հատվածի ներկայացուցիչներ:
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը և Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Խաչատուր Ղազեյանը, ովքեր ընդգծեցին կլիմայի փոփոխության և հարմարվողականության վերաբերյալ որոշում կայացնողների կարողությունների զարգացման և բարձրացման կարևորությունը՝ հատկապես կլիմայի փոփոխության համատեքստում երկրում առկա մարտահրավերներին դիմակայելու հարցում նրանց առանցքային դերակատարությունը հաշվի առնելով:
«Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում» (ՀԱԾ) ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանակում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայի կողմից ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համագործակցությամբ իրականացվող դասընթացների հիմնական նպատակն էր բարձրացնել տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններում և մասնավոր հատվածում որոշումներ կայացնող անձանց իրազեկվածությունը կլիմայի փոփոխության նկատմամբ Հայաստանում առկա խոցելիությունների, ռիսկերի և հարմարվողականության հնարավորությունների վերաբերյալ, ինչպես նաև զարգացնել նրանց՝ կլիմայի փոփոխության հարմարվողականության պլանավորման կարողությունները:
6 ակադեմիական ժամ տևողությամբ դասընթացների ընթացքում մասնակիցները ծանոթացան Հայաստանում կլիմայի փոփոխության ազդեցություններին, առկա և կանխատեսվող ռիսկերին ու խոցելիությանը, գյուղատնտեսության, ջրային ռեսուրսների, զբոսաշրջության ոլորտներում կլիմայական ռիսկերի նկատմամբ խոցելիության գնահատումների արդյունքներին, կլիմայի փոփոխության հարմարվողականության պլանավորմանը համայնքային մակարդակում, տարածքային (մարզային) զարգացման ռազմավարություններում կլիմայի փոփոխության հարմարվողականության և կլիմայական ռիսկերի կառավարման նկատառումների ինտեգրմանը և այլն:
Դասընթացներից բացի, համագործակցության շրջանակում աշխատանքներ են իրականացվել նաև ՀՀ պետական կառավարման ակադեմիայի առարկայական ծրագրերում և քաղաքացիական ու համայնքային ծառայողների վերապատրաստման դասընթացներում կլիմայի փոփոխության և հարմարվողականության վերաբերյալ թեմաների ներդրման ուղղությամբ:
Արդյունքների ամփոփման հանդիպմանը մասնակցեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայի և ՄԱԶԾ 25 ներկայացուցիչ: