Հայ
Eng
ՄԱԶԾ-ն աջակցում է Ալավերդու համայնքին սոցիալական զարգացման ծրագրի մշակման գործում
18 հուլիսի 2025

ՄԱԶԾ-ն աջակցում է Ալավերդու համայնքին սոցիալական զարգացման ծրագրի մշակման գործում

Alt Alt Alt Alt Alt
Alt Alt Alt Alt Alt

2025 թվականի հուլիսի 17-ին Ալավերդու համայնքապետարանում, «Համայնքի կայունության ամրապնդում էներգաարդյունավետության և ցածր արտանետումներով զարգացման միջոցով» ծրագրի շրջանակում, տեղի ունեցավ Ալավերդու համայնքի սոցիալական զարգացման ծրագրի մշակման աշխատանքային խմբի նիստը։ Ծրագիրն իրականացվում է ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի կողմից՝ Շվեդիայի կառավարության (Sida) ֆինանսավորմամբ և ՀՀ կառավարության և Ալավերդու համայնքապետարանի հետ համագործակցությամբ և համաֆինանսավորմամբ:

 

2024 թվականին ընդունված «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ նոր օրենքով համայնքներում պարտադիր է դարձել համայնքային սոցիալական ծրագիր ունենալը: Ալավերդու համայնքապետարանը նախատեսում է պատրաստի ծրագիրն ունենալ արդեն 2026-ին։

 

Նիստի ընթացքում ՄԱԶԾ ծրագրի համակարգող Արեգա Մարտիրոսյանը ներկայացրեց ծրագրի փորձագետ Աստղիկ Մինասյանին, որը կաջակցի համայնքային սոցիալական ծրագրի մշակմանը, որն ուղղված կլինի բնակիչների, հատկապես խոցելի խմբերի համար էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի հասանելիության բարելավմանը։

 

Տիկին Մինասյանը ընդգծեց, որ սոցիալական աջակցությունը պետք է սկսվի կարիքների գնահատումից, որը հիմնված է տվյալների հավաքագրման, հարցազրույցների և ֆոկուս խմբային քննարկումների վրա։ Աշխատանքային խումբը, որը բաղկացած է համայնքային պաշտոնյաներից, սոցիալական աշխատողներից և տարբեր կառույցների ներկայացուցիչներից, կհավաքագրի տեղեկություն հիմնական շահակիցների հետ հարցազրույցներ իրականացնելու միջոցով։ Նա հավելեց, որ համայնքային սոցիալական աշխատողների վրա դրված լրացուցիչ պարտականությունները կլինեն պատվիրակված ծառայություններ և կվարձատրվեն հավելյալ։

 

Համայնքի ղեկավարի հրամանով ստեղծված աշխատանքային խումբը նախատեսում է առաջիկա երկու ամիսների ընթացքում կազմել տվյալների բազա և մշակել սոցիալական զարգացման ծրագրի ուղղությունները, որոնք կքննարկվեն և կհաստատվեն Ալավերդու համայնքի ավագանու կողմից։


Կիսվել