Հոկտեմբերի 31-ին, ՄԱԶԾ «Կլիմայական խոստում Հայաստան. խոստումից ազդեցություն» ծրագրի շրջանակում կայացավ «Փարիզյան համաձայնագրի ներքո Հայաստանի Հանրապետության 3-րդ Ազգային մակարդակով սահմանված հանձնառությունների (ԱՍՀ 3․0) գենդերազգայուն և սոցիալապես ներառական չափանիշների քննարկում» աշխատաժողովը։
Միջոցառումը կազմակերպվել էր Ձորաղբյուրի Կանաչ ուսուցման կենտրոնում՝ համախմբելով գյուղատնտեսության ոլորտի փորձագետներին և դերակատարներին։ Աշխատաժողովի նպատակն էր ներկայացնել ծրագրի շրջանակում իրականացված «Բարելավելով ԱՍՀ 3․0 գենդերազգայուն և սոցիալապես ներառական չափանիշները» ուսումնասիրության արդյունքները և քննարկել դրանք գյուղատնտեսության ոլորտի շահառուների հետ։ Քննարկումների ընթացքում մասնակիցներն ընդգծեցին, որ Հայաստանի ԱՍՀ 3.0-ը պետք է լինի ոչ միայն հավակնոտ իր կլիմայական նպատակների հարցում, այլև արդարացի՝ խթանելով կանանց, երիտասարդների, տեղական համայնքների և սոցիալապես խոցելի խմբերի իմաստալից մասնակցությունը կլիմայական որոշումների կայացման և իրականացման գործում:
Միջոցառման մասնակիցները հնարավորություն ստացան նաև ծանոթանալ Կանաչ ուսուցման կենտրոնում գործածվող կլիմայի փոփոխության հարմարվողականության միջոցառումներին և կայուն գյուղատնտեսության գործելակերպերին, դրանց կիրառման առավելություններին ու առանձնահատկություններին։
Առաջիկայում նախատեսվում է նմանատիպ քննարկումներ կազմակերպել նաև էներգետիկայի և զբոսաշրջության ոլորտների շահառուների համար՝ բարձրաձայնված ոլորտային կարիքների և դիտարկումների հիման վրա այդ ոլորտների համար առաջարկվող չափանիշները ևս վերանայելու և ճշգրտելու համար։
«Բարելավելով ԱՍՀ 3․0 գենդերազգայուն և սոցիալապես ներառական չափանիշները» ուսումնասիրությունը ՄԱԶԾ ծրագրի պատվիրակմամբ իրականացնում է «Կանայք կլիմայում և էներգետիկայում» ՀԿ-ն։