Հայ
Eng
ՄԱԶԾ-ԿԿՀ ՀԱԾ ծրագրի շրջանակում ներկայացվել են Հայաստանում զբոսաշրջության ոլորտի կլիմայական ռիսկերի ու խոցելիության գնահատման արդյունքները և հարմարվողականության ծրագրի նախագիծը
04 փետրվարի 2022

ՄԱԶԾ-ԿԿՀ ՀԱԾ ծրագրի շրջանակում ներկայացվել են Հայաստանում զբոսաշրջության ոլորտի կլիմայական ռիսկերի ու խոցելիության գնահատման արդյունքները և հարմարվողականության ծրագրի նախագիծը

Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt
Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt

Փետրվարի 3-ին առցանց հարթակում կայացած աշխատաժողովի ընթացքում ամփոփվել են «Հայաստանում զբոսա­շրջու­թյան ոլորտի կլիմայական ռիսկերի ու խոցելիության գնահատման» արդյունքները, և ներկայացվել է ոլորտային հարմար­վողա­կանության ծրագրի նախագիծը: Աշխատանքն իրականացվել էր «Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում» (ՀԱԾ) ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանակում, «Ի-Վի Քոնսալթինգ» ՓԲԸ կողմից:

 

Աշխատաժողովի նպատակն էր ներկայացնել և շահագրգիռ կողմերի հետ քննարկել զբոսաշրջության տարբեր ենթաոլորտներում կլիմայի փոփոխության նկատմամբ ռիսկերի և խոցելիության ուսումնասիրության արդյունքները՝ վեր հանելով ոլորտի գործունեության այն ուղղությունները, տեսակները և շահառու խմբերը, որոնք առավել խոցելի են կլիմայի փոփոխության նկատմամբ, ներկայացնել հարմարվողականության գերակա միջո­ցառումները, ինչպես նաև հավաքագրել մեկնաբանու­թյուն­ներ՝ դրանց լրամշակման նպատակով։

 

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը ողջույնի խոսքում կարևորեց կլիմայի փոփոխության ռիսկերի նկատմամբ Հայաստանում զբոսաշրջության ոլորտի խոցելիության գնահատման և հարմարվողականության ծրագրի մշակման աշխատանքները՝ նշելով որ դրանցով է պայմանավորված ոլորտի համար անհրաժեշտ վերափոխումների իրականացումը:

 

«Այս ուսումնասիրության շրջանակներում իրականացվող աշխատանքները նպատակաուղղված են աջակցելու ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը ոլորտի զարգացման պլանավորման ծրագրերում և համապատասխան միջոցառումների մշակման աշխատանքներում՝ արդյունքում հնարավորություն տալով ունենալ բացահայտված հարմարվողականության միջոցառումների համար ավելի մանրամասն գնահատում և հայեցակարգային փաստաթղթերի մշակում՝ ներդրումների ապահովմանն աջակցելու նպատակով»,-նշեց փոխնախարար Տերյանը՝ հավելելով, որ երկրի առկա ներուժը դիվերսիֆիկացնելու, միջազգային չափանիշներին համապատասխան ենթակառուցվածքներ ունենալու և զբոսաշրջային ակտիվ սեզոնը երկարացնելու համար անհրաժեշտ է հետամուտ լինել կլիմայի փոփոխության ազդեցություններին և ոլորտի զարգացումներն ուղղորդել դրանց համապատասխան:

 

ՀՀ շրջակա միջավայրի փոխնախարար Աննա Մազմանյանը նշեց, որ կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունների նկատմամբ տուրիզմի ոլորտի հարմարվողականության համար անհրաժեշտ միջոցառումներն ու գործողությունները դեռևս խորքային բացահայտման կարիք ունեն:

 

