Հայ
Eng
Տեղի ունեցավ «Համայնքի կայունության ամրապնդում էներգաարդյունավետության եվ ցածր արտանետումներով զարգացման միջոցով» ՄԱԶԾ-Սիդա ծրագիր խորհրդի նիստը
20 մայիսի 2024

Տեղի ունեցավ «Համայնքի կայունության ամրապնդում էներգաարդյունավետության եվ ցածր արտանետումներով զարգացման միջոցով» ՄԱԶԾ-Սիդա ծրագիր խորհրդի նիստը

Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt
Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt

Մայիսի 20-ին Ալավերդու համայնքապետարանում կայացավ «Համայնքի կայունության ամրապնդում էներգա­արդյունա­վետության և ցածր արտանետումներով զարգացման միջոցով» ՄԱԶԾ-Սիդա Ծրագիր Խորհրդի նիստը, որի ժամանակ քննարկվեցին ծրագրով վերջին մեկ տարում կատարված աշխատանքներն ու առաջիկա անելիքները։

 

Ծրագրի Խորհրդի նիստին մասնակցում էին Հայաստանում ՄԱԶԾ մշտական ​​ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկին, Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության ծրագրի ավագ ղեկավար Նինա Գելաձեն, ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրի համակարգող Դիանա Հարությունյանը, ՄԱԶԾ Կլիմայի, շրջակա միջավայրի և դիմակայունության պորտֆելի ղեկավար Հովհաննես Ղազարյանը, ՏԿԵՆ տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը և այլ հյուրեր։ 

 

«Համայնքի կայունության ամրապնդում էներգա­արդյունա­վետության և ցածր արտանետումներով զարգացման միջոցով» ծրագրի նպատակն է բարձրացնել Ալավերդի համայնքի տնտեսական, բնապահպանական ու սոցիալական կայունությունը՝ ներդնելով էներգաարդյունավետ և ցածր արտանետումներով զարգացման մոդելը, որը կարող է օրինակելի փորձ դառնալ նաև այլ համայնքների համար։

 

Ծրագիրը մի քանի բաղադրիչ ունի, որոնց մի մասն արդեն ավարտական փուլում են։ 

 

Մասնավորապես, պետական սուբվենցիոն ծրագրի, համայնքի ու ՄԱԶԾ-Սիդա ներդրումներով Ալավերդի համայնքում 2022-2023 թթ. ջերմամեկուսացվել է 36 բազմաբնակարան շենք, որից 34-ը մասնակի, 2-ը ամբողջական։

 

Կատարված աշխատանքները գնահատելու նպատակով ծրագրի պատասխանատուները խորհրդի նիստից հետո եղան Էներգաարդյունավետ վերանորոգված շենքերում։ 

 

Բազմաբնակարան շենքերի ջերմամեկուսացման ծրագիրն արժեցել է 132,500 մլն դրամ։

 

Արտաքին պատերի, տանիքների ջերմամեկուսացումից բացի այստեղ փոխարինվել են աստիճանավանդակների դռներն և պատուհանները, տեղադրվել է լուսադիոդային լուսավորության համակարգ։ 

 

Բնակիչների խոսքով՝ ծրագրի արդյունավետության ցուցիչներից մեկն էլ ջեռուցման ծախսերի կրճատումն է։

 

Հուլիսին կավարտվի 2023թ. պետական ​​սուբվենցիոն ծրագրում ընդգրկված համայնքի մանկական ստեղծագործական կենտրոնի վերակառուցումը, որը ներառում է տանիքի, դռների, պատուհանների, ներքին հարդարման և մասնակի կահավորման վերանորոգումը:

 

Ալավերդու թիվ 6 մանկապարտեզի շենքը վերակառուցվում է սեյսմակայուն ամրացումով և ամբողջովին ջերմամեկուսացմամբ վերանորոգվում են արտաքին պատերը, տանիքը։ Դռներն ու պատուհանները  փոխարինվելու են, տեղադրվելու է լուսադիոդային լուսավորության և նոր արդյունավետ ջեռուցման համակարգ, իրականացվելու է ներքին վերանորոգում, տանիքի ՖՎ համակարգի տեղադրում։  

 

Ամբողջական ջերմամեկուսացման արդյունքում ակնկալվում է էներգիայի սպառումը կրճատել 45 տոկոսով։

 

Վերանորոգման արդյունքում մանկապարտեզի սպասարկվող տարածքը մոտավորապես 70 տոկոսով կավելանա, ինչը հնարավորություն կտա խմբերի թիվը հասցնել 8-ի։ 

 

Շինաշխատանքների ավարտը նախատեսվում է այս տարվա օգոստոսին։

 

Ծրագրի կարևոր բաղադրիչներից մեկն էլ կրթականն է։ Կանաչ աշխատատեղերի ստեղծման նպատակով մասնագիտական ուսուցման աջակցություն է տրամադրվել Ալավերդու պետական արհեստագործական ուսումնարանին, որտեղ վերապատրաստված մասնագետները կարճաժամկետ ուսուցման 2 ծրագիր են իրականացրել 22 մասնակիցների համար «Վերականգնվող էներգիայի աղբյուրներ և էներգաարդյունավետ տեխնոլոգիաներ» թեմայով։ Սեպտեմբերից արդեն այս առարկան ուսումնարանում կդասավանդվի հիմնական երկարաժամկետ ծրագրով։

 

Կարճաժամկետ ծրագրի սովորողներից ոմանք արդեն աշխատանքի են ընդունվել արևային համակարգեր տեղադրող «ԷկոՎիլլ» ընկերությանում։ Պրակտիկայի ու աշխատանքի հնարավորություն կստանան նաև այլ սովորողեր։ Համայնքի ղեկավարն առաջարկեց սովորողներին ընդգրկել  համայնքային  ֆոտովոլտային կայանի կառուցման աշխատանքներին, որը ևս այս ծրագրով է կառուցվում։

 

500 կՎտ հզորությամբ համայնքային ՖՎ կայանը նախատեսված է կառուցել Մղարթ բնակավայրում, որը մոտավորապես 50 հազար դոլարի տարեկան շահույթ կարող է բերել համայնքին: Սահամայնքը կարող է օգտագործել այլ ծրագրերին և բազմաթիվ այլ նախաձեռնություններին աջակցելու համար։ Դա լինելու է համայնքային կառավարման կայան, լինելու է թափանցիկ, ամեն տարի աուդիտ է անցնելու։ Բացի դրանից նախատեսվում է ծրագիր՝ խոցելի գյուղական վայրում 2 կվտ ֆոտովոլտային կայանների տեղադրմամբ, որով ընտանիքները կարող է ապահովել իրենց  էներգիայի ծախսը, ինչպես նաև էներգիան կարող են օգտագործել այլ նպատակներով (կենցաղային սարքերն են, ջեռուցում)։

 

Կհամաֆինանսավորվի նաև Ալավերդու փողոցային լուսավորության համակարգի կառուցման ու արդիականացման աշխատանքները։

 

«Համայնքի կայունության ամրապնդում էներգա­արդյունա­վետության և ցածր արտանետումներով զարգացման միջոցով» ծրագիրը ֆինանսավորվում է Շվեդական միջազգային զարգացման և համագործակցության գործակալության (ՇՄԶԳ) և իրականացվում է ՄԱԶԾ-ի կողմից՝ Ալավերդու համայնքապետարանի հետ համատեղ։ Ծրագիրը համակարգվում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից։

 


Կիսվել