Ապրիլի 30-ին ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Կլիմայական խոստում Հայաստան. խոստումից ազդեցություն» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ «Երկարաժամկետ ցածր արտանետումներով զարգացման ռազմավարություն. իրականացման հեռանկարներ և հնարավորություններ» խորագրով աշխատաժողովը:
Աշխատաժողովի նպատակն էր ազգային շահագրգիռ կողմերին և զարգացման գործընկերներին ներկայացնել Հայաստանի՝ վերջերս ընդունված Ցածր արտանետումներով զարգացման ռազմավարությունը (ԵԺ-ՑԱԶՌ), ծրագրի շրջանակներում ԵԺ-ՑԱԶՌ-ի իրականացման սոցիալ-տնտեսական և բնապահպանական ազդեցությունների գնահատումների նախնական արդյունքները, ինչպես նաև ներդրումների և տեխնոլոգիաների փոխանցման հնարավորությունները:
Միջոցառման մասնակիցներին ողջունեց Հայաստանում ՄԱԶԾ Մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկին՝ ընդգծելով ռազմավարության հիմնարար դերը երկրի կլիմայական օրակարգում։
«ԵԺ-ՑԱԶՌ-ի արդյունավետ իրականացումը հիմնված է ճիշտ ֆինանսական, ինստիտուցիոնալ և տեխնոլոգիական բաղադրիչների վրա: Սա ապահովելով՝ կբարելավվի տեղական համայնքների կենսապայմանները տնտեսական աճի, սոցիալական բարեկեցության, շրջակա միջավայրի պահպանության և անվտանգության բարելավման տեսանկյունից»,- նշեց պարոն Սոկուլսկին։
«Հայաստանը Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում կլիմայի փոփոխության նկատմամբ առավել խոցելի երկրներից է։ Այս իրողությունը մեծացնում է արդյունավետ և նորարարական արձագանքման հրատապությունը: Այս առումով, Հայաստանի ԵԺ-ՑԱԶՌ-ը ապացույցն է կլիմայական կառավարման ոլորտում երկրի առաջատարության մասին: Կլիմայական խոստում ծրագրի շրջանակներում ԱՍԳ գործընկերությունը ոչ միայն նախատեսում է զուտ զրոյական արտանետումներով ապագա, այլև Հայաստանին տրամադրում է կարևոր գործիքներ՝ իր երկարաժամկետ ռազմավարությունն իրականացնելու համար»,- իր բացման խոսքում ասաց Վիկտորիա Յաշկինան՝ Կլիմայի փոփոխության տարածաշրջանային մասնագետ, Կլիմայական խոստում ծրագրի երկրի համակարգողը:
Շրջակա միջավայրի նախարարության անունից Կլիմայական քաղաքականության բաժնից Մարինա Սարիբեկյանը բարձր գնահատեց Հայաստանում ՄԱԶԾ գրասենյակի հետ շարունակական արդյունավետ համագործակցությունը՝ նշելով, «ԵԺ ՑԱԶՌ-ի ընդունումը կապահովի երկարաժամկետ օրակարգ կլիմայական հանձնառությունների իրականացման համար, ներդրողների և տնտեսության ոլորտների համար կտրամադրի վաղաժամ և կանխատեսելի ազդակներ իրենց երկարաժամկետ գործողությունները պլանավորելիս, կներդաշնակեցնի զարգացման նպատակները կլիմայական գործողությունների հետ և կապահովի համահունչությունը տեխնոլոգիական առաջընթացի հետ»:
Պարոն Պուտերա Զենատան՝ ԱՍԳ գործընկերության տարածաշրջանային ծրագրի ղեկավարը, մանրամասներ ներկայացրեց ԱՍԳ գործընկերության առաքելության, աջակցության մեխանիզմների, ԱՍԳ-ի և ԵԺ-ՑԱԶՌ-ի բարելավման և համապատասխանեցման թեմատիկ աջակցության, ինչպես նաև Հայաստանում իրականացվող գործողությունների մասին:
Փարիզյան համաձայնագրի ներքո կլիմայական ազգային քաղաքականության շրջանակի, մասնավորապես՝ երկրի միջազգային պարտավորությունների, ԵԺ-ՑԱԶՌ-ի շրջանակի, նպատակների ու թիրախների, դրա իրականացման սցենարների, ինչպես նաև էներգետիկայի, գյուղատնտեսության, անտառային և հողային ոլորտների հիմնական գործողությունների մասին խոսեց Կլիմայական խոստում ծրագրից Արտակ Բաղդասարյանը:
Հաջորդիվ Հայաստանում ՄԱԶԾ գրասենյակի կապալառու ընկերությունները հանդես եկան զեկույցներով՝ խոսելով ԵԺ-ՑԱԶՌ-ի իրականացման սոցիալական, տնտեսական և բնապահպանական ազդեցություների գնահատման և Հայաստանում տեխնոլոգիաների փոխանցման ծրագրերի և ներդրումային հնարավորությունների մասին: