Փետրվարի 4-ից 6-ն Աղվերանում տեղի ունեցավ «Դիմակայենք կլիմայի փոփոխությանը. գաղափարից մինչև իրականացում» դասընթացը՝ նախատեսված «Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում» (ՀԱԾ) ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանակում անցկացված «Դիմակայենք կլիմայի փոփոխությանը» խորագրով դպրոցականների մրցույթում լավագույն արդյունքներ ցուցաբերած միջին և ավագ դպրոցի աշակերտների և ծրագրերը ղեկավարող ուսուցիչների համար: Դասընթացը կազմակերպվել էր ՀԱԾ ծրագրի կողմից` Իմփաքթ Հաբ Երևանի հետ համագործակցությամբ:
Եռօրյա դասընթացի նպատակն էր խորացնել մասնակիցների գիտելիքները կլիմայի փոփոխության և հարմարվողականության վերաբերյալ և զարգացնել աշակերտների և ուսուցիչների՝ կլիմայի փոփոխությանը հարմարվողականությանն ուղղված նախագծերի մշակման և լուսաբանման կարողությունները։
Դասընթացի ընթացքում մասնակիցները ծանոթացան Հայաստանում կլիմայի փոփոխության միտումներին, ազդեցություններին, խոցելի ոլորտներում առկա ռիսկերին և հասանելի հարմարվողականության միջոցառումներին, Կայուն զարգացման նպատակներին, նաև ձեռք բերեցին նախագծերի և բիզնես առաջարկների մշակման, ներկայացման, բյուջետավորման և խթանման, թիրախային լսարանին համապատասխան հաղորդակցման ուղիներ ընտրելու, լուսանկարահանման և տեսանյութերի պատրաստման, ֆոտո և տեսա պատմություններ մշակելու հմտություններ:
Դասընթացին մասնակցեց Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Կարմիրգյուղի 8 դպրոցի 25 աշակերտ և 10 ուսուցիչ: