«Կլիմայի փոփոխության գենդերային և սոցիալական ազդեցությունների մեղմմանն ուղղված շրջանակային քննարկում» խորագրով աշխատաժողովին ներկայացվել և շահառուների հետ քննարկվել է «Կլիմայի փոփոխության գենդերային և սոցիալական ազդեցությունների մեղմանն ուղղված 2023-2025 թվականների ծրագիրը և ծրագրի իրականացման միջոցառումների ցանկը» նախագիծը: Նախագիծը մշակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից՝ «Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում» (ՀԱԾ) ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի աջակցությամբ:
Աշխատանքի և սոցիալական հարցերի և Շրջակա միջավայրի նախարարությունների ու «Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում» ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի համատեղ ջանքերով կազմակերպված աշխատաժողովը նախատեսված էր ՀՀ փոխվարչապետին կից Կանանց հարցերով խորհրդի աշխատանքային խմբի անդամների, Կլիմայի փոփոխության հարցերով միջգերատեսչական համակարգող խորհրդին կից աշխատանքային խմբերի անդամների, ինչպես նաև շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների մասնագետների համար և նպատակ ուներ քննարկել կլիմայի փոփոխության գենդերային ու սոցիալական ազդեցությունների նվազեցման ու կանխարգելման հնարավորությունները, ինչպես նաև հավաքագրել նախագծի վերաբերյալ շահառուների առաջարկներն ու դիրքորոշումը:
Աշխատաժողովին բացման խոսքով հանդես եկան ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը, Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Հավասար հնարավորությունների ապահովման վարչության պետ Քրիստինա Հովհաննիսյանը, ովքեր ընդգծեցին կլիմայի փոփոխության գենդերային ու սոցիալական ազդեցությունների գնահատման և դրանց մեղմմանն ուղղված միջոցառումների հստակեցման ու իրականացման կարևորությունը:
Միջոցառմանը մասնակցեց Աշխատանքի և սոցիալական հարցերի, Շրջակա միջավայրի, Արտաքին գործերի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Էկոնոմիկայի, Պաշտպանության, Առողջապահության, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների, Վարչապետի աշխատակազմի, Փոխվարչապետ Հ. Մաթևոսյանի աշխատակազմի, Վիճակագրական կոմիտեի, Քաղաքաշինության կոմիտեի, Ոստիկանության, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, ՄԱԶԾ, հասարակական կազմակերպությունների 34 ներկայացուցիչ:
Միջոցառման օրակարգ
Ներկայացված նյութեր
«Կլիմայի փոփոխության գենդերային և սոցիալական ազդեցությունների մեղմանն ուղղված 2023-2025 թվականների ծրագիրը և ծրագրի իրականացման միջոցառումների ցանկը» նախագիծ