Հունիսի 29-ին «Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում» (ՀԱԾ) ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանակում կայացած աշխատաժողովի ընթացքում քննարկվեցին կլիմայի փոփոխության համատեքստում Հայաստանում ջրային ոլորտի հարմարվողականության պլանի մշակման հարցերը:
Իր ողջույնի խոսքում ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը մեծապես կարևորեց ՀԱԾ ծրագրի շրջանակում ջրային ոլորտի հարմարվողականության պլանի (ՋՈՀՊ) մշակման աշխատանքային խմբի գործունեությունը՝ նշելով, որ արդյունքում ձևավորվելու է ջրային ոլորտում հարմարվողականության, կլիմայական ռիսկերի և կլիմայական երկարաժամկետ ազդեցությունների մեղմմանն ուղղված Կառավարության կողմից հաստատված ծրագիր:
«Այսօրվա մեր հանդիպումը ջրային ոլորտում հարմարվողականության պլանի մշակման գործընթացի միջանկյալ փուլերից է, որի ընթացքում կկիսվենք ջրային ոլորտում կլիմայի փոոփոխության հարմարվողականությանը վերաբերող առաջնահերթ խնդիրներով, որոնք բացահայտվել են աշխատանքային խմբի կողմից իրականացված խոցելիության վերլուծության արդյունքում, ինչպես նաև Հայաստանում մինչ այդ իրականացված ուսումնասիրություններում: Բացի այդ ներկա և առցանց միացած մասնագետների հետ կքննարկենք հարմարվողականության միջոցառումների նախնական տարբերակները, ինչպես նաև դրանց նպատակահարմարությունը և իրագործելիությունը, որպեսզի կարողանանք հասկանալ առաջնահերթությունները: Ձեր մասնակցությունն այս քննարկմանը մեծապես կարևորում ենք՝ ոլորտի հարմարվողականության ազգային ծրագրի մշակումն առավել առարկայական և մասնակցային դարձնելու առումով: Ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման խնդիրը մշտապես եղել է Կառավարության ուշադրության կենտրոնում, սակայն կլիմայի փոփոխության ներքո այն պետք է ավելի հստակ ձևակերպվի, որպեսզի մենք հասկանանք այն մարտահրավերները, որոնք անհրաժեշտ է հաղթահարել մեր կայուն զարգացման նպատակներին հասնելու, ինչպես նաև ջրով բնակչությանը, արդյունաբերությանը և, իհարկե, որպես հիմնական ջրօգտագործող, գյուղատնտեսությանը ապահովելու համար», - նշեց տիկին Հարությունյանը:
ՄԱԶԾ-ԿԿՀ ՀԱԾ ծրագրի շրջանակում նշված աշխատանքներն իրականացնելու համար ընտրված «Ֆրանսիայի ջրերի միջազգային գրասենյակի» փորձագետներն աշխատաժողովի մասնակիցներին ներկայացրեցին ՋՈՀՊ-ի ռազմավարական նպատակները և ակնկալվող արդյունքները, հասցեագրվելիք հիմնական բացերը և դրանց հաղթահարմանն ուղղված անհրաժեշտ միջոցառումների ընտրության իրավաբանական, ֆինանսական, տեխնիկական, ակադեմիական, կրթական, ինստիտուցիոնալ, կառավարման և քաղաքականության մշակման ասպեկտները: Աշխատաժողովի ընթացքում, հատուկ էլեկտրոնային ծրագրի միջոցով տեղի ունեցավ նաև մասնակիցների կողմից ներկայացված յուրաքանչյուր թեմայի շուրջ միջոցառումների գնահատում՝ ըստ գերակայության:
Միջոցառմանը ներկա գտնվեց և առցանց մասնակցեց ոլորտի ավելի քան 30 շահագրգիռ կողմ, այդ թվում` Շրջակա միջավայրի, էկոնոմիկայի և Առողջապահության նախարարությունների, միջազգային ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և ՄԱԶԾ փորձագետներ:
Աշխատաժողովի օրակարգը
Աշխատաժողովի ընթացքում ներկայացված նյութերը