Հայ
Eng
ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչը և Շվեդիայի դեսպանը ծանոթացան Ալավերդիում ՇՄԶԳ աջակցությամբ իրականացվող ծրագրի ձեռքբերումներին
05 մարտի 2026

ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչը և Շվեդիայի դեսպանը ծանոթացան Ալավերդիում ՇՄԶԳ աջակցությամբ իրականացվող ծրագրի ձեռքբերումներին

Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt
Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt

2026 թվականի մարտի 5-ին, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին և Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ն․Գ․ Էվա Սունդքվիստն այցելեցին Ալավերդի համայնք՝ ծանոթանալու Շվեդիայի միջազգային զարգացման և համագործակցության գործակալության (ՇՄԶԳ) կողմից ֆինանսավորվող ՄԱԶԾ «Համայնքի կայունության ամրապնդում էներգաարդյունավետության և ցածր արտանետումների զարգացման միջոցով» ծրագրի ձեռքբերումներին։ Այցին մասնակցեց նաև Ալավերդու համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը։

 

Այցը մեկնարկեց 2024թ․-ին վերակառուցված Ալավերդու մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում։ Երբեմնի անմխիթար վիճակում գտնվող շենքն այսօր դարձել է ակտիվ համայնքային կենտրոն․ վերաբացումից ի վեր այստեղ անցկացվել է ավելի քան 32 միջոցառում և թատերական ներկայացում։ Կենտրոնը ներկայում գործում է նաև որպես մանկապատանեկան ստեղծագործական հարթակ և ունի շախմատի ակումբ՝ 20 երեխայի համար։ ՇՄԶԳ աջակցությամբ կենտրոնում ներդրվել են էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի լուծումներ:

 

Ալավերդու պետական արհեստագործական քոլեջում պատվիրակությունը ծանոթացավ «Վերականգնվող էներգիա և էներգաարդյունավետ տեխնոլոգիաներ» երեքամյա կրթական ծրագրին, որը մեկնարկել է 2024 թ.-ի սեպտեմբերին։ ՇՄԶԳ ֆինանսավորումն ողղվել է ուսումնական ծրագրի մշակմանը, լաբորատոր սարքավորումների ձեռք բերմանը և խոցելի խմբերի ուսանողների ուսման վարձի աջակցությանը։ Ուսումնական ծրագրի դրական արդյունքներն արդեն տեսանելի են․ շրջանավարտներն աշխատում են արևային համակարգերի տեղադրման ընկերություններում, իսկ ոլորտի ընկերությունների հետ համագործակցության շրջանակում ներկայում 33 ուսանող անցնում է վճարովի գործնական փորձառություն։

 

Օձուն բնակավայրում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչը և դեսպանը հանդիպեցին ծրագրի կողմից աջակցություն ստացած 50 խոցելի ընտանիքներից մեկին, որի տան տանիքին տեղադրվել է 2 կՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային համակարգ։ Համակարգերը տարեկան արտադրում են մոտ 140,000 կՎտժ էլեկտրաէներգիա՝ նպաստելով   58.8 տոննա ածխածնի արտանետումների կրճատմանը և շահառու ընտանիքների համար ապահովելով շուրջ 10,800 ԱՄՆ դոլար տարեկան խնայողություն (միջինում մոտ 216 ԱՄՆ դոլար յուրաքանչյուր ընտանիքի համար):

 

Այցի ավարտին պատվիրակությունն այցելեց  ծրագրի աջակցությամբ գործող 500 կՎտ հզորությամբ Մղարթի համայնքային արևային ֆոտովոլտային կայան։ 2025 թ․-ի դեկտեմբերին գործարկումից ի վեր, կայանն արդեն արտադրել է ավելի քան 139,313 կՎտժ էլեկտրաէներգիա։ Կանխատեսվում է, որ կայանի տարեկան արտադրությունը կկազմի 970 ՄՎտժ էլեկտրաէներգիա (մոտավորապես 52,000 ԱՄՆ դոլար արժողությամբ), ինչը կնպաստի համայնքի էներգետիկ անկախությանը և կայուն զարգացմանը։

 

Ծրագրի շրջանակում 34 բնակելի շենք վերազինվել է մասնակիորեն, իսկ 2 բնակելի շենք՝ ամբողջությամբ։ Իրականացվել է նաև հանրային 8 շենքի վերանորոգում և վերազինում։ Արևային ֆոտովոլտային համակարգեր տեղադրվել են նաև հանրային հաստատություններում, այդ թվում՝ մանկապարտեզներում և առողջապահական կենտրոններում։ Փողոցային լուսավորության համար մատակարարվել և տեղադրվել են LED լամպեր։ Արդյունքում՝ համայնքի մակարդակով բարելավվել է էներգաարդյունավետությունը և նվազել են ջերմոցային գազերի արտանետումները։ Ծրագրի աջակցությամբ մշակվել է նաև Ալավերդի համայնքի առաջին սոցիալական զարգացման ծրագիրը։

 

Ծրագիրն իրականացվում է ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի կողմից Շվեդիայի միջազգային զարգացման և համագործակցության գործակալության ֆինանսավորմամբ ՝ Ալավերդու համայնքի հետ համագործակցությամբ, և համակարգվում է ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից։


Կիսվել