Հայ
Eng
ՄԱԶԾ-ԳԷՀ CBIT ծրագրի շրջանակում ներկայացվել և քննարկվել է կլիմայի փոփոխության հարմարվողականության և մեղմման քաղաքականությունների և միջոցառումների ՉՀՀ համակարգը
22 ապրիլի 2023

ՄԱԶԾ-ԳԷՀ CBIT ծրագրի շրջանակում ներկայացվել և քննարկվել է կլիմայի փոփոխության հարմարվողականության և մեղմման քաղաքականությունների և միջոցառումների ՉՀՀ համակարգը

Alt
AltAltAltAlt

Ապրիլի 21-ին «Փարիզի համաձայնագրի ներքո Հայաստանի թափանցիկության ազգային շրջանակի կառուցում» (CBIT) ՄԱԶԾ-ԳԷՀ ծրագրի շրջանակում կայացավ կլիմայի փոփոխության հարմարվողականության և մեղմման քաղաքականությունների և միջոցառումների չափումների, հաշվետվայնության և հավաստագրման (ՉՀՀ) համակարգի վավերացման աշխատաժողովը:

 

Աշխատաժողովի ընթացքում ներկայացվեցին և շահառուների հետ քննարկվեցին մեղմման քաղաքականության և միջոցառումների վերաբերյալ տեղեկատվության շարունակական հավաքագրման մեթոդաբանությունը, իրավական/կարգավորիչ առաջարկությունները և առաջարկվող ինստիտուցիոնալ շրջանակը, ինչպես նաև կլիմայի փոփոխության հարմարվողականության մշտադիտարկման և գնահատման  շրջանակն ու դրա գործառնականացումը, ներառյալ՝ գյուղատնտեսության և ջրային ռեսուրսների ոլորտների համար առաջարկվող հարմարվողականության ցուցիչները: Աշխատանքներն իրականացվել էին CBIT ծրագրի կապալառուներ «Գաուսս» միջազգային կազմակերպության և «Սիվիտտա ԷյԷմ» ընկերության կողմից:

 

Միջոցառման ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը և Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկին:

 

«Այսօր ավելի ու ավելի ենք զգում կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության գործողությունների իրականացման կարևորությունը: Ընդ որում, եթե ինչ-որ ժամանակ առաջ մենք կարող էինք դրանցից որևէ մեկը առավել կարևորել, ապա այսօր արդեն բարդ է գտնել այն եզրերը, որոնք թույլ են տալիս որևէ մի ուղղությունն առավել առաջնային համարել: Պատահական չէ, որ որպես թիրախային ընտրվել են ջրային ռեսուրսները և նաև դրանց հետ կապված առաջարկվող ցուցիչները, որովհետև մենք այսօր կանգնած ենք ջրային հաշվեկռի՝ պահանջարկի և առաջարկի կարևորագույն խնդրի լուծման առջև, քանի որ իրականացնել ջրային ռեսուրսների կառավարում առանց բազային ցուցանիշների հնարավոր և նպատակային չէ», -նշեց Գայանե Գաբրիելյանը՝ հավելելով, որ ընթացքում է Կլիմայի փոփոխության միջգերատեսչական համակարգման խորհուրդի երրորդ նիստի օրակարգի պատրաստման գործընթացը, որի վերջնականացման համար ակնկալում է ներկա գերատեսչությունների մասնակցությունն ու առաջարկները:

 

Մեղմման քաղաքականության և միջոցառումների, մասնավորապես՝ ջերմոցային գազերի արտանետումների կրճատման վերաբերյալ տվյալների հավաքագրումը կարևոր է Փարիզի համաձայնագրով Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման համար, մինչդեռ հարմարվողականության քաղաքականության և միջոցառումների արդյունավետության մշտադիտարկումն ու արդյունավետ գնահատումը կարևոր է կլիմայի փոփոխության ազդեցությունների նկատմամբ երկրի դիմադրողականության բաձրացման  և մի շարք կայուն զարգացման նպատականերին հասնելու առումով:

 

«Հայաստանը, որպես Փարիզի համաձայնագիրը ստորագրած երկիր, պարտավորություն է ստանձնել պարբերաբար տեղեկատվություն տրամադրել Ազգային մակարդակով սահմանաված գործողություններում սահմանված ջերմոցային գազերի արտանետումների նվազեցման թիրախային նպատակի իրականացման ուղղությամբ առաջընթացի վերաբերյալ: Բացի այդ Հայաստանը պարտավորվել է հաշվետովություն ներկայացնել հարմարվողականության գործողությունների, ինչպես նաև կլիմայի ֆինանսավորման ուղղությամբ երկրի կողմից ստացվող աջակցության մասով: Սակայն, իհարկե, ինչպես նշեց նախարարի տեղակալ տիկին Գաբրիելյանը , կառավարել հնարավոր է միայն այն, ինչ կարող ենք չափել և գնահատել: Այս առումով շատ կարևոր է համախմբել, մշակել, վերլուծել և պահպանել հարմարվողականության և մեղմման քաղաքականությունների ու միջոցառումների վերաբերյալ համապատասխան տեղեկատվությունը, բոլոր մակարդակներում արդյունավետ պլանավորման, քաղաքականության մշակման և որոշումների կայացման գործընթացների ապահովման համար»,- իր ելույթում նշեց Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկին:

 

Միջոցառմանը ներկա գտնվեց և առցանց մասնակցեց Շրջակա միջավայրի, Էկոնոմիկայի,  Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Արտակարգ իրավիճակների, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Առողջապահության և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունների, Կադաստրի կոմիտեի, Վիճակագրության կոմիտեի, ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի, Հանրային ծառայությունները կարգավորող հանջնաժողովի, գիտական հաստատությունների,  «Գաուսս» միջազգային խորհրդատ­վական ընկերությունների, «Սիվիտտա ԷյԷմ» ընկերության և ՄԱԶԾ ավելի քան 65 ներկայացուցիչ:

 

Միջոցառման օրակարգ և ներկայացված նյութերը հասանելի են այստեղ:

 


Կիսվել