Հայ
Eng
Քննարկվել են կլիմայի փոփոխության նկատմամբ ՀՀ էներգետիկ ոլորտի խոցելիությունն ու առկա բացերը և «Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության 2022-2030 թվականների ազգային ծրագրի» նախագիծը
22 դեկտեմբերի 2021

Քննարկվել են կլիմայի փոփոխության նկատմամբ ՀՀ էներգետիկ ոլորտի խոցելիությունն ու առկա բացերը և «Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության 2022-2030 թվականների ազգային ծրագրի» նախագիծը

Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt
Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt

Դեկտեմբերի 21-ին կայացած աշխատաժողովի ընթացքում ներկայացվեցին և շահագրգիռ կողմերի հետ քննարկվեցին «Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում» (ՀԱԾ) ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանակում իրականացված «Հայաստանում էներգետիկ ոլորտի վրա կլիմայի փոփոխության ռիսկերի և ազդեցությունների ուսումնասիրության» արդյունքները և «ԵՄ կլիմայի համար» ՄԱԶԾ-ԵՄ տարածաշրջանային ծրագրի ներքո մշակված «Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության 2022-2030 թվականների ազգային ծրագրի» նախագիծը:


ՀՀ շրջակա միջավայրի փոխնախարար Գայանե Գաբրիելյանն իր ողջույնի խոսքում ընդգծեց կլիմայի փոփոխության մարտահրավերներին դիմակայելու գործընթացում Շրջակա միջավայրի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների և ամբողջ Կառավարության ջանքերը համատեղելու կարևորությունը:


«Առաջիկա տարիներին անհրաժեշտ է միասնական քայլեր ձեռնարկել կլիմայի արագ փոփոխության և շրջակա միջավայրին հասցվող վնասների աղետը կանգնեցնելու համար: Կլիմայի փոփոխության մարտահրավերները կարծես երկրաչափական պրոգրեսիայով ավելանում են, և մենք պետք է հասցնենք իրականացնել իրավական և գործնական անհրաժեշտ կարգավորումներ՝ այդ մարտահրավերներին մեր գործադիր և օրենսդիր համակարգերը հարմարեցնելու համար», - նշեց փոխնախարար Գաբրիելյանը:


«Հայաստանում էներգետիկ ոլորտի վրա կլիմայի փոփոխության ռիսկերի և ազդեցությունների ուսումնասիրությունը» հիմք կծառայի 2022թ․-ին էներգետիկ ոլորտում կլիմայի փոփոխության ազդեցու­թյուն­ների նկատմամբ հարմար­վողականության պլանի և գործողու­թյուն­ների ծրագրի մշակման համար: Ոլորտային հարմարվողականության պլանի մշակումը ներառված է 2021թ.-ի մայիսին ՀՀ կառավարության՝ «Կլիմայի փոփոխության հարմարվողականության ազգային գործողությունների ծրագիրը և 2021-2025 թվականների միջոցառումների ցանկը» թիվ 749-Լ որոշման մեջ:


ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Էներգետիկայի վարչության պետ Տիգրան Մելքոնյանը կարևորեց աշխատաժողովի մասնակիցների հետ «Վերականգնվող էներգե­տիկայի և էներգախնայողության 2022-2030 թվականների ազգային ծրագրի» նախագծի քննարկումը՝ փաստաթղթի լրամշակման և հետագայում ընդունման առումով:


«Այս նախագծում սահմանված են հստակ նպատակներ, թիրախներ, ցուցանիշներ, նաև դրանց հասնելու մեխանիզմներ: Նաև ուզում եմ հատուկ նշել, որ շոշափված են ՄԱԿ-ի Կայուն զարգացման 7-րդ նպատակի հետ կապված հարցերը, որոնք շատ կարևոր են շրջակա միջավայրի պաշտպանության տեսանկյունից», - հավելեց Տիգրան Մելքոնյանը:


