Հայ
Eng
ՄԱԶԾ-ԿԿՀ ՀԱԾ ծրագրի շրջանակում ներկայացվել են Հայաստանում կլիմայի նկատմամբ գյուղատնտեսության խոցելիության և ռիսկերի գնահատման արդյունքները
10 դեկտեմբերի 2021

ՄԱԶԾ-ԿԿՀ ՀԱԾ ծրագրի շրջանակում ներկայացվել են Հայաստանում կլիմայի նկատմամբ գյուղատնտեսության խոցելիության և ռիսկերի գնահատման արդյունքները

Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt
Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt

Դեկտեմբերի 9-ին կայացած աշխատաժողովի ընթացքում ներկայացվել են «Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում» (ՀԱԾ) ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանակում իրականացված «Հայաստանում կլիմայի նկատմամբ գյուղատնտեսության խոցելիության և ռիսկերի գնահատում» վերլուծության արդյունքները: Վերլուծությունն իրականացվել է ՔԱՐԴ (Ագրոբիզինեսի և գյուղի զարգացման կենտրոն) հիմնադրամի կողմից:


Ուսումնասիրությունը միտված էր բացահայտել կլիմայի ռիսկերի և վտանգների նկատմամբ գյուղատնտեսության ոլորտների և ենթաոլորտների զգայունությունը և հարմարվողականության հնարավորությունները։ Աշխատաժողովի և քննարկման հիմնական նպատակն էր հիմք նախապատրաստել՝ Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում կլիմայի փոփոխությունների ազդեցությունների նկատմամբ հարմարվողականության հայեցակարգ և գործողությունների ծրագիր մշակելու համար, որը ՀՀ կառավարության «Կլիմայի փոփոխության հարմարվողականության ազգային գործողությունների ծրագիրը և 2021-2025 թվականների միջոցառումների ցանկը հաստատելու մասին» 2021 թ․ մայիսի 13-ի թիվ 749-Լ որոշմամբ նախատեսված է 2022 թվականին:


ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանն իր ողջույնի խոսքում ընդգծեց ՀՆԱ-ի զգալի մասնաբաժին ունեցող, ինչպես նաև տարածքային զարգացման, գյուղական համայնքների կենսունակության պահպանման և պարենային անվտանգության ապահովման տեսանկյունից մեծ նշանակություն ունեցող գյուղատնտեսության ոլորտում կլիմայի փոփոխության նկատմամբ խոցելիության գնահատման և անհրաժեշտ հարմարվողականության միջոցառումների հստակեցման կարևորությունը:


«Համեմատած տնտեսության այլ ոլորտների հետ՝ գյուղատնտեսությունն առավել խոցելի է կլիմայի փոփոխության երևույթների նկատմամբ, որոնց մենք բոլորս առերեսվում ենք: Համայնքներում իրականացված մեր հարցումներն ու հանդիպումները վկայում են, որ ֆերմերներն իրենք էլ գիտակցում են, ոլորտում իրավիճակի փոփոխությունը և ռիսկերի ավելացումը և հաստատակամ են, որ պետք է փոխել տնտեսվարման գործելակերպը: Այսօր այդ տնտեսվարման ձևն ունի կարևոր փոփոխության կարիք նաև արդյունավետության տեսանկյունից, քանի որ ինչպես ներմուծվող ապրանքների նկատմամբ, այնպես էլ ներքին շուկայում մրցունակ լինելու, ընտանիքների համար բավարար եկամուտ ապահովելու համար պետք է գործունեությունը լինի տնտեսապես ավելի կայուն, մինչդեռ կլիմայի փոփոխությունը լրացուցիչ խոչընդոտներ է ստեղծում ոլորտում արդյունավետ և եկամտաբեր գործունեության համար: Այլ ոլորտների համեմատ՝ գյուղատնտեսության զարգացման ռազմավարությունն ավելի շատ և ավելի խորությամբ է ներառել կլիմայի փոփոխության վտանգը և կարևորել հարմարվողականության միջոցառումները:  Սակայն, չափազանց կարևոր է, որ մենք կարողանանք նաև հասկանալ ոլորտում առկա մարտահրավերները հաղթահարելու համար անհրաժեշտ հստակ գործողությունների շրջանակը, դրանց իրականացման գործընթացներն ու ֆինանսավորման աղբյուրները», նշեց տիկին Հարությունյանը:


ՀՀ էկոնոմիկայի նախարարության Գյուղատնտեսական ծրագրերի մշակման, ռեսուրսների օգտագործման և կոոպերացիայի զարգացման վարչության պետ Իռա Փանոսյանը նշեց, որ նախարարությունը մեծապես կարևորում է կլիմայի փոփոխության համատեքստում ոլորտում առկա խնդիրների քննարկումներն ու հստակ լուծումների և գործողությունների առաջարկները: Նա ավելացրեց, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության և ՄԱԶԾ հետ քննարկումների շրջանակում քննարկվում է նաև կլիմայի փոփոխության հարմարվողականության հայեցակարգի և միջոցառումների համալիր ծրագրի մշակման հարցը:


«Էկոնոմիկայի նախարարության կողմից արդեն իրականցվում են մի շարք ծրագրեր, որոնք ևս միտված են կլիմայի փոփոխության հարմարվողականությանը և ռիսկերի նվազեցմանը, դրանցից են՝ կարկտապաշտպան համակարգերի ներդրումը, գյուղատնտեսության ապահովագրությունը, ոռոգման առաջադիմական տեխնոլոգիաների, ջերմոցային տնտեսությունների, խելացի անասնաշենքերի օգատգործման խթանումը:  Քննարկվում է նաև 2022թ.-ին գյուղապահովագրության  դաշտում երաշտի ռիսկի ապահովագրության ներդրման հարցը, որը կարծում եմ այս ուղղությամբ ևս շատ կարևոր քայլ է, որը կնպաստի ոլորտի զարգացմանը», հավելեց տիկին Փանոսյանը:


 Աշխատաժողովի ընթացքում մասնակիցների ուշադրությանը ներկայացվեցին Հայաստանում կլիմայի նկատմամբ գյուղատնտեսության խոցելիության, ռիսկերի ուսումնասիրության և հարմարվողականության ռազմավարության նախագծման մոտեցումներն ու մեթոդները, հիմնական ոլորտների/ ենթաոլորտների բնութագրերի վրա  հիմնված ուսումնասիրությունների արդյունքները, կլիմայի հետ կապված խնդիրներն ու հարմարվողականության մեթոդները: Ներկայացվեցին ու քննարկվեցին նաև Հարմարվողականության ռազմավարության և գործողությունների պլանի նախագծման գործընթացը, կառուցվածքը, հիմնական խնդիրները և գործողությունների ուղղությունները:


Միջոցառմանը ներկա գտնվեց և առցանց մասնակցեց ոլորտի շուրջ 30 շահառու, այդ թվում` Շրջակա միջավայրի և էկոնոմիկայի նախարարությունների, պետական մարմինների, ՄԱԶԾ, ՔԱՐԴ հիմնադրամի, համալսարանների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:


 


Միջոցառման օրակարգը


Ներկայացված նյութերը



Կիսվել