Հայ
Eng
Գյուղատնտեսության և ջրային ռեսուրսների խոցելիությունն ու հարմարվողականության լուծումները կլիմայի փոփոխության համատեքստում. ՀԱԾ ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանակում կայացավ եռօրյա աշխատաժողով ոլորտի շահառուների մասնակցությամբ
18 դեկտեմբերի 2020

Գյուղատնտեսության և ջրային ռեսուրսների խոցելիությունն ու հարմարվողականության լուծումները կլիմայի փոփոխության համատեքստում. ՀԱԾ ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանակում կայացավ եռօրյա աշխատաժողով ոլորտի շահառուների մասնակցությամբ

Alt Alt
Alt Alt

Դեկտեմբերի 14-16 առցանց հարթակում  կայացավ «Հայաստանում կլիմայի փոփոխության նկատմամբ խոցելիությունը և հարմարվողականությունը գյուղատնտեսության և ջրային ռեսուրսների ոլորտներում» եռօրյա աշխատաժողովը: Միջոցառումը կազմակերպվել էր «Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում» (ՀԱԾ) ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանակում, Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն (ICARE) հիմնադրամի կողմից՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ:


ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն իր ողջույնի խոսքում ընդգծեց կլիմայի փոփոխության մարտահրավերներին միասնական դիմակայելու և հարմարվողականության միջոցառումների պլանավորման ու շարունակական իրականացման կարևորությունը և ողջունեց ՀԱԾ ծրագրի հաջող իրականացման ուղղությամբ գործադրված ջանքերը:


«Գոհունակությամբ եմ ուզում ընդգծել, որ «ՀՀ գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թթ-ի ռազմավարությունը» հիմնված է 7 սկզբունքների վրա, որոնցից մեկը հենց կլիմայի փոփոխություններին հարմարվողականություն, դիմադրողականություն և շրջակա միջավայրի կայունությունն է, ըստ որի պետք է իրականացնել կլիմայի փոփոխության իրազեկման, հարմարվողականության, մեղմման, ռեսուրսների կայուն օգտագործման գործառույթներ, ապահովել գյուղատնտեսության ոլորտի զարգացումը՝ կիրառելով ջրային և հողային ռեսուրսների կառավարման լավագույն փորձը: Թերևս, սա է այն շրջադարձային կետը, որտեղ կառավարության որդեգրած ռազմավարությունը դառնում է կենսական անհրաժեշտություն: Իսկապես, մեր առջև առկա  մարտահրավերները շատ լուրջ են և հրատապ, բայց միևնույն ժամանակ հավատացած եմ, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի օգտագործել մեր ողջ ներուժը և ապահովել շոշափելի արդյունքներ: Եթե տարիներ առաջ, խոսելով կլիմայի փոփոխության մասին, մենք փորձում էինք մարդկանց համոզել, որ մեր առջև այդ խնդիրը բավականին լուրջ է և մենք պետք է նախապես ձեռնարկենք համապատասխան միջոցառումներ, որպեսզի պատրաստ լինենք այդ փոփոխություններին և նաև հարմարվողականության քաղաքականություն կիրառենք, ապա այսօր կլիմային վերաբերող այդ փոփոխությունները շատ ակնառու են, նկատելի բոլորիս: Հետևաբար շնորհակալություն եմ հայտնում այդչափ մեծ մասնակցություն ապահովելու համար և համոզված եմ, որ նախաձեռնված ծրագիրը և այսուհետ նախաձեռնվող նմանատիպ ծրագրերն էապես նպաստելու են մեր ընդհանուր գյուղատնտեսության ռազմավարության իրականացմանը»,- նշեց փոխնախարար Խոջոյանը:


ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը մեծապես կարևորեց ծրագրի միջոցառումներին ՀՀ էկոնոմիկայի նախարարության աջակցությունն ու ակտիվ մասնակցությունը՝ հատկապես կլիմայի փոփոխության նկատմամբ գյուղատնտեսության առավել խոցելի լինելու համատեքստում: 


«Գյուղատնտեսության ոլորտը ամենախոցելին է կլիմայի փոփոխության նկատմամբ, և շատ շնորհակալություն, պարոն Խոջոյան, որ ներկա եք և կարևորել եք այս միջոցառումը: Հարմարվողականության ազգային ծրագրի մշակման և կառավարության հաստատման հաջորդիվ ծրագիրը պետք է նաև աջակցի գյուղատնտեսության ոլորտի ռազմավարության մեջ ներառված խնդիրներն ավելի մանրամասնելուն, գործիքակազմի ձևավորմանը և գործիքակազմի իրականացմանը: Մեր համայնքների մոտ 90 տոկոսը գյուղական համայնքներ են և դրանց բարեկեցությունը կախված է գյուղատնտեսական գործունեությունից ստացվող եկամտից: Կլիմայի փոփոխությունը հիմնականում բաց երկնքի տակ իրականացվող գործողությունների, մասնավորապես գյուղատնտեսության վրա ունի ավելի շատ ազդեցություն, և այն ինչ արվում է այսօր Հայաստանում գյուղատնտեսության աջակցության համար, միանշանակ կլիմայի փոփոխության գործոնը հաշվի է առնում: Կաթիլային ոռոգման համակարգերը, հակակարկտային ցանցերը, ջերմոցային տնտեսությունները կամ ավելի արդյունավետ անասնապահական գործելակերպերի մշակույթի ներմուծումը, սառանարանային տնտեսությունը իրենց բնույթով հարմարվողականության միջոցառումներ են: Կլիմայի փոփոխության կոնվենցիայի բոլոր գործիքակազմերում նշվող կարևորագույն հարմարվողականության միջոցառումներից է նաև ապահովագրական համակարգի ներմուծումը: Մեզ մոտ, ցավոք, այս գործընթացը դանդաղ է ընթանում, կան բարդություններ՝ գործիքի կարևորությունը դեռևս լիովին չի գնահատվում, բայց ինձ թվում է՝ այն տնտեսությունները, որոնք ներգրավված են այս պիլոտային փուլում, կօգտվեն այդ համակարգից և այդ համակարգը կզարգանա: Նշեմ նաև, որ այս ոլորտը կարևորվում է նաև ֆինանսական աջակցություն տրամադրելու առումով՝ կլիմայական ֆինանսական գործիքների միջոցով: ՀԱԾ ծրագրի շրջանակներում պետք է մշակվեն նաև մարզային զարգացման ծրագրեր 2 մարզերի համար, հնարավորության դեպքում մարզերի քանակը կավելացվի, որտեղ շատ կարևորվելու են այդ մարզերին պետության տրամադրած աջակցության եղանակները, ինպես նաև դիտարկվելու է միջազգային ֆինանսական կառույցներից աջակցության մեխանիզմներ ստանալու հնարավորությունը: Ճիշտ ձևակերպված քաղաքականությունը և ճիշտ ձևակերպված ներդրումային դաշտը միանշանակ կբերեն նաև ֆինանսական աջակցություն», - նշեց տիկին Հարությունյանը՝ ընդգծելով նաև կլիմայի փոփոխության համատեքստում հողային ռեսուրսների, որպես ածխածնի կուտակիչ, լիարժեք օգատգործման ու բերրիության պահպանման կարևորությունը:


Աշխատաժողովի ընթացքում  ներկայացվեցին և քննարկվեցին ՀՀ գյուղատնտեսության և ջրային ոլորտներում կլիմայի փոփոխության մարտահրավերները, խոցելիությունն ու ռիսկերը, կիրառելի հարմարվողականության միջոցառումները, ինստիտուցիոնալ բացերն ու բարելավման առաջարկները:


Միջոցառմանը մասնակցեց ոլորտի շուրջ 100 շահառու, այդ թվում` Շրջակա միջավայրի և էկոնոմիկայի նախարարությունների, Տարածքային ինքնակառավարման մարմինների, համալսարանների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:


Միջոցառման օրակարգը :


Ներկայացված նյութերը՝


ԿՓ Հայաստանում. ԿՓ նկատմամբ գյուղատնտեսության ոլորտի ռիսկերը խոցելիությունը ազդեցությունը


ԿՓ նկատմամբ ջրային ռեսուրսների ոլորտի ռիսկերը խոցելիությունը ազդեցությունը


ԿՓ հարմարվողականությանն ուղղված միջոցառումները գյուղատնտեսության ոլորտում


ԿՓ օրենսդրական և ինստիտուցիոնալ ասպեկտները  գյուղատնտեսության ոլորտում


ԿՓ հարմարվողականությանն ուղղված միջոցառումները ջրային ռեսուրսների ոլորտում


ԿՓ օրենսդրական և ինստիտուցիոնալ ասպեկտները ջրային ռեսուրսների ոլորտում


 



Կիսվել