Մինչև 2040թ. ՀՀ էներգետիկայի ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը թիրախավորել է վերականգնվող էներգիայի, մասնավորապես արևային էներգիայի հզորությունների շեշտակի ընդլայնում, դրա մասնաբաժինը հասցնելով 15 տոկոսի: Միաժամանակ, Հայաստանի Ազգային մակարդակով սահմանված գործողությունների նոր ծրագրով հռչակվել է ջերմոցային գազերի արտանետումների 40 տոկոսով կրճատում՝ 90թ.-ի համեմատ: Այդ արտանետումների 68 տոկոսը  բաժին է ընկնում Էներգետիկ ոլորտին:


Հայաստանում ԵՄ պատվիրակության միջազգային օգնության և համագործակցության պատասխանատու Անդրեա Բաջջիոլին կարևորեց Եվրոպական միության և Հայաստանի միջև արդյունավետ համագործակցությունը Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում:


«Համաձայն «ԵՄ-ն կլիմայի համար» ծրագրի ներքո մշակված Հայաստանի թարմացված 2021-2030թթ․ Ազգային մակարդակով սահմանված գործողությունների՝ մեղմման նոր նպատակ է սահմանվել մինչև 2030թ․-ը հասնելու ջերմոցային գազերի արտանետումների 40 տոկոս կրճատման, որի իրականացման հարցում ԵՄ-ն աջակցում է Հայաստանին՝ բարելավելով կլիմայական քաղաքականությունները և ներդաշնակեցնելով տեղական օրենսդրությունը ԵՄ կանոնակարգերին: Ծրագրի շրջանակում իրականացվող գործողությունները, որոնք համապատասխանում են նաև ԵՄ Կանաչ գործարքի սկզբունքներին, աջակցում են Հայաստանի կանաչ վերականգնման և կայուն զարգացման նպատակին»,- նշեց Անդրեա Բաջջիոլին:


ՄԱԶԾ Կլիմայի, շրջակա միջավայրի և դիմակայունության բաժնի ղեկավար Հովհաննես Ղազարյանն իր ելույթում ընդգծեց քննարկման առարկա փաստաթղթերի կարևորությունը հատկապես երկարաժամկետ ժամանակահատվածում ՀՀ էներգետիկ ոլորտի կայունության ապահովման և զարգացման առումով:


««Վերականգնվող էներգե­տիկայի և էներգախնայողության 2022-2030 թվականների ազգային ծրագրի» նախագիծն առանցքային նշանակություն ունի ինչպես էներգետիկ ոլորտի զարգացման համար, այնպես էլ կլիմայի փոփոխության մեղմման ուղղությամբ Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների կատարման առումով: Մինչդեռ «Հայաստանում էներգետիկ ոլորտի վրա կլիմայի փոփոխության ռիսկերի և ազդեցությունների ուսումնասիրության» արդյունքները հիմք կծառայեն անհրաժեշտ հարմարվողականության միջոցառումների հստակեցման, ինչպես նաև նոր ֆինանասական աղբյուրների ու մեխանիզմների նախանշման և նույնականացման համար», - հավելեց Հովհաննես Ղազարյանը:


Աշխատաժողովին ներկա գտնվեց և առցանց մասնակցեց ՀՀ շրջակա միջավայրի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների, պետական մարմինների և կոմիտեների, ՄԱԶԾ, Հայաստանում ԵՄ պատվիրակության և այլ դոնոր կազմակերպությունների, «Հայաստանի էլեկտրական ցանցերի», «Գազպրոմ Արմենիայի», ոլորտի մասնավոր և հասարակական կազմակերպությունների և հիմնադրամների ավելի քան 70 ներկայացուցիչ:


 


Միջոցառման օրակարգը


Ներկայացված նյութերը


«Հայաստանում էներգետիկ ոլորտի վրա կլիմայի փոփոխության ռիսկերի և ազդեցությունների ուսումնասիրության» նախագծի ոչ պաշտոնական հայերեն թարգմանությունը և բնօրինակը:


«Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության 2022-2030 թվականների ազգային ծրագրի» նախագիծը:


 



Կիսվել