Սեպտեմբերի 23-ին պաշտոնապես մեկնարկեց «Հայաստանում կլիմայական թափանցիկության ազգային շրջանակի ամրապնդում – CBIT 2» ՄԱԶԾ-ԳԷՀ ծրագիրը։ Ծրագիրը ֆինանսավորվում է Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի կողմից և իրականացվում ՄԱԶԾ-ի կողմից՝ Շրջակա միջավայրի նախարարության համակարգմամբ։ Միջոցառմանը մասնակցում էին շուրջ 40 ներկայացուցիչներ, այդ թվում՝ պետական պաշտոնյաներ, պետական մարմինների, միջազգային կազմակերպությունների, գիտական և հասարակական հատվածի, Հայաստանում ՄԱԶԾ-ի և ՄԱԿ-ի այլ գործակալությունների ներկայացուցիչներ, Շրջակա միջավայրի և շահագրգիռ այլ նախարարությունների տեխնիկական մասնագետներ ու ոլորտի առաջատար փորձագետներ։
Ծրագրի նպատակն է ամրապնդել Հայաստանի ինստիտուցիոնալ և տեխնիկական կարողությունները՝ Փարիզյան համաձայնագրի թափանցիկության ընդլայնված շրջանակի հաշվետվողականության պահանջները բավարարելու համար՝ համահունչ ազգային առաջնահերթություններին։
Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկին նշեց. «Ազգային քաղաքականությունների ազդեցությանը հետևելու թափանցիկ և հուսալի համակարգը միջազգային վստահության հիմքն է։ Ստեղծելով այս շրջանակը՝ Հայաստանը ոչ միայն կատարում է Փարիզյան համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունները, այլև հնարավորություն է ստեղծում բացելու և ներգրավելու կլիմայական ֆինանսավորման նոր գլոբալ աղբյուրներ»։
«2026թ. ընդունված «Կլիմայի մասին» ՀՀ օրենքը թույլ է տալիս կլիմայական օրակարգն ամբողջությամբ ներառել ազգային զարգացման ծրագրերում, և այս նոր ծրագիրն ուղղակիորեն կաջակցի դրանից բխող ենթաօրենսդրական ակտերի մշակմանն ու կիրարկմանը», - նշեց Կլիմայական քաղաքականության վարչության պետ Նոնա Բուդոյանը՝ Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանի անունից։
Այնուհետև տարածաշրջանային տեխնիկական խորհրդատու Սնեժանա Դրագոևիչը հանդես եկավ շնորհանդեսով՝ նվիրված Փարիզյան համաձայնագրի Թափանցիկության ընդլայնված շրջանակի ներքո հաշվետվողականության պահանջներին։ Մանրամասն ներկայացվեցին ծրագրի ցիկլի կառավարումը, ինչպես նաև Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի մոնիթորինգի և գնահատման պահանջները։
Ծրագրի կառուցվածքը, հիմնական նպատակն ու բաղադրիչները, ինչպես նաև ռիսկերն ու դրանց մեղմմանն ուղղված միջոցառումները ներկայացրեց CBIT 2 ծրագրի համակարգող Դավիթ Շինդյանը։ Նա նաև մանրամասներ ներկայացրեց ծրագրի առաջին տարվա գործողությունների պլանի, շահառուների ներգրավման և ծրագրի համակարգման մեխանիզմների վերաբերյալ։
Ծրագրի ակնկալվող արդյունքները ներառում են գործողություններ՝ ուղղված ոչ կանոնավոր հաշվետվողականությունից անցում դեպի Չափումների, հաշվետվողականության և հավաստագրման շարունակական գործընթաց։ Սա կիրականացվի «Կլիմայի մասին» ՀՀ օրենքի գործարկման, Չափումների, հաշվետվողականության և հավաստագրման հարթակում նոր մոդուլների մշակման և ինստիտուցիոնալ կարողությունների հզորացման միջոցով։