Հայ
Eng
Տավուշի մարզում առկա մարտահրավերներն ու զարգացման հնարավորությունները ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանակում կայացած աշխատաժողովի ուշադրության կենտրոնում
05 դեկտեմբերի 2019

Տավուշի մարզում առկա մարտահրավերներն ու զարգացման հնարավորությունները ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանակում կայացած աշխատաժողովի ուշադրության կենտրոնում

Alt Alt
Alt Alt

Դեկտեմբերի 4-ին Դիլիջանում տեղի ունեցավ «Կլիմայի փոփոխության ռիսկերի կառավարումը՝ ազգային հարմարվողականության գործողությունների հիմքում» աշխատաժողովը, որի ընթացքում քննարկվել են մարզում առկա կլիմայի փոփոխության մարտահրավերները, հիմնախնդիրներն ու դրանց հնարավոր լուծումները: Միջոցառումը կազմակերպվել էր «Ազգային հարմարվողականության ծրագիր Հայաստանում» ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանակում՝ Տավուշի մարզպետարանի հետ համագործակցությամբ:


«Կլիմայի փոփոխության հարմարվողականության թեման խիստ առարկայական է: Որքան մենք մեր գործունեությունում և մեր ծրագրերում հարմարվողականության միջոցառումներն իսկապես ներառենք և հաշվի առնենք, այդքանով մենք ավելի հաջողակ կլինենք: Հարմարվողականության գործողությունները շատ արագ պետք է դառնան մեր կյանքի և գործունեության մի մասը:  Հուսով եմ որ մեր այս հանդիպման ընթացքում կնախանշենք որոշակի ծրագրային ուղղություններ որոնցով կզբաղվենք առաջիկա տարիների ընթացքում» իր ելույթում նշեց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը՝ ընդգծելով հատկապես գյուղատնտեսության, և ջրային ռեսուրսների ոլորտներում հարմարվողականության միջոցառումների կարևորությունը մարզի բնականոն զարգացման և հիմնախնդիրների լուծման համար:


Միջոցառման ընթացքում փորձագետների կողմից ներկայացվեցին, Հայաստանում կլիմայի փոփոխության ռիսկերն ու հարմարվողականության խնդիրները, աղետների ռիսկերի նվազեցման և հարմարվողականության ներուժը ջրային ռեսուրսների կառավարման, գյուղատնտեսության զարգացման, ինչպես նաև սելավների, սողանքների և քարաթափման ռիսկերի կառավարման համատեքստում: Քննարկվեց նաև կլիմայի փոփոխության ռիսկերի կառավարման գործընթացում կանանց և տղամարդկանց կարիքների ու պահանջների տարանջատման կարևորությունը:


«Կլիմայի փոփոխության հետևանքներին հարմարվողականությունն անհրաժեշտ նախապայման է երկրի կայուն զարգացման ապահովման համար: Այժմ ընթանում է Հայատանի ազգային հարմարվողականության պլանի մշակումը, որը հնարավորություն կտա ազգային, ոլորտային նաև տեղական կառավարման պլանավորման գործընթացներում հստակեցնել կլիմայի փոփոխության հարմարվողականության անհրաժեշտ միջոցառումները: Այս գործընթացքում մեծապես կարևորվում է համայնքների ակտիվ մասնակցությունը, քանի որ տեղական խնդիրների և հարմարվողականության անհրաժեշտ միջոցառումների հստակեցման գործընթացներում նրանց դերն առաջնային է», նշեց «Ազգային հարմարվողականության ծրագիր Հայաստանում» ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի ղեկավար Գոհար Հովհաննիսյանը՝ շնորհակալություն հայտնելով ներկաներին ակտիվ մասնակցության համար:


Աշխատաժողովի ընթացքում ներկայացվեցին և քննարկվեցին Իջևանի, Դիլիջանի, Այրումի, Բերդի և Նոյեմբերյանի հիմնախնդիրնրն ու համայնքային զարգացման ծրագրերում աղետների և կլիմայական ռիսկերի մեղմման ու հարմարվողականության ընդգրկված և նախատեսվող միջոցառումները:


Միջոցառմանը մասնկացեց Ազատմուտ, Ակնաղբյուր, Այգեհովիտ, Այրում, Աճարկուտ, Աչաջուր, Բերդ, Բերքաբեր, Գանձաքար, Գետահովիտ, Դիտավան, Դիլիջան, Ենոքավան, Իջևան, Լուսահովիտ, Լուսաձոր, Խաշթառակ, Ծաղկավան, Կիրանց Հովք, Նոյեմբերյան, Վազաշեն, Սարիգյող, Սևքար  բնակավայրերի ավելի քան 35 ներկայացուցիչ:



Կիսվել