Փետրվարի 13-ին, 2019թ. Անի հյուրանոցում տեղի ունեցավ ՄԱԶԾ-ԿԿՀ Ծրագրի մեկնարկային աշխատաժողովը, որի նպատակն էր ներկայացնել Ծրագրի հիմնական նպատակները և նախատեսվող գործողությունները, ինչպես նաև ազգային գործընկերների և միջազգային կազմակերպությունների հետ խորհրդակցությունների միջոցով աջակցել Հայաստանի ստանձնած կայուն զարգացման նպատակների իրագործմանը: Մեկնարկային աշխատաժողովին ներկա էին տարբեր նախարարությունների և գերատեսչությունների, միջազգային և ոչ կառավարական կազմակերպությունների և մասնավոր հատվածի մոտ 90 ներկայացուցիչներ:
Մեկնարկային աշխատաժողովին բացման խոսքով ելույթ ունեցան ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Իրինա Ղափլանյանը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը: ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը ներկայացրեց հարմարվողականության պլանավորման խնդիրները ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի շրջանակում, որին էլ հետևեց նոր մեկնարկած ՄԱԶԾ-ԿԿՀ Ծրագրի ներկայացումը: Բնապահպանության նախարարության հետ համակարգմամբ, ինչպես նաև այլ ազգային և տեղական գործընկերների հետ սերտ համագործակցությամբ իրականացվող ծրագրի նպատակը ազգային հարմարվողականության ծրագրի մշակումն է, որը կօգնի ներառել կլիմայի փոփոխության հարմարվողականությունը ազգային, ոլորտային և տեղական կառավարման պլանավորման և բյուջետավորման գործընթացներում, ինչպես նաև կլիմայի փոփոխությունների նկատմամբ կայուն աճի կարևոր մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների հավաքագրման գծով օժանդակությունը։
Կլիմայի կանաչ հիմնադրամի կողմից Հայաստանին տրամադրվել է 2.7 մլն դոլար չորս տարի տևողությամբ «Հարմարվողականության ազգային ծրագիր՝ Հայաստանում միջնաժամկետ և երկարաժամկետ հարմարվողականության պլանավորման առաջխաղացման համար» Ծրագրի իրականացման համար, որը լիովին համահունչ է Փարիզի համաձայնագրի ներքո երկրի նախատեսված հարմարվողականության առաջնահերթություններին։
Այս ծրագրի շրջանակներում ռազմավարական գործընկերությունը Բնապահպանության նախարարության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի՝ որպես իրականացնող գործընկերոջ, ուղղված է աջակցելու Հայաստանի Հանրապետության կառավարությանը կլիմայի հարմարվողականության միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրի ձևավորմանը: Սա հնարավոր կլինի իրագործել կլիմայի հետ կապված ռիսկերի բացահայտման և դրանց մեղմման ռազմավարությունների՝ շարունակական զարգացման պլանավորման և բյուջետավորման գործընթացներում հետագա ներառման միջոցով։ Նախատեսվում է, որ ազգային հարմարվողականության պլանավորման գործընթացի զարգացմանը զուգընթաց, Հայաստանում հիմքեր կձևավորվեն ինստիտուցիոնալ մակարդակում կայուն հարմարվողականության գործընթացների համար, առաջնային խոցելի ոլորտներին, մասնավորապես` ջրային ռեսուրսների, գյուղատնտեսության, էներգետիկայի, առողջապահության, զբոսաշրջության և մարդկային բնակավայրերի ոլորտներին ուղղորդված համակարգային և կրկնելի գործընթացների մշակման միջոցով։
Տեղական և միջազգային կազմակերպություններն առանձին ներկայացրեցին իրենց փորձը և կլիմայի փոփոխության ռիսկերի, խոցելիության և հարմարվողականության հետ կապված ընթացիկ գործունեությունը: Արդյունավետ քննարկվեցին կլիմայի փոփոխության ռիսկերը և հետագա համագործակցության ուղիները դոնորների աջակցությամբ իրականացվող ծրագրերի միջև, ինչպես նաև աշխատաժողովի եզրափակիչ մասում պայմանավորվածություն է ձեռք բերվել տարբեր կազմակերպությունների հետ բացահայտել պոտենցիալ համագործակցության հնարավորությունները՝ առավել հետաքրքիր համագործակցության և ազդեցության համատեղման համար:
Զեկուցում_Դիանա Հարությունյան_հայ.
Զեկուցում_Գոհար Հովհաննիսյան_հայ.