Հայ
Eng
«Էկո-Թոն Տավուշի» երիտասարդ մասնակիցները քննարկել են մարզում կլիմայի փոփոխության մարտահրավերներն ու դրանց հնարավոր լուծումները
12 նոյեմբերի 2019

«Էկո-Թոն Տավուշի» երիտասարդ մասնակիցները քննարկել են մարզում կլիմայի փոփոխության մարտահրավերներն ու դրանց հնարավոր լուծումները

Alt

Նոյեմբերի 8-ին Դիլիջանում տեղի ունեցավ «Էկոթոն Տավուշ» միջոցառումը: Վերջինիս նպատակն էր համախմբել ոլորտի փորձագետներին, շահագրգիռ կողմերին և համայնքի անդամներին Տավուշում առկա կլիմայի մարտահրավերները քննարկելու և հնարավոր լուծումներ մշակելու համար: Միջոցառումը կազմակերպվել էր «Կանայք կլիմայում և էներգետիկայում» ՀԿ-ի և «Այրես զարգացման հիմնադրամի» կողմից`  ԷկոՔվեստ ծրագրի շրջանակներում, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության, ՄԱԶԾ կլիմայի փոփոխության ծրագրի և Դիլիջանի միջազգային դպրոցի գործընկերությամբ ու աջակցությամբ:


«Երեխաներն ու պատանիներն ամենաքիչն են պատասխանատու կլիմայի փոփոխության համար, սակայն նրանք կրելու են դրա ազդեցության ամենամեծ բեռը: Մենք
երիտասարդներին ներգրավեցինք իրենց համայնքի խնդիրները լուծելու գործում: Փոքր լուծումները կարող են մեծ ազդեցություն ունենալ, եթե մենք
ներգրավենք մեր հասարակության բոլոր խմբերին, ներառյալ երիտասարդներին և կանանց: Այսօր մենք միավորվել են ավելի պայծառ ապագայի համար»,- նշեց «Կանայք կլիմայում և էներգետիկայում» ՀԿ հիմնադիր նախագահ Նունե Սաքանյանը:


«ԷկոԹոն Տավուշի» ընթացքում փորձագետները ներկայացրեցին կլիմայի փոփոխության, անտառապատման, վերականգնվող էներգառեսուրսների, թափոնների կառավարման և այլ հիմնահարցեր, քննարկվեցին նաև Տավուշի մի շարք բնակավայրերում առկա բնապահպանական խնդիրները: Տավուշի 9 բնակավայրերից ավելի քան 50 երիտասարդ հնարավորություն ունեցան մենթորների հետ պրակտիկ աշխատանքի ընթացքում մշակել և այնուհետև ներկայացնել ծրագրեր ուղղված իրենց համայնքներում առկա խնդիրների լուծմանը: Լավագույն 4 խմբերը ստացան ներկայացրած ծրագրերն իրականացնելու աջակցություն:


«Հայաստանը կլիմայի փոփոխության առումով խոցելի երկրների շարքում է: Կլիմայի փոփոխության ազդեցության մեղմանը, ինչպես նաև դրանով պայմանավորված պայմաններին հարմարվողականությանն ուղղված քայլերն անհրաժեշտ նախապայման են դարձել երկրի կայուն զարգացման համար: Գործողությունների ընթացքը պետք է համակարգվի ազգային մակարդակով՝ Հարմարվողականության ազգային ծրագրի միջոցով, որը ներառում է բոլոր խոցելի ոլորտները, սակայն համայնքների ակտիվ մասնակցությունն անհրաժեշտ է սահմանված գործողությունների պատշաճ իրականացումն ապահովելու համար»,-
ասում է «Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում» ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի համակարգող Գոհար Հովհաննիսյանը:


«ԷկոԹոն Տավուշն» անցկացվեց Դիլիջանի միջազգային դպրոցում՝ նաև դպրոցի սաների և դասախոսական կազմի ներկայացուցիչների մասնակցությամբ: ԷկոԹոնի ընթացքում սաների կողմից ներկայացվեցին նաև Դիլիջանի միջազգային դպրոցի կողմից արդեն կիրառվող և նախատեսվող կայուն զարգացման լուծումները:


«Մենք Դիլիջանի միջազգային դպրոցում կարծում ենք, որ կրթությունը մարդկանց, ժողովուրդներին և մշակույթներին համախմբելու ուժ է՝ հանուն խաղաղության և կայուն ապագայի: Ունենալով 82 երկրներից ուսանողներ մեր տանիքի տակ՝ մենք աշխարհը բերեցինք Տավուշի մեծ համայնքի դռան շեմին: Այժմ ժամանակն է բացել մեր դռները կայուն ապագան կերտելու համար: Ներգրավվածությունը մեր հաջողության բանալին է: Մեր կրթությունը թերի կլիներ առանց դրա»,- ասում է Դիլիջանի միջազգային դպրոցի Կայունության համակարգող Գաուտամ Բաներջին:



Կիսվել