Մարտի 6-ին տեղի ունեցավ սելավների ռիսկի կառավարման խնդիրներին նվիրված միջգերատեսչական աշխատանքային խմբի անդրանիկ հանդիպումը: Արտակարգ իրավիճակների, Շրջակա միջավայրի, Էկոնոմիկայի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների և ՄԱԶԾ ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խմբի կազմավորման նպատակը երկրում սելավների ռիսկի նվազեցման, պատրաստվածության ապահովման, պատշաճ արձագանքման և հետրևանքների արդյունավետ վերացման համար անհրաժեշտ միջոցառումների հստակեցումն ու կանոնակարգումն է: Աշխատանքային խումբը ձևավորվել է «Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում» ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի նախաձեռնությամբ և համակարգվում է Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից:
Սելավները Հայաստանում դասվում են առավել աղետալի երևույթների դասին և մեծ վնաս են հասցնում բնակչությանը, բնակավայրերին, կառուցվածքներին, հաղորդակցուղիներին և գյուղատնտեսությանը։ Ըստ կառավարության հրապարակված տվյալների՝ Հայաստանի ընդհանուր տարածքի մոտ 30 տոկոսը գտնվում է սելավների ռիսկի ներքո: Բնակչությանը և սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքներին սելավների պատճառած նյութական վնասները կազմում են տարեկան շուրջ 2,0-2,2 մլրդ դրամ:
Սելավների տարեգրությունն ու տնտեսությանը պատճառած վնասները հաշվի առնելով՝ դրանց ռիսկերի նվազեցումն ու արձագանքման ընթացակարգերի հստակեցումն առաջնային հիմնախնդիրների շարքում են՝ հատկապես կլիմայի փոփոխությամբ պայմանավորված հիդրո-օդերևույթաբանական վտանգավոր երևույթների ինտենսիվության և հաճախականության աճի պայմաններում:
Հանդիպման ընթացքում Արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչների և ՄԱԶԾ փորձագետների կողմից ներկայացվեցին սելավների ռիսկի կառավարման խնդիրները, առկա իրավական կարգավորման դաշտը, այնուհետև աշխատանքային խմբի անդամների հետ քննարկվեցին արդյունավետ կառավարման գործընթացը և վերջինիս կարգավորման համար անհրաժեշտ օրենսդրաիրավական փաթեթը: Հստակեցվեցին նաև խմբի գործունեության ձևաչափն ու աշխատանքային պլանը: