Ապրիլի 20-ին «Փարիզի համաձայնագրի ներքո Հայաստանի թափանցիկության ազգային շրջանակի կառուցում» (CBIT) ՄԱԶԾ-ԳԷՀ ծրագրի շրջանակում կայացավ «Հայաստանում կլիմայի փոփոխության հարմարվողականության մշտադիտարկում և գնահատում» խորագրով դասընթացը:
Դասընթացի նպատակն էր շահառուներին ներկայացնել կլիմայի փոփոխության հարմարվողականության մշտադիտարկման և գնահատման համակարգի անհրաժեշտությունը, կիրառելիությունը, միջազգային փորձը, ինչպես նաև ակտիվ խմբային աշխատանքների ու քննարկումների միջոցով զարգացնել մշտադիտարկման և գնահատման համակարգի գործարկման, տվյալների կառավարման և ոլորտային հարմարվողականության կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ ցուցիչների հստակեցման, դրանց մշտադիտարկման և գնահատման համար անհրաժեշտ ընթացակարգերի գործառնականացման կարողությունները:
Դասընթացն անցկացվում էր CBIT ծրագրի կապալառու «Գաուսս» միջազգային կազմակերպության կողմից և նախատեսված էր ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի և Փարիզյան համաձայնագրի պահանջների և դրույթների կատարման հարցերով միջգերատեսչական համակարգող խորհրդի, դրա աշխատանքային խմբերի անդամների, այլ պետական գերատեսչությունների, գիտական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների համար:
Միջոցառման ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկավ ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը, ով ընդգծեց կլիմայի փոփոխության հարմարվողականության մշտադիտարկման և գնահատման համակարգի կարևորությունը ոլորտային ու մարզային հարմարվողականության ծրագրերի շրջանակում ներառված միջոցառումների ընթացքի և արդյունավետության գնահատման, երկարաժամկետ հարմարվողականության քաղաքականության պլանավորման գործընթացում:
Հարմարվողականության մշտադիտարկման և գնահատման համար կենսունակ մեխանիզմի ստեղծումն ազգային հարմարվողականության պլանավորման գործընթացի կարևոր բաղադրիչներից է: Ըստ ՀՀ կառավարության 749-ն որոշման՝ ազգային, ոլորտային և մարզային հարմարվողականության ծրագրերը մշակվում են 5-ամյա պարբերականությամբ: Այս համատեքստում, ինչպես նաև հաշվի առնելով կլիմայի փոփոխության ազդեցությունների կանխատեսումների բարդությունը, առանձնակի կարևորվում է իրականացվող հարմարվողականության միջոցառումների մշտադիտարկումն ու դրանց արդյունավետության գնահատումը՝ ըստ հաստատված ոլորտային ցուցիչների և ստանդարտ գործառնական ընթացակարգերի:
Միջոցառմանը ներկա գտնվեց և առցանց մասնակցեց Շրջակա միջավայրի, Էկոնոմիկայի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Արտակարգ իրավիճակների, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Առողջապահության և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունների, Կադաստրի կոմիտեի, Վիճակագրության կոմիտեի, Քաղաքաշինության կոմիտեի, ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի, Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ, «Գաուսս» միջազգային խորհրդատվական ընկերությունների, գիտական հաստատությունների և ՄԱԶԾ ավելի քան 50 ներկայացուցիչ:
Կլիմայի փոփոխության հարմարվողականության մշտադիտարկման և գնահատման համակարգի՝ ներառյալ գյուղատնտեսության և ջրային ռեսուրսների ոլորտների համար ցուցիչների մշակման աշխատանքները մեկնարկել էին 2022թ.-ին «Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում» ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանակում:
Միջոցառման օրակարգը և ներկայացված նյութերը հասանելի են այստեղ: