Նոյեմբերի 11-ին կայացած աշխատաժողովի ընթացքում Էներգետիկայի ոլորտի շահառուներին հետ քննարկվել են ՄԱԶԾ «Կլիմայական խոստում Հայաստան. խոստումից ազդեցություն» ծրագրի շրջանակում իրականացված «Բարելավելով ՀՀ Ազգային մակարդակով սահմանված հանձնառությունների (ԱՍՀ3․0) գենդերազգայուն և սոցիալապես ներառական չափանիշները» ուսումնասիրության արդյունքները և էներգետիկայի, ջրային ռեսուրսների, գյուղատնտեսության, զբոսաշրջության ոլորտների համար առաջարկվող գենդերային հավասարության և սոցիալական ներառականության ոլորտային և միջոլորտային թիրախները։
«ՄԱԶԾ-ի կողմից իրականացվող Կլիմայական խոստում ծրագրի աջակցությամբ մշակվել են Հայաստանի Ազգային մակարդակով սահմանված հանձնառությունները (ԱՍՀ 3․0) և դրանց Իրականացման պլանը, որտեղ հատուկ ուշադրություն է դարձվել գենդերազգայուն և սոցիալապես ներառական գործողությունների ընդգրկմանը։ Այս գործընթացը նպատակ ունի ապահովելու, որ կլիմայական քաղաքականությունը չսահմանափակվի միայն արտանետումների կրճատմամբ կամ հարմարվողականության տեխնիկական միջոցառումներով, այլ ընդգրկի նաև հավասարության, արդարության և սոցիալական ներգրավման սկզբունքները՝ կանանց, երիտասարդների և խոցելի խմբերի ակտիվ մասնակցությամբ»,- մասնակիցներին ողջունելիս նշել է ՄԱԶԾ «Կլիմա, շրջակա միջավայր, դիմակայունություն» ծրագրերի ղեկավար Հովհաննես Ղազարյանը։
Աշխատաժողովի ընթացքում քննարկվել են նաև GIZ աջակցությամբ իրականացվող Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ազգային ծրագրի (NESREP 2022-2030թթ․) 2026-2030թթ․-ի համար 4-րդ Էներգախնայողության Ազգային գործողությունների պլանում (NEEAP 4) ներառված գենդերազգայուն և սոցիալապես ներառական էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի միջոցառումները։
Միջոցառմանը մասնակցել է ՀՀ շրջակա միջավայրի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների, ՔՀԿ կոալիցիայի, ոլորտի փորձագետների, մասնավոր սեկտորի, հասարակական և միջազգային կազմակերպությունների ավելի քան 35 ներկայացուցիչ։
Միջոցառման օրակարգը
Ներկայացված նյութերը