2024թ․ ապրիլի 5-ին փորձի փոխանակման նպատակով Ալավերդու պետական արհեստագործական ուսումնարանում (ԱՊԱՈւ) հյուրընկալվել էին Վանաձորի Ս. Թևոսյանի անվան պոլիտեխնիկական քոլեջի տնօրեն Տաթևիկ Փնջոյանը և քոլեջի դասախոսները։
Երկու ուսումնական հաստատություններում էլ դասավանդում են «Վերականգնվող Էներգիայի էներգետիկ կայանների մոնտաժում, նորոգում և սպասարկում» առարկան։ Վանաձորի քոլեջում առարկան դասավանդում են արդեն 2-րդ տարին, 9-ամյա բազայի հիման վրա։
Ալավերդու պետական արհեստագործական ուսումնարանում, որպես հիմնական առարկա, դասավանդումը կսկվի այս ուսումնական տարվանից։ Սակայն կարճաժամկետ ուսուցման ծրագրով արդեն երկու խումբ վերապատրաստվել է։
Ալավերդու պետական արհեստագործական ուսումնարանում կարճաժամկետ ուսումնական ծրագիրը ներդրվել է ՄԱԶԾ-ի կողմից, Շվեդական միջազգային զարգացման և համագործակցության գործակալության (Sida) ֆինանսավորմամբ։ Էներգաարդյունավետությանը միտված՝ «Համայնքի կայունության ամրապնդում էներգաարդյունավետության և ցածր արտանետումներով զարգացման միջոցով» ծրագրի բաղադրիչներից մեկն էլ կրթականն է, որը ևս հաջողությամբ իրականացվում է։
Կրթական հաստատությունների դասախոսները փոխանակեցին իրենց դասավանդման մեթոդները և փորձը։
Ալավերդու արհեստագործական ուսումնարանի տնօրեն Անի Վարոսյանի խոսքով՝ փոխայցելությունները երկուստեք կարևոր են ու հետաքրքիր։
Հանդիպման ընթացքում ՄԱԶԾ-ՇԶԳ ծրագրի ներկայացուցիչ Արեգա Մարտիրոսյանը ներկայացրեց «Համայնքի կայունության ամրապնդում էներգաարդյունավետության և ցածր արտանետումներով զարգացման միջոցով» ծրագրի հիմնական ուղղությունները և արդյունքները։ «Ծրագիրը այս պահին շատ հաջողություններ ունի: Գրանցած հաջողություններից մեկն էլ Ալավերդու արհեստագործական ուսումնարանի կարճաժամկետ ծրագիրն է, որի արդյունքում վերապատրաստված մասնակիցներից 3-ը դասընթացի ավարտից հետո աշխատանքի են անցել արևային կայանների տեղադրմամբ զբաղվող «ԷկոՎիլ» ընկերությունում», - ասաց Արեգա Մարտիրոսյանը։
Հանդիպմանը մասնակցեց նաև ԷկոՎիլ ընկերության մարզային տնօրեն Հովհաննես Դանիելյանը, ով մասնավոր սեկտորի կողմից կարևորեց կրթական ծրագրերի կարևորությունը, և որակյալ մասնագետների առկա պահանարկըը աշխատաշուկայում։
Ալավերդու պետական արհեստագործական ուսումնարանի ուսումնական ծրագրի մշակման և դասախոսների վերապատրաստման պատասխանատու փորձագետ Խաչիկ Սահակյանը նշեց, որ ոլորտն արագ զարգանում է, մասնագետների պահանջարկի ապահովման համար տեսական դասընթացները շատ կարևոր են։
Հանդիպման ավարտին Խաչիկ Սահակյանը Ալավերդու պետական արհեստագործական ուսումնարանի «Վերականգնվող էներգիայի, էներգետիկ կայանների մոնտաժում, նորոգում, սպասարկում և էներգաարդյունավետություն» վերապատրաստման դասընթացն ավարտած 6 դասախոսներին հանձնեց հավաստագրեր։