Շրջակա միջավայրի համաշխարհային օրվա առթիվ հունիսի 6-ին «Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում» (ՀԱԾ) ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանակում դպրոցականների համար կազմակերպվել էր տոնական միջոցառում:
Ձորաղբյուրի «Կանաչ ուսուցման կենտրոնում» կազմակերպված միջոցառումը նպատակ ուներ բարձրացնել դպրոցականների իրազեկվածությունը կլիմայի փոփոխությանն առնչվող թեմաների շուրջ:
Ներկայացված նյութերի ու առցանց վիկտորինաների միջոցով երիտասարդները ծանոթացան աշխարհում և Հայաստանում կլիմայի փոփոխության միտումներին, ռիսկերին և ազդեցություններին, ինչպես նաև կիրառվող մեղմման և հարմարվողականության միջոցառումներին: Կենտրոնում իրականացված շրջայցի ընթացքում մասնակիցները պատկերացում ստանացան մասնավորապես գյուղատնտեսության ոլորտի կայուն զարգացման համար հարմարվողականության միջոցառումների կիրառման անհրաժեշտության վերաբերյալ՝ ծանոթանալով կենտրոնում գործածվող հարմարվողականության միջոցառումներին և գործելակերպերին, դրանց կիրառման առավելություններին ու առանձնահատկություններին:
Միջոցառմանը մասնակցեց Երևանի 5 դպրոցի 50 աշակերտ և 5 ուսուցիչ:
Օրվա երկրորդ կեսին տոնական միջոցառումները շարունակվել են. «ԵՄ-ն կլիմայի համար» ծրագրի շրջանակում երիտասարդների համար Երևանի բուսաբանական այգում կազմակերպվել են շրջայցեր և կրթական տեսանյութերի դիտում: