Հայ
Eng
Ալավերդի համայնքը կունենա սոցիալական զարգացման պլան
17 հուլիսի 2025

Ալավերդի համայնքը կունենա սոցիալական զարգացման պլան

Alt Alt Alt Alt
Alt Alt Alt Alt

Ալավերդի համայնքը կունենա սոցիալական զարգացման պլան

2025թ հուլիսի 17-ին Ալավերդու համայնքապետարանում «Համայնքի կայունության ամրապնդում էներգաարդյունավետության և ցածր արտանետումներով զարգացման միջոցով» ՄԱԶԾ-Sida ծրագրի շրջանակներում կայացավ Ալավերդի համայնքի համայնքային սոցիալական ծրագրի մշակման աշխատանքային խմբի նիստը:

Հանդիպման սկզբում ՄԱԶԾ ծրագրի ներկայացուցիչ Արեգա Մարտիրոսյանը մասնակիցներին ներկայացրեց ծրագրի փորձագետ Աստղիկ Մինասյանին, նշելով որ փորձագետի ներգրավումը նպատակ ունի աջակցելու սոցիալական զարգացման ծրագրի մշակմանը՝ որը ի թիվս այլ հարցերի պետք է նպաստի էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի միջոցառումները հասանելի դարձնելու բնակիչների և անապահով բնակավայրերի խնդիրները լուծելուն:

Տիկին Մարտիրոսյանը հղում կատարեց ծրագրի խորհրդի որոշմանը. «Ծրագրի շրջանակներում կառուցված Մղարթ բնակավայրում 500 կՎտ հզորությամբ համայնքային սեփականություն հանդիսացող արևային ֆոտովոլտային կայանի գեներացված գումարները նույնպես ուղղվելու են համայնքում սոցիալական աջակցության և էներգաարդյունավետ ծրագրերի իրականացմանը, որը ըստ էության չի լինելու զուտ դրամական աջակցություն տրամադրելը, այլ խոցելի ընտանիքներին օգնելու է բարելավելու իրենց կենսապայմանները»։

Աստղիկ Մինասյանը, ով նաև այս պահին ներգրավված է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից սոցիալական աջակցության ծրագրերի և դրանց իրականացման կարգերի և ուղեցույցների մշակման գործընթացներում նշեց, որ այս ՄԱԶԾ ծրագիրը շատ լավ հնարավորություն է առաջնային օղակից հավաքագրելու այն բոլոր տվյալները, որոնք կօգնեն պետության կողմից մշակվող կարգերն ու ուղեցույցները լավարկելու և կիրառելի դարձնելու համար։

Տիկին Մինասյանը նշեց որ, այսուհետ սոցիալական աջակցության ծրագրերը պետք է միտված լինեն համայնքի զարգացմանը և ինչպես բոլոր ծրագրերը այն պետք է սկսվի կարիքի գնահատումից, իսկ կարիքների գնահատումը բնականաբար պետք է սկսել տվյալների հավաքագրումից։ Դա կարող է արվել պետական վիճակագրական տվյալների վերլուծության, հարցազրույցների և ֆոկուս խմբային քննարկումների միջոցով, որով առաջնային փուլում պետք է զբաղվի աշխատանքային խումբը։

Համայնքի ղեկավարի հրամանով ստեղծված աշխատանքային խումբը պետք իրականացնի հարցազրույցներ տեղեկատվության հավաքագրման համար նախապես մշակված հարցաշարերով համայնքի 10 առանցքային պաշտոնյաների և մասնագետների հետ՝ Ալավերդի համայնքի ղեկավարի, Ալավերդի համայնքի սոցիալական աշխատողների, Ալավերդի համայնքի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդների և սոցիալական աջակցության բաժնի պետի, Ալավերդի համայնքի զարգացման ծրագրերի և տուրիզմի բաժնի պետի, 4 խոշոր բնակավայրերի վարչական ղեկավարների, Թումանյանի ՄՍԾ ՏԿ տնօրենի ու 1 դեպք վարողի, «Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրենի, «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ տնօրենի և «Նավակ» ընտանիքի և երեխայի զարգացման Ալավերդու համայնքային կենտրոնի համակարգողի հետ։

Ալավերդի համայնքի համայնքային սոցիալական ծրագրի մշակման աշխատանքային խմբի համակարգող, Ալավերդի համայնքի ղեկավարի խորհրդական Արթուր Մանուկյանը նշեց, որ Ալավերդու համայնքում խնդիր ունեն սոցիալական աշխատողների ներգրավման։ Հաստիքացուցակով նախատեսված է չորս, բայց հիմա երկու սոցիալական աշխատող ունի համայնքը։ Ալավերդի համայնքը շատ մեծ է, 28 բնակավայր ու բարդ աշխարհագրություն ունի, երկու սոցիալական աշխատողը ֆիզիկապես չեն հասցնում արձանագրել բոլոր խոցելի ընտանիքներին ու խմբերին։

Ըստ նոր կարգավորումների համայնքային սոցիալական աշխատողների վրա ավելի շատ պարտականություններ են դրվում, որոնցից է նաև սոցիալական պատրոնաժը։

Նինա Մամաջանյանը մտահոգություն հայտնեց, արդյո՞ք դա ավելորդ ծանրաբեռնվածություն չի լինելու, այն էլ ծանրաբեռնված համայնքային սոցիալական աշխատողների վրա, որին ի պատասխան Աստղիկ Մինասյանը նշեց, որ դրանք լինելու են պատվիրակված ծառայություններ, հետևաբար լրացուցիչ վարձատրությամբ։

Աստղիկ Մինասյանը նշեց նաև, որ աշխատանքային խումբը ըստ էության կարող է իր համար շատ ճկուն գրաֆիկ ստեղծել, օգտագործելով հանդիպումների կազմակերպման բոլոր հնարավոր միջոցները՝ օնլայն և օֆլայն տարբերակով։

Աշխատանքների համար նախատեսված է երկու ամիս, և Ալավերդի համայնքի համայնքային սոցիալական ծրագրի մշակման աշխատանքային խմբի անդամները լիահույս էին, որ երկու ամիս հետո Ալավերդի համայնքը կունենա Ալավերդի համայնքի սոցիալական ծրագրերի մշակման համար անհրաժեշտ տվյալների բազան, ուղղությունները և համայնքի սոցիալական զարգացման պլանը, որն էլ կներկայացվի Ալավերդու ավագանու հաստատմանը։

«Համայնքի կայունության ամրապնդում էներգաարդյունավետության և ցածր արտանետումներով զարգացման միջոցով»  ծրագիրը ֆինանսավորվում է Շվեդիայի կառավարության միջոցով և իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի կողմից՝ ՀՀ կառավարության և Ալավերդու համայնքապետարանի հետ համագործակցությամբ և համաֆինանսավորմամբ:


Կիսվել