Ապրիլի 20-ին ՄԱԶԾ և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Շիրակի մարզ կատարած այցի ընթացքում մարզի տարածքային կառավարման, կրթական հաստատությունների և հասարականան կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկվեցին կլիմայի փոփոխության ազգային քաղաքականությունն ու ծրագրերը, նաև կլիմայի փոփոխության խոցելիությանն ու հարմարվողականությանն առնչվող հարցերը և իրազեկության բարձրացման հնարավորությունները:
Գյումրիում տեղի ունեցած աշխատաժողովի ընթացքում ներկայացվեցին «ՄԱԿ ԿՓՇԿ ներքո Հայաստանի չորրորդ ազգային հաղորդագրության և երկամյա առաջընթացի երկրորդ զեկույցի պատրաստում» ՄԱԶԾ-ԳԷՖ ծրագրի աջակցությամբ պատրաստված Կլիմայի փոփոխության մասին 4-րդ ազգային հաղորդագրության արդյունքներն ու «Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում» (ՀԱԾ) ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանակում իրականացվող մարզային հարմարվողականության պլանավորման գործընթացի մանրամասները:
Միջոցառման ընթացքում բացման խոսքով հանդես եկան ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Ռազմավարական քաղաքականության վարչության պետի տեղակալ Արթուր Ղավալյանը, Շիրակի մարզպետի խորհրդական Լևոն Անանյանը և ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրերի ղեկավար Դիանա Հարությունյանը:
ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրի համակարգող Դիանա Հարությունյանն իր ելույթում խոսեց կլիմայի փոփոխության ուղղությամբ ՀՀ միջազգային պարտավորությունների մասին՝ ներկայացնելով ՄԱԿ ԿՓՇԿ ներքո Հայաստանի 4-րդ ազգային հաղորդագրության բովանդակությունն ու կատարված աշխատանքը և կարևորելով մարզի ցածր ածխածնային զարգացման հեռանկարները։
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Ռազմավարական քաղաքականության վարչության պետի տեղակալ Արթուր Ղավալյանը ներկաների հետ կիսվեց բնապահպանական ծրագրերի իրականացման և ֆինանսավորման օրենսդրական կարգավորումների, ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակայնության և վերջինիս նպատակաուղղումն ի նպաստ համայնքներում շրջակա միջավայրի պահպանության միջոցառումների ընթացակարգի մասին։
Աշխատաժողովի ընթացքում փորձագետների կողմից ներկայացվեցին կլիմայի փոփոխության համատեքստում Հայաստանում, և մասնավորապես Շիրակի մարզում դիտարկված և կանխատեսվող միտումները, բնական ռեսուրսների, ենթակառուցվածքների, տնտեսության տարբեր ճյուղերի, ինչպես նաև մարդու առողջության խոցելիության գնահատման արդյունքները, մարզային զարգացման պլաններում կլիմայի փոփոխության ներառման կարևորությունը, առկա խնդիրներն ու ընձեռած հնարավորությունները: Բացի այդ, ներկայացվեց ընտրված մասնագիտական ընկերության կողմից Շիրակի մարզային հարմարվողականության պլանի մշակման գործընթացում ՄԱԶԾ-ԿԿՀ ՀԱԾ ծրագրի կողմից նախատեսված աջակցության շրջանակը: Հատուկ շեշտադրվեց մարզային գործընկերների հետ համագործակցության կարևորությունը, ինչպես նաև ներկայացվեցին և քննարկվեցին աշխատանքային գործընթացի մանրամասները:
Այցի ընթացքում, կլիմայի փոփոխության հարցերի իրազեկման բարձրացման նպատակով Շիրակի մարզի 30 դպրոցի ուսուցիչներին ներկայացվեց նաև ՄԱԶԾ «Կլիմայի փոփոխության կրթության և իրազեկման՝ Կլիմայական արկղիկ» ծրագրի շրջանակներում պատրաստված նորարարական, ինտերակտիվ ուսումնական գործիքակազմը` «Կլիմայական արկղիկ» ուսումնախաղային ձեռնարկը։ Ծրագիրն իրականացվել է 2017-2021 թթ.՝ Ռուսաստան-ՄԱԶԾ խնամառու հիմնադրամի ֆինանսավորմամբ և ՄԱԶԾ համաֆինանսավորմամբ: «Կլիմայական արկղիկ»-ի նկատմամբ ուսուցիչների մեծ հետաքրքրվածությունն ու ոգևորությունն առիթ դարձավ դասաժամերին և արտադասարամական աշխատանքներում կլիմայի փոփոխության և կլիմայի փոփոխության հարմարվողականությանն առնչվող հարցերի շուրջ դպրոցականների գիտելիքների և հետաքրքրության բարձրացման հնարավորությունների քննարկմանը:
Ներկայացված նյութերին կարող եք ծանոթանալ այստեղ: