Դեկտեմբերի 19-ին կայացած աշխատաժողովի ընթացքում ներկայացվել և շահառուների հետ քննարկվել են կլիմայի փոփոխության նկատմամբ Երևան քաղաքի խոցելիության գնահատման նախնական արդյունքները և հարմարվողականության ծրագրի մոտեցումները։ Աշխատանքներն իրականացվում են «Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում» (ՀԱԾ) ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանակում՝ «Adwise Consulting» ընկերության կողմից:
Աշխատաժողովի նպատակն էր ներկայացնել և շահագրգիռ կողմերի հետ քննարկել Երևան քաղաքի տնտեսության տարբեր ոլորտներում կլիմայի փոփոխության նկատմամբ ռիսկերի և խոցելիության ուսումնասիրության արդյունքները՝ վեր հանելով գործունեության այն ուղղությունները, տեսակները և շահառու խմբերը, որոնք առավել խոցելի են կլիմայի փոփոխության նկատմամբ, ինչպես նաև ներկայացնել կլիմայի փոփոխությանը հարմարվողականությանն ուղղված առաջարկվող ուղղություններն ու միջոցառումները, ինչպես նաև հավաքագրել մեկնաբանություններ՝ Երևան քաղաքի հարմարվողականության ծրագրի նախագծի մշակման և միջոցառումների ցանկի լրամշակման նպատակով:
Միջոցառման ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկան ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը և Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, որոնք ընդգծեցին կլիմայի փոփոխության մարտահրավերների նկատմամբ Երևան քաղաքի դիմադրողականության բարձրացման և ամրապնդման գործընթացում հարմարվողականության միջոցառումների շարունակական պլանավորման և իրականացման կարևորությունը: