«Հարմարվողականության ազգային ծրագիր՝ Հայաստանում միջնաժամկետ և երկարաժամկետ հարմարվողականության պլանավորման առաջխաղացման համար» (ՀԱԾ) ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանակում մեկնարկել է «Կլիմայի փոփոխության հարմարվողականության ինտեգրումը մարզային և համայնքային զարգացման ռազմավարություններում» դասընթացների շարքը: Դասընթացներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայի կողմից և նպատակ ունեն բարձրացնել տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններում և մասնավոր հատվածում որոշումներ կայացնող անձանց իրազեկվածությունը կլիմայի փոփոխության նկատմամբ Հայաստանում առկա խոցելիությունների, ռիսկերի և հարմարվողականության հնարավորությունների վերաբերյալ, ինչպես նաև զարգացնել նրանց՝ կլիմայի փոփոխության հարմարվողականության պլանավորման կարողությունները:
Նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին կայանալիք դասընթացներում նախատեսվում է ընդգրկել ՀՀ մարզերից առնվազն 150 մասնակից, այդ թվում՝ ՀՀ մարզպետարանների տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչությունների, գյուղատնտեսության և բնապահպանության վարչությունների, զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժինների քաղաքացիական ծառայողներ, ՀՀ համայնքների ղեկավարներ, ավագանիների անդամներ, համայնքային ծառայողներ, մասնավոր հատվածի ներկայացուցիչներ:
Դասընթացներն արդեն մեկնարկել են. 2022 թվականի նոյեմբերի 3-ին և 4-ին Շիրակի և Լոռու մարզերում անցկացվեց 6 ակադեմիական ժամ տևողությամբ երկու դասընթաց: Դասընթացները կազմակերպվել են ՀՀ պետական կառավարման ակադեմիայի կողմից’ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ սերտ համագործակցությամբ: Դասընթացների ընթացքում մասնակիցները ծանոթացան Հայաստանում կլիմայի փոփոխությանը և կլիմայի փոփոխության ռիսկերին ու խոցելիությանը, գյուղատնտեսության, ջրային ռեսուրսների, զբոսաշրջության ոլորտներում կլիմայական ռիսկերի նկատմամբ խոցելիության գնահատումների արդյունքներին, կլիմայի փոփոխության հարմարվողականության պլանավորմանը համայնքային մակարդակում, տարածքային (մարզային) զարգացման ռազմավարություններում կլիմայի փոփոխության հարմարվողականության և կլիմայական ռիսկերի կառավարման նկատառումների ինտեգրմանը և այլն: Մասնակիցներից 19-ը Շիրակի մարզից են, 16-ը` Լոռու մարզից:
Նմանատիպ դասընթացներ կկազմակերպվեն նաև մնացած 8 մարզերի ներկայացուցիչների համար: