Դեկտեմբերի 18-ին կայացավ «Ջրային ռեսուրսների խոցելիության և էվապոտրանսպիրացիայի գնահատում ու կանխատեսում՝ հիմնված արբանյակային հեռազննման տվյալների վրա» խորագրով աշխատաժողովը: Միջոցառումը կազմակերպվել էր «Հարմարվողականության ազգային ծրագիր` Հայաստանում միջնաժամկետ և երկարաժամկետ հարմարվողականության պլանավորման առաջխաղացման համար» (ՀԱԾ) ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանակում ՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի» մասնագետների համար։
Աշխատաժողովի ընթացքում մասնակիցների ուշադրությանը ներկայացվեցին ջրային ռեսուրսների խոցելիութան գնահատման գործընթացում արբանյակային հեռազննման տվյալների կիրառման հնարավորությունները, կլիմայի փոփոխության նկատմամբ խոցելիության գնահատման գործիքներն ու ալգորիթմները, ինչպես նաև արբանյակային պատկերների միջոցով փաստացի և պոտենցիալ էվապոտրանսպիրացիայի գնահատման հնարավորությունները։ Անցկացվեց նաև գործնական դասընթաց արբանյակային պատկերների միջոցով փաստացի և պոտենցիալ էվապոտրանսպիրացիայի գնահատման և կանխատեսման համար համապատասխան գործիքների և տվյալների հավաքածուի կիրառության վերաբերյալ: Գործնական աշխատանքները շարունակվեցին նաև դեկտեմբերի 25-ին՝ հնարավորություն ընձեռելով մասնակիցներին կիրառել ձեռք բերված տեսական գիտելիքներն ու կատարել գործնական առաջադրանքներ։
Արդեն իսկ ծանոթ լինելով QGIS ծրագրի վերլուծական գործիքների հարավորություններին և օգտագործելով 2019թ․ փաստացի էվապոտրանսպիրացիայի ռասետրային շերտն ու ՀՀ տարածքի ռելիեֆի թվային մոդելը՝ մասնակիցներն ինքնուրույն կատարեցին փաստացի էվապոտրանսպիրացիայի արժեքների հաշվարկ՝ ըստ բարձրության գոտիների (մինչև 1000 մ, 1000-2000 մ, 2000-3000 մ, 3000 մ-ից բարձր) ողջ Հայաստանի տարածքի համար։
Երկօրյա աշխատաժողովի ավարտին, դասընթացները հաջողությամբ ավարտելու համար, մասնակիցներին շնորհվեցին հավաստագրեր:
Աշխատաժողովին մասնակցեցին կենտրոնի՝ Կիրառական կլիմատոլոգիայի, Կլիմայի ուսումնասիրության և մոնիթորինգի, Հիդրոօդերևութաբանության ուսումնասիրությունների և մոնիթորինգի, Հիդրոգրաֆիայի, Հիդրոմորֆոլոգիայի և մոնիթորինգի, Ագրոօդերութաբանության, Անտառային մոնիթորինգի բաժինների, ինչպես նաև օպերատիվ ծառայության աշխատակիցները։
Միջոցառման ընթացքում ներկայացված նյութերին կարող եք ծանոթանալ այստեղ: