2023թ․ մայիսի 15-ին Լոռու մարզի Ալավերդու համայնքապետարանում հյուրընկալվել էին ՄԱԶԾ-Սիդա ծրագրի կողմից իրականացվող «Համայնքի կայունության ամրապնդում էներգաարդյունավետության և ցածր արտանետումների զարգացման միջոցով» ծրագրի ղեկավարները։
Ալավերդու համայնքապետ Արկադի Թամազյանի հետ հանդիպման ժամանակ Ծրագրի ղեկավար, Շվեդիայի միջազգային զարգացման և համագործակցության գործակալության Սիդա ծրագրի փորձագետ Յոնաս Բերգստրոմը կարևորեց էներգախնայողության ծրագրի դերը և իրականացումը Ալավերդի համայնքում։
Ալավերդի համայնքի ղեկավարը ևս ընդգծեց ծրագրի շրջանակներում էներգաարդյունավետությանը միտված գործողությունների կարևորությունը թե՛ բնակչության, և թե՛ համայնքի զարգացման համար։ Քննարկվեցին առաջիկա գործողությունները և ակնկալվող արդյունքները։
ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Կլիմայի փոփոխության ծրագրի համակարգող Դիանա Հարությունյանը ներկաների հետ կիսվեց ծրագրի ընթացիկ աշխատանքների և ակնկալվող արդյունքների մասին:
Հանդիպմանը մասնակցում էին նաև ՄԱԶԾ Կլիմայի, շրջակա միջավայրի և դիմակայունության պորտֆելի ղեկավար Հովհաննես Ղազարյանը, ՄԱԶԾ փորձագետ Անդրե Օհանյանը և ՄԱԶԾ-Սիդա ծրագրի թիմի ղեկավար Արեգնազան Մարտիրոսյանը։
Ներկայացուցիչները այցելեցին նաև ծրագրի շրջանակում Ալավերդու Սանահին Սարահարթ թաղամասի մասնակի և ամբողջական ջերմամեկուսացված բազմաբնակարան շենքեր տեղում ծանոթանալու արդյունքներին։
Հյուրերը եղան նաև Ալավերդու պետական արհեստագործական ուսումնարանում, մասնակցեցին ուսանողների կողմից պատրաստված ներկայացմանն ու ծանոթացան ուսումնարանի կրթական ծրագրին։
«Համայնքի կայունության ամրապնդում էներգաարդյունավետության և ցածր արտանետումների զարգացման միջոցով» ծրագրի արդյունքում Ալավերդի համայնքի 10 բազմաբնակարան շենք կունենան մասնակի ջերմամեկուսացման համակարգ, թիվ 6 մանկապարտեզում կկատարվի կապիտալ վերանորոգում և ամբողջական ջերմամեկուսացում, իսկ Ալավերդու արհեստագործական ուսումնարանում, որպես նոր մասնագիտական ուղղություն, կներդրվի «Էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի տեխնոլոգիաներ» ուսումնական ծրագիրը։ Ծրագիրը ֆինանսավորվում է Շվեդիայի միջազգային զարգացման և համագործակցության գործակալության կողմից։