Հայ
Eng
Եվրոպական միությունը, ՄԱԶԾ-ն և ՄԱԿ-ի գործընկերները մեկնարկել են Հայաստանում օդի որակի կառավարման բարելավմանն ուղղված նոր նախաձեռնություն
19 օգոստոսի 2026

Եվրոպական միությունը, ՄԱԶԾ-ն և ՄԱԿ-ի գործընկերները մեկնարկել են Հայաստանում օդի որակի կառավարման բարելավմանն ուղղված նոր նախաձեռնություն

Alt Alt Alt Alt Alt
Alt Alt Alt Alt Alt

2026թ. օգոստոսի 19-ին Եվրոպական միությունը, ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ) և ՄԱԿ-ի գործընկեր կառույցները՝ Հայաստանի Հանրապետության կառավարության հետ համագործակցությամբ, պաշտոնապես մեկնարկեցին «Մաքուր օդ՝ հանուն առողջության և կանաչ աճի Հայաստանում» (EU4Clean Air in Armenia) համատեղ ծրագիրը։ Եռամյա նախաձեռնության նպատակն է ամրապնդել Հայաստանի կարողությունները՝ օդի որակը մշտադիտարկելու, գնահատելու և կարգավորելու ուղղությամբ՝ նպաստելով ավելի առողջ համայնքների և կայուն կանաչ աճի ապահովմանը։

Մեկնարկային միջոցառմանը մասնակցեցին Հայաստանի Հանրապետության կառավարության, Եվրոպական միության, ՄԱԿ-ի համակարգի և միջազգային փորձագիտական հանրության ներկայացուցիչներ, որոնք քննարկեցին Հայաստանում օդի որակի ոլորտի առկա մարտահրավերներն ու բարելավման առաջնահերթությունները։

ՄԱԶԾ-ի մշտական ներկայացուցչի պաշտոնակատար Կոնստանտին Սոկուլսկին ընդգծեց, որ ծրագիրը հիմնվելու է օդի որակի պահպանության օրենսդրության և ինստիտուցիոնալ համակարգի ամրապնդման ուղղությամբ Հայաստանի արձանագրած առաջընթացի վրա՝ միաժամանակ անդրադառնալով առկա բացերին։ Ուժեղ ազգային պատասխանատվության և ՄԱԿ-ի գործընկերների համատեղ փորձագիտական ներուժի շնորհիվ ծրագիրը կնպաստի օդի որակի կառավարման համակարգի ամրապնդմանը, մշտադիտարկման համակարգերի արդիականացմանը, օդի որակի վերաբերյալ տեղեկատվության ստեղծման և հանրության համար հասանելիության բարելավմանը, ինչպես նաև ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով (CEPA) Հայաստանի ստանձնած հանձնառությունների կատարմանը։

Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Վացլավ Շտերբան ծրագրի մեկնարկը որակեց որպես կարևոր հանգրվան օդի որակի մարտահրավերներին համապարփակ, փաստահեն և հեռանկարային մոտեցմամբ արձագանքելու համատեղ ջանքերում՝ վերահաստատելով ԵՄ-ի, Հայաստանի կառավարության և իրականացնող գործընկերների միջև ամուր համագործակցությունը։

Առաջիկա երեք տարիների ընթացքում ծրագիրը կնպաստի օդի որակի մշտադիտարկման ազգային ցանցի արդիականացմանն ու ընդլայնմանը, եվրոպական չափանիշներին համապատասխան իրավական և կարգավորող շրջանակի ամրապնդմանը, ինստիտուցիոնալ և տեխնիկական կարողությունների զարգացմանը, ինչպես նաև թվային գործիքների, այդ թվում՝ օդի որակի պորտալի և բջջային հավելվածի միջոցով, օդի որակի վերաբերյալ հավաստի տեղեկատվության հանրային հասանելիության բարելավմանը։

Ներբեռնել նյութերը


Կիսվել