Հունիսի 30-ին առցանց հարթակում կայացած աշխատաժողովի ընթացքում ամփոփվել են «Պետական կառավարման հաստատությունների և ՏԻՄ շրջանում գյուղատնտեսության և ջրային ռեսուրսների ոլորտներում կլիմայի փոփոխության հարմարվողականությանն առնչվող կարողությունների բացերի բացահայտման նպատակով դասընթացների կարիքի գնահատում» ուսումնասիրության արդյունքները: Վերլուծությունն իրականացվել էր «Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում» (ՀԱԾ) ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանակում, «Ի-Վի Քոնսալթինգ» ՓԲԸ կողմից: Հետազոտութայն նպատակը՝ կլիմայի փոփոխությանը հարմարվողականությանն առնչվող հիմնական կարողությունների ներկա բացերի և դասընթացների կարիքի գնահատումն է գյուղատնտեսություն և ջրային ռեսուրսներ ոլորտներում՝ պլանավորման, բյուջետավորման և որոշումների ընդունման պրոցեսներում կլիմայի փոփոխության և կլիմայական ռիսկերի ինտեգրման համար:
Քանակական և որակական հետազոտությունների անցկացման գործիքակազմով իրականացված դասընթացի կարիքի գնահատումն ընդգրկել է ռազմավարական և կազմակերպական, գործառութային և պաշտոնեական, ինչպես նաև անհատական կարիքի վերլուծություն։ Հետազոտության ընթացքում գյուղատնտեսության և ջրային ռեսուրսների ոլորտներում գործառույթներ ունեցող նախարարությունների, մարզպետարանների, Երևանի քաղաքապետարանի ու վարչական շրջանների աշխատակազմի համապատասխան բաժինների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության, խորհրդատվական և գիտակրթական կառույցների ղեկավար անձնակազմի շրջանում իրականացվել է շուրջ 38 որակական հարցազրույց:
Հարցվածների 81.7 տոկոսը գտնում է, որ կլիմայի փոփոխության և կլիմայի փոփոխությանը հարմարվողականության տարբեր թեմաների վերաբերյալ ունի այս կամ այն խորության վերապատրաստման կարիք: Մասնավորապես պարզվել է, որ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Գյուղատնտեսական խորհրդատվության, նորարարությունների և մոնիթորինգի վարչության և մարզային բաժինների հարցված ներկայացուցիչների մոտ կեսը, անկախ պատրաստվածության և գիտելիքների մակարդակից, կլիմայի փոփոխության և կլիմայի փոփոխությանը հարմարվողականության վերաբերյալ ներածական դասընթացների կարիք է տեսել։ Մարզպետարանների և ՏԻՄ-երի ներկայացուցիչների հիմնական մասը կլիմայի փոփոխությանը հարմարվողականության ուղղությամբ մասնագիտական վերապատրաստումներ չեն անցել։ Համայնքային և մարզային մակարդակներում առկա է հիմնավոր և համապարփակ ներածական դասընթացների անհրաժեշտություն:
Առցանց աշխատաժողովի ընթացքում ուսումնասիրության արդյունքներն ու առաջարկները ներկայացվել և քննարկվել են միջոցառման ավելի քան 40 մասնակիցների հետ: Դրանք հետագայում կօգտագործվեն ՄԱԶԾ-ԿԿՀ ՀԱԾ ծրագրի շրջանակում ՀՀ պետական մարմինների մասնագետների համար կլիմայի փոփոխությանը և կլիմայի փոփոխության հարմարվողականությանն առնչվող հարցերի վերաբերյալ վերապատրաստումների կազմակերպման համար:
Հետազոտության արդյունքների ամփոփ նկարագիր