Հունիսի 29-ին տեղի ունեցավ «Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում» (ՀԱԾ) ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի նախաձեռնությամբ ստեղծված սելավների ռիսկի կառավարման խնդիրներին նվիրված միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական հանդիպումը: Միջգերատեսչական աշխատանքային խումբը կազմավորվել էր 2020թ.-ին ՀԱԾ ծրագրի նախաձեռնությամբ:
Սելավները Հայաստանում դասվում են առավել աղետալի երևույթների դասին և մեծ վնաս են հասցնում բնակչությանը, բնակավայրերին, կառուցվածքներին, հաղորդակցման ուղիներին և գյուղատնտեսությանը։ մեծ նյութական վնաս հասցնելուց բացի սելավները կարող են ուղեկցվել նաև մարդկային զոհերով: Ըստ կառավարության հրապարակված տվյալների՝ Հայաստանի ընդհանուր տարածքի մոտ 30 գտնվում է սելավների ռիսկի ներքո: Բնակչությանը և սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքներին սելավների պատճառած նյութական վնասները կազմում են տարեկան շուրջ 2,0-2,2 մլրդ դրամ:
Հանդիպման նպատակն էր Արտակարգ իրավիճակների, Շրջակա միջավայրի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, էկոնոմիայի, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների, Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ջրային կոմիտեի, Վիճակագրական կոմիտեի և ՄԱԶԾ փոխձագետների մասնակցությամբ քննարկել երկրում սելավների ռիսկի նվազեցմանը, պատրաստվածության ապահովմանը, պատշաճ արձագանքմանն ու հետևանքների արդյունավետ վերացմանն ուղղված անհրաժեշտ միջոցառումների առաջարկությունների փաթեթի վերաբերյալ ստացված դիտողություններն ու առաջարկները:
Սելավների տարեգրությունն ու տնտեսությանը պատճառած վնասները հաշվի առնելով՝ դրանց ռիսկերի նվազեցումն ու արձագանքման ընթացակարգերի հստակեցումն առաջնային հիմնախնդիրների շարքում են՝ հատկապես կլիմայի փոփոխությամբ պայմանավորված հիդրոօդերևույթաբանական վտանգավոր երևույթների ինտենսիվության և հաճախականության աճի պայմաններում:
Աշխատաժողովին ներկա գտնվեց և առցանց մասնակցեց Արտակարգ իրավիճակների, Շրջակա միջավայրի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների, Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ջրային կոմիտեի, Վիճակագրական կոմիտեի և ՄԱԶԾ 20 ներկայացուցիչ: