Օգոստոսի 13-ին առցանց կայացած աշխատաժողովի ընթացքում ներկայացվել են «Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում» (ՀԱԾ) ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանակում իրականացված «Կլիմայի փոփոխության պայմաններում գյուղատնտեսության ոլորտում իրավական, ինստիտուցիոնալ խոցելիության գնահատման և հարմարվողականության պլանավորման բացերի ու խոչընդոտների բացահայտում և վերլուծում» ուսումնասիրության արդյունքները: Վերլուծությունն իրականացվել է «ՔԱՐԴ ԱԳՐՈՍԵՐՎԻՍ» կազմակերպության կողմից:
ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ տկն. Միհաելա Ստոյկոսկան իր ողջույնի խոսքում ընդգծեց երկրի կայուն տնտեսական զարգացման և կլիմայի փոփոխության մարտահրավերների նկատմամբ դիմադրողականության ապահովման գործընթացում գյուղատնտեսության ոլորտում հարմարվողականության միջոցառումների իրականացման կարևորությունը:
«Այն փաստը, որ գյուղատնտեսությունն ամբողջ աշխարհում կլիմայի փոփոխության նկատմամբ ամենախոցելի ոլորտներից է, ակնհայտ է: Կլիմայական փոփոխությունների ազդեցություններն այս ոլորտում բազմաթիվ են: Ջերմաստիճանի և տեղումների քանակի փոփոխությունները, ինչպես նաև եղանակային վտանգավոր երևույթները մեծ ազդեցություն ունեն բերքատվության, անասնապահության արդյունավետության վրա, անհրաժեշտ ոռոգման ջրի քանակի, գյուղատնտեսական տարաբնույթ գործընթացների վրա, ներառյալ՝ բերքի տեղափոխումն ու պահեստավորումը: Ընդհանուր առմամբ, կլիմայի փոփոխությունն ազդում է գյուղատնտեսության ոլորտի արժեքի ստեղծման և մատակարարման շղթաների յուրաքանչյուր օղակի վրա:
Դիտարկելով այն հանգամանքը, որ գյուղատնտեսությունը Հայաստանի տնտեսության կարևոր ճյուղերից մեկն է և ունի ռազմավարական նշանակություն երկրի ՀՆԱ-ի համար՝ կլիմայի փոփոխության մարտահրավերներից գյուղատնտեսական գործընթացների ապահովագրումն ու դրանց նկատմամբ ոլորտում հարմարվողականության միջոցառումների իրականացումը, կարծում եմ, կարելի է դասել ազգային ռազմավարական առաջնահերթությունների շարքին», նշեց տիկին Ստոյկոսկան:
ՀՀ շրջակա միջավայրի փոխնախարար Իրինա Ղափլանյանը ընդգծեց ՀԱԾ ծրագրի և դրա շրջանակներում իրականացվող ուսումնասիրություններում մատնանշվող ուղենիշների, կարևորությունը կլիմայի փոփոխության մարտահրավերներին դիմակայելու և հարմարվելու գործընթացում:
«Գյուղատնտեսության ոլորտում կլիմայի փոփոխության և դրա մարտահրավերների մասին խոսելիս, մենք պետք է շարունակական կերպով խոսենք պարենային անվտանգության մասին, այսպիսով կլիմայական փոփոխությանն առնչվող կարևոր հարցերը հանրության համար առավել շոշափելի և ընկալելի դարձնելու համար: Մեր առջև ծառացած են շատ լուրջ խնդիրներ, հատկապես Հայաստանի պարագայում, որտեղ գյուղատնտեսությունը դիտարկվում է որպես թիրախային և շատ մեծ պոտենցիալ ունեցող տնտեսական ոլորտ: Այստեղ մենք շատ անելիք ունենք՝ հասկանալու, թե ինչպես ենք մենք պատշաճ և արդյունավետ կերպով, թե շրջակա միջավայրի տեսանկյունից, թե տնտեսության զարգացման տեսանկյունից, հարմարվում կլիմայի փոփոխությանը: Ինչպես գիտեք, Հայաստանն արդեն, ցավոք, արձանագրել է ջերմաստիճանի 1.3 աստիճանի