«Չնայած, որ կա տպավորություն, որ Հայաստանում տուրիզմը լավ է զարգացած, և, օրինակ, 2019թ-ին մենք ունեինք ռեկորդային այցելուների քանակ՝ ոլորտային ռազմավարության և ենթակառուցվածքների զարգացման մոտեցումներում կլիմայի փոփոխության հարցերը հաշվի առնելու առումով, իմ կարծիքով, դեռ շատ անելիք ունենք: Առանձնակի կարևորում եմ կլիմայի փոփոխության թեմաների շուրջ ոլորտում ներգրավված բոլոր շահառուների իրազեկման մակարդակի բարձրացումը, որպեսզի իրենք իրենց հերթին կարողանան այդ մասին իրազեկել զբոսաշրջիկին»,-նշեց փոխնախարար Մազմանյանը՝ ավելացնելով, որ պետք է աշխատանք տարվի նաև ոլորտում ներգրավված հյուրանոցներին ու ռեստորանային համալիրներին իրազեկելու կլիմայի փոփոխության վրա իրենց բացասական ազդեցության և ածխածնային հետքի կրճատմանն ուղղված գործողություններում կարևոր դերակատարության մասին:

 

Հայաստանում ՄԱԶԾ Մշտական ներկայացուցիչ Նաթիա Նաթսվլիշվիլին միջոցառման մասնակիցներին ողջունելիս ընդգծեց կլիմայի փոփոխության և զբոսաշրջության ոլորտի միջև շատ սերտ կապը՝ աշխարհում և, մասնավորապես, Հայաստանում:

 

«Ծովի մակարդակի բարձրացումը, միջին տարեկան ջերմաստիճանի աճը, եղանակային վտանգավոր երևույթների հաճախականության և ինտենսիվության աճը, տեղումների քանակի նվազումը՝  ներառյալ ձյան տեսքով, նաև կլիմայի փոփոխության այլ բացասական ազդեցությունները զգալիորեն ազդում են ոլորտի վրա՝ կրճատելով այցելուների թիվը և վտանգելով ենթակառուցվածքային ակտիվները: Հատկապես Հայաստանում այս ռիսկերն անտեսել չենք կարող: Զբոսաշրջությունը Հայաստանի տնտեսական առանցքային ոլորտներից մեկն է, 2019-ին զբոսաշրջության ուղղակի ազդեցությունը ՀՆԱ-ի վրա կազմել է շուրջ 4,6 տոկոս և ապահովել է ընդհանուր զբաղվածության ավելի քան 13,8 տոկոսը, իսկ զբոսաշրջությանն ու հարակից ծառայություններին բաժին է ընկել ծառայությունների ընդհանուր արտահանման ծավալի մոտ երկու երրորդը: Դա նշանակում է, որ այս ոլորտի վրա ցանկացած ազդեցություն շատ էական է ողջ երկրի համար։ Հետևաբար, ոլորտի կայուն զարգացումը քննարկելիս, կարևոր է բացահայտել, պլանավորել և իրականացնել համապարփակ և փաստահեն հարմարվողական միջոցառումներ, որոնք ոլորտում կապահովեն ճկունություն և հարմարվողականության կարողությունների զարգացում, ինչպես նաև արդյունավետ աղետների արձագանքում կլիմայի նկատմամբ առավել խոցելի բնակավայրերում և շրջաններում», նշեց Նաթիա Նաթսվլիշվիլին՝ հավելելով, որ Զբոսաշրջության ոլորտի հարմարվողականության պլանը, կաջակցի երկրին կլիմայի փոփոխության ռիսկերը և հարմարվողականության միջոցառումները ներառելու ոլորտի զարգացման պլաններում և ռազմավարություններում՝ ոլորտային համակարգերը, ենթակառուցվածքները և ծառայությունները դարձնելով ավելի դիմացկուն կլիմայի փոփոխության նկատմամբ և նպաստելով միջնաժամկետ և երկարաժամկետ կայուն զարգացման նպատակներին:

 

Առցանց աշխատաժողովին մասնակցեց ոլորտի ավելի քան 75 շահառու, այդ թվում` Շրջակա միջավայրի, Արտակարգ իրավիճակների, էկոնոմիկայի նախարարությունների, Վիճակագրական կոմիտեի, Լոռու մարզպետարանի, Երևանի քաղաքապետարանի, ՄԱԶԾ, մարզային կառույցների ու հասարակական կազմակերպությունների, կրթական հաստատությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

 

 

 

 

 

Միջոցառման օրակարգը

 

Ներկայացված նյութերը

 

Զբոսաշրջության ոլորտի հարմարվողականության ծրագրի նածագիծը

 


Կիսվել