«Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում» (ՀԱԾ) ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանակում մեկնարկել է լրագրության ոլորտում ուսանողների, ինչպես նաև ԲՈՒՀ-երի և մասնագիտական կրթական հաստատությունների դասախոսների համար նախատեսված դասընթացների շարքը:
Դասընթացների նպատակն է բարձրացնել կլիմայի փոփոխության և հարմարվողականության վերաբերյալ լրագրության ոլորտում ուսանողների և դասախոսների իրազեկության մակարդակը, տրամադրել տարբեր ոլորտների լուսաբանման համատեքստում թեման գտնելու, ուսումնասիրելու և բարձրաձայնելու համար անհրաժեշտ գիտելիք և հմտություններ՝ այդպիսով նպաստելով Հայաստանում կլիմայի փոփոխության և կլիմայի փոփոխությանը հարմարվողականության հարցերի վերաբերյալ հանրային իրազեկման բարձրացմանն ու ակտիվ լուսաբանմանը։
«Կլիմայի փոփոխության հարմարվողականությունը Հայաստանում. լրագրողական հայացք» խորագրով առաջին դասընթացը տեղի ունեցավ նոյեմբերի 6-7 Գյումրիում և նախատեսված էր Շիրակի և Վանաձորի պետական համալսարանների լրագրության ֆակուլտետի ուսանողների և շրջանավարտների համար: Միջոցառումը կազմակերպվել էր «Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում» (ՀԱԾ) ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանակում՝ Շիրակի և Վանաձորի պետական համալսարանների հետ համագործակցությամբ:
Դասընթացի մասնակիցները ծանոթացան Հայաստանում կլիմայի փոփոխության միտումներին, ազդեցություններին, խոցելի ոլորտներում առկա ռիսկերին, հասանելի հարմարվողականության միջոցառումներին, ինչպես նաև խմբային աշխատանքների շրջանակում քննարկեցին հասարակության շրջանում կլիմայի փոփոխության հիմնախնդիրների, ոլորտում առկա ինստիտուցիոնալ փոփոխությունների և հարմարվողականության կարևորության վերաբերյալ իրազեկության բարձրացմանն ուղղված անհրաժեշտ միջոցառումների շրջանակը:
Դասընթացին մասնակցեց 17 ուսանող և շրջանավարտ: