Ալավերդի համայնքի թիվ 2 և թիվ 7 մանկապարտեզներից յուրաքանչյուրում Էլեկտրական էներգիայի սեփական կարիքներն ապահովելու նպատակով տեղակայվել է 10 կՎտ դրվածքային հզորությամբ արևային ֆոտովոլտային համակարգ: Երկու մանկապարտեզներում ընդհանուր հաշվով հաճախում է 176 երեխա։ Մանկապարտեզների էլեկտաէներգիայի տարեկան ծախսը՝ մոտ 24 հազար կՎտժ ամբողջությամբ կապահովեն արևային համակարգերը։
«Ամալյա Կարապետյանի անվան» թիվ 7 մանկապարտեզում գործում է 4 խումբ, հաճախում է 103 սան։ Այս պահին ջեռուցումը իրականացվում է կենտրոնացված համակարգով։ Սահմանված ջերմաստիճանն ապահովվում է, սակայն դրվածքային հզորությամբ արևային ֆոտովոլտային համակարգի տեղադրումից հետո հնարավոր կլինի տնտեսել էլեկտրաէներգիայի ծախսը,- ասում է մանկապարտեզի տնօրեն Սոնա Նալբանդյանը։
Սույն միջոցառումը համահունչ է Ալավերդի համայնքի ավագանու կողմից 2024 թվականին հաստատված Կայուն էներգետիկ և կլիմայական գործողությունների ծրագրին և այն նպաստելու է համայնքի CO2 արտանետումների կրճատմանն ուղղված քաղաքականության իրականացմանը։
Յուրաքանչյուր արևային համակարգը բաղկացած է 18 ֆոտովոլտային վահանակներից, որոնք տեղադրված են տանիքածածկին, 10 կՎտ հզորությամբ ցանցային փոխակերպիչից և այլ օժանդակ սարքավորումներից։
Արդյունքում արևային ՖՎ համակարգերը կապահովեն տարեկան շուրջ մոտ 1 միլիոն 280․0 հազար ՀՀ դրամի տնտեսում, և մոտ 9,5 տոննա CO2 համ կրճատում։
Համակարգերի կառուցումն իրականացվել է «Համայնքի կայունության ամրապնդում էներգաարդյունավետության և ցածր արտանետումներով զարգացման միջոցով» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը ֆինանսավորվում է Շվեդական միջազգային զարգացման և համագործակցության գործակալության (ՇՄԶԳ) և իրականացվում է ՄԱԶԾ-ի կողմից՝ Ալավերդու համայնքապետարանի հետ համատեղ։