բարձրացում և դրան զուգահեռ ունենք տեղումների արձանագրված 9 տոկոս նվազեցում: Այսինքն, Հայաստանն այսօր արդեն իսկ գտնվում է կլիմայական փոփոխության ճգնաժամի առջև: Եվ օր առաջ կարևոր է ՀԱԾ ծրագրի շրջանակում նախատեսվող նմանատիպ փաստաթղթերի մշակումը, որոնք դրվելու են ոչ միայն Շրջակա միջավայրի նախարարության գյուղատնտեսության ոլորտի համակարգողների առջև, այլ՝ կառավարության առջև, որովհետև գյուղատնտեսության կայունությունը և հարմարվողականությունը կարևոր են պարենային անվտանգության տեսանկյունից և այդ տեսանկյունից նաև հանդիսանում են լուրջ ռազմավարական խնդիր Հայաստանի Հանրապետության համար», իր ելույթում ասաց փոխնախարար Ղափլանյանը:
Աշխատաժողովի ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկավ նաև ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը, ով ընդգծեց ոլորտում կլիմայի փոփոխության հետևանքների նկատմամբ հարմարվողականության բարձրացման կարևորությունը և հաստատեց նախարարության հետաքրքրությունը Կլիմայի նկատմամաբ խելացի գյուղատնտեսության (Climate Smart Agrucluture) ուղղվածության ծրագրերի և մոտեցումների նկատմամբ:
«Հատկանշական է, որ ոչ մի երկիր՝ հարուստ, թե աղքատ, մեծ, թե փոքր, չի կարող խուսափել ԿՓ-ի անդառնալի հետևանքներից: Ինչպես տիկին Ղափլանյանը նշեց իր խոսքում, վտանգված է մեր բոլորի անվտանգությունը, պարենային անվտանգությունը և մեր հաջորդող սերունդների կայուն ապագան: Պետք է արձանագրել, որ մենք դեռ կարող ենք փոխել իրավիճակը, քանզի խնդիրները, որոնք առաջացել են մարդու գործունեության հետևանքով կարող են լուծվել վերջինիս ջանքերով:
Գոհունակությամբ ուզում եմ ընդգծել, որ ՀՀ գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղություններն ամփոփող 2020-ից 2030 թթ-ի ռազմավարությունը հիմնական յոթ սկզբունքների վրա է հիմնված, որոնցից մեկը հենց կլիմայի փոփոխության հարմարվողականություն, դիմադրողականություն և շրջակա միջավայրի կայունությունն է: Ըստ որի՝ պետք է իրականացնել կլիմայի փոփոխության վերաբերյալ իրազեկման, ռեսուրսների կայուն օգտագործման գործառույթներ՝ ապահովելով գյուղատնտեսության ոլորտի զարգացումը, կիրառելով ջրային և հողային ռեսուրսների կառավարման լավագույն փորձը: Թերևս սա է այն շրջադարձային կետը, որտեղ կառավարության որդեգրած ռազմավարությունը դառնում է կենսական անհրաժեշտություն», նշեց փոխնախարար Խոջոյանը:
Աշխատաժողովի ընթացքում մասնակիցների ուշադրությանը ներկայացվեցին ՀՀ գյուղատնտեսության ոլորտում կլիմայի փոփոխության մարտահրավերների ընդհանուր նկարագիրը, Կլիմայի նկատմամբ խելացի գյուղատնտեսական քաղաքականության ու գործելակերպերի միջազգային փորձը, ինչպես նաև բույսերի մշակության և անասնապահության տեսանկյունից Հայաստանում առկա կլիմայի փոփոխության ռիսկերը, խոցելիությունը, ինստիտուցիոնալ բացերը և դրանց բարելավման առաջարկները:
Միջոցառմանը մասնակցեց ոլորտի շուրջ 40 շահառու, այդ թվում` Շրջակա միջավայրի և էկոնոմիկայի նախարարությունների, պետական մարմինների, համալսարանների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Միջոցառման ընթացքում ներկայացված նյութերին կարող եք ծանոթանալ այստեղ: