Դեկտեմբերի 17-ին տեղի ունեցած աշխատանքային քննարկման ընթացքում ներկայացվեցին «Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում» (ՀԱԾ) ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանակում «Գեոինֆո» ՍՊԸ-ի կողմից իրականացվող «Հայաստանում կլիմայի փոփոխության ներքո ջրային ռեսուրսների խոցելիության գնահատում և կլիմայի փոփոխության հարմարվողականության պլանավորում» ուսումնասիրության առաջին արդյունքները: Միջոցառման հիմնական նպատակը ոլորտի շահառուների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ Հայաստանում ջրային ռեսուրսների խոցելիության, կառավարման հիմնախնդիրների, ինչպես նաև կլիմայի փոփոխության հանդեպ հարմարվողականության համար անհրաժեշտ միջոցառումների քննարկումն էր:
ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանն իր ողջույնի խոսքում ընդգծեց կլիմայի փոփոխության հանդեպ ջրային ռեսուրսների խոցելիության գնահատականների և ուսումնասիրությունների, ինչպես նաև մեթոդոլոգիական բացերի հայտնաբերման և միջազգային լավագույն փորձի հիման վրա առաջարկությունների և լուծումների ներկայացման կարևորությունն ու անհրաժեշտությունը:
Միջոցառման ընթացքում ջրային ռեսուրսների և կլիմայի փոփոխության միջազգային փորձագետ, Կալիֆորնիայի Իրվինի համալսարանի Հիդրոօդերևութաբանության և հեռահար զոնդավորման կենտրոնի տնօրեն Սորոոշ Սորոոշյանը ներկայացրեց կլիմայի փոփոխության հանդեպ ջրային ռեսուրսների խոցելիության գնահատման միջազգային լավագույն փորձը՝ կիրառվող մեթոդները, առկա հիդրոօդերևութաբանական հետազոտություններն ու կանխատեսման սցենարները: Փորձագետը անդրադարձավ նաև Իրանի Իսլամական հանրապետությունում կիրառվող ջրօգտագործման գնահատման և կլիմայի փոփոխության կանխատեսման համար կիրառվող մոդելներին :
ՄԱԶԾ և «Հայաստանում կլիմայի փոփոխության ներքո ջրային ռեսուրսների խոցելիության գնահատում և կլիմայի փոփոխության հարմարվողականության պլանավորում» ծրագիրն իրականացնող «Գեոինֆո» ՍՊԸ-ի փորձագետները ներկայացրեցին ծրագրի հիմնական նպատակներն ու գործընթացները, ինչպես նաև իրականացված ուսումնասիրությունների նախնական արդյունքները, այդ թվում՝ ՀՀ-ում գետավազանային կառավարման ժամանակ տեղումների և գետային հոսքի փոփոխությունների գնահատման և կանխատեսման համար կիրառված մեթոդներն ու սցենարները, կլիմայի փոփոխության ներքո ջրային ռեսուրսների խոցելիության գնահատման հետազոտությունների վերանայման նախնական արդյունքները, ՀՀ ջրային ոլորտի օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումները, կլիմայի փոփոխության համատեքստում առկա բացերն ու խոչընդոտները:
Աշխատանքային հանդիպումն եզրափակեցին շահառուների հետ հարցուպատասխանն ու թեմատիկ քննարկումը: Հնչեցված առաջարկներն ու դիտարկումները հետագայում մանրամասն կքննարկվեն և հաշվի կառնվեն ոլորտի խոցելիության գնահատման ընթացքում: Միջոցառմանը մասնակցեց 34 շահառու, այդ թվում` պետական կառավարման մարմինների, համալսարանների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: