Հայ
Eng
«Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում» ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանակում քննարկվել են Գեղարքունիքի մարզում կլիմայի փոփոխության և հարմարվողականության հիմնախնդիրները
04 դեկտեմբերի 2019

«Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում» ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանակում քննարկվել են Գեղարքունիքի մարզում կլիմայի փոփոխության և հարմարվողականության հիմնախնդիրները

Alt

Դեկտեմբերի 3-ին Գավառում տեղի ունեցավ «Կլիմայի փոփոխության նկատմամբ խոցելիությունը և հարմարվողականության գործողությունները․ Գավառի օրինակը» աշխատանքային քննարկումը, որի նպատակն էր Գեղարքունիքի համայնքային ներկայացուցիչների հետ քննարկել մարզում առկա կլիմայի փոփոխության մարտահրավերներն ու հարմարվողականության հնարավորությունները, ինչպես նաև ներկայացնել «Գավառ համայնքի կայուն էներգետիկ զարգացման և կլիմայի պահպանության գործողությունների ծրագրի» օրինակը: Միջոցառումը կազմակերպվել էր «Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում» ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանակում՝ Հայաստանի համայնքների միության, Գեղարքունիքի մարզպետարանի և Գավառի քաղաքապետարանի համագործակցությամբ:


Իր ողջույնի խոսքում Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանը կարևորեց մարզում առկա կլիմայի փոփոխության մարտահրավերների քննարկումն ու դրանց ադապտացման միջոցառումների հստակեցումը, ինչպես նաև մարզի այլ համայնքներում «Գավառ համայնքի կայուն էներգետիկ զարգացման և կլիմայի պահպանության գործողությունների ծրագրի» օրինակով միջոցառումների նախագծումը:


Հանդիպման ընթացքում ՄԱԶԾ փորձագետները ներկայացրեցին աշխարհում և Հայաստանում կլիմայի փոփոխության հետ կապված զարգացումները, կանխատեսումներն ու հարմարվողականության միջոցառումները, ինչպես նաև «Ազգաին հարմարվողականության ծրագիր Հայաստանում» ծրագրի հիմնական բաղադրիչներն ու նպատակները:


«Հայաստանը կլիմայի փոփոխության առումով խոցելի երկրների շարքում է: Կլիմայի փոփոխության բացասական հետևանքներն արդեն նկատելի են երկրի ամբողջ տարածքում՝ դրանցից են հաճախակի դարձած սաստիկ շոգերը, ոռոգման և խմելու ջրային ռեսուրսների կրճատումը, բնակավայրերում և բնական միջավայրերում հրդեհների քանակի աճը և այլն: Կլիմայի փոփոխությամբ պայամանվորված հետևանքներին հարմարվողականությունն անհրաժեշտ նախապայման է դարձել երկրի կայուն զարգացման համար: Այս համատեքստում առավել կարևորում ենք «Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում» ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի իրականացումը, քանի որ այն հնարավորություն կտա հստակեցնել կլիմայի փոփոխության հարմարվողականության անհրաժեշտ միջոցառումները և դրանք ներառել ազգային, ոլորտային նաև տեղական կառավարման պլանավորման գործընթացներում՝ նպաստելով երկրի կայուն զարգացմանը», ասաց «Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում» ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի ղեկավար Գոհար Հովհաննիսյանը:


Միջոցառման ընթացքում Գավառի, Վարդենիսի, Սևանի, Մարտունու, Ճամբարակի համայնքապետարանների, ինչպես նաև մարզում գործող ՀԿ-ների ներկայացուցիչների հետ քննարկվեցին նաև Գեղարքունիքի մարզի համայնքներում առկա կլիմայական ռիսկերը, համայնքներում հարմարվողականության ծրագրերի անհրաժեշտությունը, դրանց իրագործման հիմնական խոչընտոդներն ու խնդիրները, ինչպես նաև կանանց ու տղամարդկանց կարիքների ու պահանջների տարանջատման հաշվառման կարևորությունը ծրագրերի պլանավորման և իրագործման գործընթացներում:


«Համայնքների ներգարավվածությունն ու ակտիվ մասնակցությունը կլիմայի փոփոխության հարմարվողականության գործընթացին հույժ կարևոր է, քանի որ առկա խնդիրներն ու մարտահրավերները առավել տեսանելի են հենց տեղական մակարդակով: Այս պարագայում, մեզ համար առաջնահերթ է հարմարվողականությանն ուղղված միջոցառումների ներառումը համայնքների զարգացման ծրագրերում, ինչը կարծում ենք  էականորեն կնպաստի կլիմայի փոփոխությամբ պայմանավորված մարտահրավերների լուծմանը», նշեց Հայաստանի համակնքների միության տնօրեն Նատալյա Լափաուրին:



Կիսվել