Այսօր մեկնարկեց «Շինարարական արդյունաբերության գլոբալ մատակարարման շղթայի եվ դրա արտադրանքի էներգաարդյունավետության բարելավում հանուն բարձր արդյունավետությամբ շենքերի կառուցման» ծրագրի նախապատրաստական փուլի մեկնարկային աշխատաժողովը հիբրիդային ձևաչափով։ Ծրագիրը ֆինանսավորվում է Գերմանիայի Կլիմայի միջազգային նախաձեռնության (IKI) կողմից։
Ծրագիրը նպատակաուղղված է ամուր հիմքեր ձևավորել ապացուցահեն լավագույն փորձի մեթոդների և տեխնիկական կարողությունների զարգացման համար, որոնց կիրառությամբ ծրագրի շահառու երկրները կկարողանան բարելավել շենքերի էներգաարդյունավետությունը և նվազեցնել կուտակված ածխածինն ու էներգիան՝ ի նպաստ երկրների զարգացմանը և Ազգային մակարդակով սահմանված գործողությունների թիրախների իրականացմանը։
Միավորված ազգերի կազմակերպության եվրոպական տնտեսական հանձնաժողովի հետ միասին, որպես ծրագրի իրականացման հիմնական գործակալություն, մեկնարկային աշխատաժողովին մասնակցում էին բարձր մակարդակի ներկայացուցիչներ 7 շահառու երկրներից՝ Հայաստանից, Վրաստանից, Ղրղզստանից, Մոլդովայի Հանրապետությունից, Տաջիկստանից, Ուկրաինայից և Ուզբեկստանից, ինչպես նաև` ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովից (ՄԱԿԵՏՀ), ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրից (UNEP), ՀՀ քաղաքաշինության կոմիտեից, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից, էկոնոմիկայի նախարարությունից, Վրաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրից, Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրից, Գերմանիայի զարգացման գործակալությունից (GIZ), Համաշխարհային բանկից, Երևանի քաղաքապետարանից, անհատ և Հայաստանում ՄԱԶԾ գրասենյակի ոլորտի փորձագետներ, մասնակիցներ մասնավոր հատվածից, գիտական շրջանակից և բարձրագույն ուսումնական հաստատություններից:
Քաղաքաշինության կոմիտեի առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանը ողջունեց աշխատաժողովի մասնակիցներին՝ ընդգծելով էներգաարդյունավետության կարևոր դերը շինարարության ոլորտի (շենքեր և շինարարական նյութերի արտադրություն)՝ բնապահպանական, ենթակառուցվածքային, տնտեսական և էներգախնայողության առումներով և վերահաստատեց կոմիտեի անխախտ հանձնառությունը շարունակելու համագործակցությունը Հայաստանում ՄԱԶԾ գրասենյակի, ոլորտային նախարարությունների՝ շինարարության ոլորտի (շենքերի և շինարարական նյութերի արտադրության) մատակարարման շղթայի էներգաարդյունավետության հետագա բարելավման համար՝ միտված շենքերի ամբողջական կենսակայունության ամրապնդմանը:
Կարևորելով ծրագրի արդիականությունը ու հավակնոտությունը` ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի Կայուն էներգիայի բաժնի տնօրեն պարոն Դարիո Լիգուտին շնորհակալություն հայտնեց Հայաստանի կառավարությանն այս միջոցառումը հյուրընկալելու և ՄԱԶԾ-ի հայաստանյան գործընկերներին միջոցառումը կազմակերպելու համար և հույս հայտնեց ծավալելու արդյունավետ քննարկում և ձևավորել սերտ համագործակցություն շահառու երկրների միջև՝ նպատակ ունենալով զարգացնել իրենց համապատասխան պետական և մասնավոր հատվածի կարողությունները ապահովելու ծրագրի գործողությունների երկարաժամկետ տեղայնացումը և ընդլայնումը:
«Շենքերի կողմից սպառվում է էներգիայի 40 տոկոսը՝ արտանետելով մեծ քանակությամբ ածխածնի երկօքսիդ և այլ ջերմոցային գազեր: Վերջերս մենք հրապարակեցինք զեկույց Փարիզյան համաձայնագրի նպատակների և ՄԱԿ-ի ԵՏՀ տարածաշրջանի Կայուն զարգացման 2030 օրակարգի առաջընթացի վերաբերյալ՝ հատուկ ուշադրություն դարձնելով Կայուն զարգացման նպատակ 7-ին՝ այն է՝ մատչելի և մաքուր էներգիա, մասնավորապես այս ուղղությամբ իրականացված գործողությունների վերաբերյալ։ Կա էական առաջընթաց, բայց ցավոք սրտի, այն դանդաղել է, և մենք ետ ենք մնում, և, հետևաբար, այս ծրագիրը շատ կարևոր է աջակցելու, մեր տնտեսական համակարգերի ապաածխածնացման արագացման համար: Ուստի, մենք պետք է ձեռք ձեռքի տված շարժենք առաջ սահմանափակելու հիմնական արտանետող ոլորտ հանդիսացող շինարարական ենթակառուցվածքների արտանետումները:
Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նատիա Նացվլիշվիլին ողջունեց նման կարևոր ծրագրի նախապատրաստական փուլի մեկնարկը, որն էական նշանակություն ունի էներգախնայողության և էներգաարդյունավետության ոլորտում տեղական կարիքների համար:
«Էներգաարդյունավետության միջոցառումները հրամայական են, որպեսզի մաքուր և կանաչ տնտեսական զարգացումը ուղեկցվի արդարությամբ և կայունությամբ: Սա ենթադրում է շրջակա միջավայրի պաշտպանություն, էներգաարդյունավետություն և բնական ռեսուրսների պահպանում։ Այսպիսով, մենք պետք է լրջորեն և սերտորեն աշխատենք այս ուղղությամբ, հատկապես շինարարության ոլորտում, և ՄԱԶԾ-ն Հայաստանում լայնորեն աշխատում է դրա վրա մի շարք ծրագրերի միջոցով: Մեր հետազոտությունները ցույց են տալիս, որ շենքերում էներգաարդյունավետությունը կարող է նվազեցնել էներգիայի սպառումը մինչև 60 տոկոսով, և այս փաստերը հիմնված են ապացույցների վրա: Բնակելի շենքերի մեկուսացումը նաև կյանքի ավելի լավ որակ է բերում այնտեղ ապրող մարդկանց համար: Հայաստանի կառավարության հետ մեր համագործակցության շրջանակում մենք հասել ենք առանցքային արդյունքների՝ Շրջակա միջավայրի նախարարության, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Քաղաքաշինության կոմիտեի, Երևանի քաղաքապետարանի հետ սերտ համագործակցության և բոլոր կողմերի արդյունավետ ներգրավվածության շնորհիվ: Հետևաբար, մենք միասին ավելի ուժեղ ենք, ուստի եկե՛նք աշխատենք հանուն ապագա տպավորիչ արդյունքների համար:
Հետեվեց Գերմանիայի Տնտեսական հարցերի և կլիմայի գործողությունների դաշնային նախարարության՝ Կլիմայի միջազգային գործողությունների և էներգետիկ վերափոխման տնօրինության՝ Կլիմայի և էներգիայի միջազգային համագործակցության ռազմավարական հարցերի բաժնի ղեկավար դոկտոր Լուց Մորգենշթերնի ողջույնի խոսքը, որն ուղղված էր ծրագրի նպատակների, հավակնոտ թիրախների և սպասվելիք արդյունքներըի կարևորմանը։
Այնուհետև ծրագրի նախապատմությունը, նպատակները և ցանկալի արդյունքները, հնարավոր ազդեցությունը ներկայացրեց պարոն Իգոր Լիտվինյուկը, ՄԱԿԵՏՀ-ի Էներգաարդյունավետության ծրագրի ղեկավարը։
Հաջորդեց շահառու երկրների կողմից էներգաարդյունավետության միջոցառումների վերաբերյալ իրենց տեղական փորձի ու ազգային պայմանների ու ընթացիկ կարգավիճակների ներկայացումը՝ ուշադրություն հրավիրելով ընթացիկ կարիքների գնահատականին և արտահայտելով ծրագրից իրենց ակնկալիքները:
Սեմինարի երկրորդ հատվածը նվիրված էր ծրագրի կառավարմանն ու մենեջմենթին վերաբերող հարցերի քննարկմանը, մասնավորապես՝ շահառու երկրների դերերին և պարտականություններին, ծրագրի հաղորդակցման ուղիներին և տեղեկատվության փոխանակմանը, բյուջեի հատկացումներին, ռիսկերի կառավարմանը և ծրագրի արդյունավետության գնահատմանը:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց քննարկման առանցքային կետերի շուրջ հետագա քայլերի վերաբերյալ։ Աշխատաժողովի ամփոփմանը ներկայացվեցին շահառու երկրների ներկայացուցիչներին հուզող հարցերն ու մտահոգությունները, հիմնական առաջարկությունները, հետագա գործողությունների ժամանակացույցը և հաջորդ քայլերի վերաբերյալ տեղեկատվությունը։
Միջոցառման ՕՐԱԿԱՐԳԸ և ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՆՅՈՒԹԵՐԸ կարելի է գտնել ԱՅՍՏԵՂ