Սեպտեմբերի 19-ին Ալավերդի քաղաքում կայացավ «Կանաչ Լոռի» խորագրով երիտասարդական համաժողովը, որը կազմակերպվել էր ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից, Շվեդիայի կառավարության (Sida) ֆինանսավորմամբ իրականացվող «Համայնքի կայունության ամրապնդում էներգաարդյունավետության և ցածր արտանետումների զարգացման միջոցով» ծրագրի շրջանակում։ Միջոցառումն իրականացվել էր «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի, Ալավերդու պետական արհեստագործական ուսումնարանի և Ալավերդու համայնքի ղեկավարին առընթեր երիտասարդական խորհրդի համագործակցությամբ։
Համաժողովն անցկացվում էր ԵՄ կայուն էներգիայի շաբաթ նախաձեռնության շրջանակում և նվիրված էր ապագայի էներգետիկ անվտանգությանը՝ խրախուսելով վերականգնվող աղբյուրների կիրառությունը, էներգաարդյունավետությունը, միջազգային համագործակցությունը ի նպաստ կանաչ վերափոխման։
«Այս նախաձեռնությունը ոչ միայն հրաշալի հարթակ է մեր մարզի երիտասարդների համար՝ քննարկելու, սովորելու, բարձրաձայնելու կլիմայի և էներգետիկ անվտանգության մարտահրավերների մասին, այլև իրական հնարավորություն է՝ դառնալու այդ խնդիրների լուծման մասնակիցները։ Մենք կարևորում ենք ոչ միայն համայնքային մակարդակում իրականացվող նախաձեռնությունները, այլև նման կրթական և իրազեկ ծրագրերը, որոնք ձևավորում են պատասխանատու և գիտակից սերունդ» միջոցառման ընթացքում նշեց Ալավերդի համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը։
Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ նաև «Կանաչ Լոռի» երիտասարդական մրցույթի եզրափակիչ փուլը։ Մրցույթն իրականացվել էր օգոստոսի 9–31-ն ընկած ժամանակահատվածում՝ ներգրավվելով Լոռու մարզի տարբեր համայնքների երիտասարդներին։
Մրցույթի արդյունքներով․
ՄԱԶԾ փորձագետներն ու ոլորտի մասնագետները երիտասարդներին ներկայացրեցին նաև աշխարհում և Հայաստանում կլիմայի փոփոխության միտումները, ազդեցությունները, կլիմայի փոփոխության մեղմման միջոցառումները, Լոռու մարզում և Ալավերդի համայնքում իրականացվող կլիմայական նախաձեռնություններն ու ընթացիկ ծրագրերը։
Միջոցառմանը մասնակցեց Լոռու մարզի շուրջ 50 երիտասարդ։