Հունվարի 16-ին տեղի ունեցավ «Խելամիտ կլիմայական գյուղատնտեսությունը և հարմարվողականությունը կլիմայի փոփոխության հետևանքների նկատմամբ Հայաստանում» թեմայով աշխատաժողովը, որի նպատակն էր ոլորտի շահառուների հետ քննարկել կլիմայի փոփոխության համատեքստում գյուղատնտեսության ոլորտի խոցելիությունը և հետևանքների մեղմման ու հարմարվողականության հնարավոր լուծումները, ներկայացնել «Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում» (ՀԱԾ) ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանակում Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն (CARD) հայկական հիմնադրամի կողմից գուղատնտեսության ոլորտում իրականացվող ուսումնասիրության ընթացքն ու նախատեսվող աշխատանքները, ինչպես նաև ծանոթանալ Միացյալ Նահանգներում կիրառվող Խելամիտ կլիմայական գյուղատնտեսության (ԽԿԳ) փորձին: Միջոցառումը կազմակերպվել էր ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի` «Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում» ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանակում, CARD հիմնադրամի և ԱՄՆ Քորնելի համալսարանի գյուղատնտեսության և կենսաբանության քոլեջի (Cornell CALS) կողմից:
ՄԱԶԾ hայաստանյան գրասենյակի Կայուն աճի և զարգացման բաժնի ղեկավար Արմեն Մարտիրոսյանն իր ողջույնի խոսքում ընդգծեց կլիմայի փոփոխության հետևանքներին ավելի աչալուրջ և պատրաստված լինելու կարևորությունը՝ նշելով, որ վերջին 20 տարիների ընթացքում կլիմայի փոփոխությամբ պայմանավորված գլոբալ տնտեսական կորուստները, նախնական տվյալներով, աճել են 2.5 անգամ՝ 1978-1990 թթ-ին հաշվառված 1.3 տրիլիոն ԱՄՆ դոլարից 1998-2017թթ ժամանակահատվածում հասնելով 2.9 տրիլիոն ԱՄՆ դոլարի: Ընդ որում, նույնիսկ ամենազարգացած երկրներում բնական աղետներից առաջացած կորուստների հաշվարկը կատարվում է աղետների ընդամենը 53 տոկոսի համար և ոչ ամբողջական, այսինքն հաշվառվում են միայն ուղղակի կորուստները: Զարգացող երկրներում այդ ցուցանիշը կազմում է միայն 13 տոկոս:
«ՄԱԿ-ի Զարգացման Ծրագիրն աջակցում է երկրներին կլիմայական քաղաքականության ձևավորմանը, ինչպես հարմարվողականության, այնպես էլ մեղմման առումով: Հայաստնում կլիմայի փոփոխության հարցերը ՄԱԶԾ-ի ուշադրության կենտրոնում են արդեն գրեթե 20 տարի: Այսօր այս ուղղությամբ իրականցվող ծրագրերի ընդհանուր արժողությունը կազմում է 26 միլիոն ԱՄՆ դոլար, որից 3 միլիոնը հատկացված է «Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում» ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրին, որը կնպաստի սահմանված խոցելի ոլորտներում կլիմայի հարմարվողականության միջոցների ներդրմանը», հավելեց նա:
Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի հիմնախնդիրներն ու կլիմայի փոփոխությանը հնարավոր և անհրաժեշտ հարմարվողականության միջոցառումները պարզելու համար «Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում» ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանակում իրականացվում է «Հայաստանում կլիմայի փոփոխության նկատմամբ գյուղատնտեսության ոլորտի խոցելիության և կլիմայի փոփոխության հարմարվողականության պլանավորման գնահատման» ուսումնասիրությունը: Աշխատանքներն իրականացնում է CARD հիմնադրամը:
«CARD հիմնադրամն անդրադարձել է կլիմայի փոփոխության ազդեցության հիմնախնդրին իր գործունեության առաջին իսկ օրերից: Մեր կազմակերպության նախաձեռնությամբ եղանակի տեսության առաջին կայանները տեղադրվել են Արարատյան հարթավայրում և Մեղրիում՝ ուսումնասիրելու կլիմայի փոփոխության ազդեցությունը տարբեր հիվանդությունների առաջացման և տարածման վրա: Կաթիլային ոռոգման համակարգը Հայաստանում առաջին անգամ ներդրվել է CARD հիմնադրամի կողմից Այգեհովիտի փորձացուցադրական խաղողի այգում: Խնդիրը մշտապես եղել և մնում է մեր ուշադրության կենտրոնում, և ուրախ ենք, որ մասն ենք կազմում այս կարևոր նախաձեռնության» իր ողջույնի խոսքում նշեց CARD հիմնադրամի տնօրեն Գագիկ Սարդարյանը:
ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը ներկայացրեց Հայաստանում կլիմայի փոփոխության հետևանքների ամփոփ նկարագիրը, կանխատեսումները, հիդրոօդերեւութաբանական վտանգավոր երեւույթների նկատմամբ գյուղատնտեսության առկա և կանխատեսվող խոցելիությունը՝ ըստ մարզերի, ինչպես նաև ՄԱԶԾ-ԿԿՀ ՀԱԾ ծրագրի ժամանակացույցն ու նախատեսվող աշխատանքները:
ԱՄՆ Քորնելի համալսարանի ավագ գիտաշխատող Էլիսոն Չատրչյանը ներկայացրեց Խելամիտ կլիմայական գյուղատնտեսության հայեցակարգն ու քաղաքականությունը, իսկ CARD հիմնադրամի փորձագետ, Համֆրի ծրագրի շրջանավարտ Արտակ Խաչատրյանը մանրամասնեց ԱՄՆ-ում Խելամիտ կլիմայական գյուղատնտեսության կիրառման փորձն ու օրինակները: Ներկայացվեցին նաև Քորնելի համալսարանի ուսանողի կողմից իրականացված կլիմայի փոփոխության հարմարվողականության ծրագրերում գյուղացիներին ներգրավման կարևորությունը գնահատող հետազոտության նախնական արդյունքները ներառյալ Հայաստանում իրականացված ուսումնասիրությունները:
Աշխատաժողովի մասնակիցները ծանոթացան նաև «Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում» ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանակում CARD հիմնադրամի կողմից իրականացվող՝ «Հայաստանում կլիմայի փոփոխության նկատմամբ գյուղատնտեսության ոլորտի խոցելիության և կլիմայի փոփոխության հարմարվողականության պլանավորման գնահատման» ուսումնասիրության մոտեցումներին, մեթոդաբանության ու նախատեսվող աշխատանքներին:
Աշխատաժողովը եզրափակվեց շահառուների հետ Հայաստանում կլիմայի փոփոխությունների և գյուղատնտեսության հիմնահարցերի վերաբերյալ թեմատիկ քննարկմամբ, որի ընթացքում բարձրաձայնած հիմնահարցերն ու առաջարկները հետագայում կքննարկվեն և հաշվի կառնվեն ոլորտի խոցելիության գնահատման ընթացքում:
ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանի զեկույցը
ԱՄՆ Քորնելի համալսարանի ավագ գիտաշխատող Էլիսոն Չատրչյանի զեկույցը
CARD հիմնադրամի փորձագետ, Համֆրի ծրագրի շրջանավարտ Արտակ Խաչատրյանի զեկույցը
Քորնելի համալսարանի ուսանող Քիլին Քելլիի զեկույցը
CARD հիմնադրամի ծրագրի ղեկավար Գագիկ Գաբրիելյանի զեկույցը