Հայ
Eng
Տեղի ունեցավ ծրագրի խորհրդի նիստը
06 հուլիսի 2023

Տեղի ունեցավ ծրագրի խորհրդի նիստը

Alt Alt Alt Alt Alt Alt
Alt Alt Alt Alt Alt Alt

 

2023թ հուլիսի 6-ին Ալավերդի այցելեցին «Համայնքի կայունության ամրապնդում էներգաարդյունավետության և ցածր արտանետումների զարգացման միջոցով» ծրագրի ներկայացուցիչները՝ Հայաստանում ՄԱԶԾ գրասենյակի մշտական ​​ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, Շվեդիայի դեսպանատան զարգացման համագործակցության ղեկավար և Առաքելության ղեկավարի տեղակալ Կլաս Վալդենստրոմը, ՏԿԵՆ տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը, այլ հյուրեր։ Ծրագիրը ֆինանսավորվում է Շվեդական միջազգային զարգացման և համագործակցության գործակալության (Sida) կողմից և իրականացվում է ՄԱԶԾ-ի կողմից՝ Ալավերդու համայնքապետարանի հետ համատեղ։

 

Ալավերդու ՄԱԶԾ-Սիդա ծրագրի գրասենյակում հյուրերը Ալավերդու համայնքապետի հետ քննարկեցին ծրագրի ընթացիկ աշխատանքները, այնուհետև այցելեցին պետական սուբվենցիոն ծրագրի շրջանակում իրականացվող ամբողջովին ջերմամեկուսացված բազմաբնակարան  երկու շենքերից մեկը՝ Սարահարթ թաղամասի 1/25-ը։

 

Ալավերդիում երկու բարձրահարկ պանելային շենքեր ջերմամեկուսացվում են ամբողջովին, ևս 7 բազմաբնակարան շենքեր 2022-2023 թվականին ջերմամեկուսացվել են մասնակի պետական սուբվենցիոն ծրագրի և ՄԱԶԾ էներգաարդյունավետության և ցածր արտանետումների զարգացման ծրագրերի միջոցով։

 

Շուտով նույն ծրագրով պետական սուբվենցիոն ծրագրի  հետ համատեղ կմեկնարկի նաև Ալավերդու թիվ 6 մանկապարտեզի և Երեխաների ներառական սպասարկման կենտրոնի ամբողջական էներգաարդյունավետ վերակառուցումը և Ալավերդու ևս 10 ԲԲՇ-ների մասնակի ջերմամեկուսացումը։

 

Ալավերդու թիվ 6 մանկապարտեզի և Երեխաների ներառական սպասարկման կենտրոնում նախատեսվում է շենքի ամբողջական ջերմանորոգում՝ արտաքին պատերի, տանիքների մեկուսացում, դռների և պատուհանների փոխարինում, լուսադիոդային լուսավորության տեղադրում, նոր արդյունավետ ջեռուցման համակարգի տեղադրում, ներքին վերանորոգում, կառուցվածքային ամրացում և սեյսմիկ բարելավում, տանիքի տեղադրում ՖՎ համակարգով:

 

Հյուրերը եղան նաև Ալավերդու արհեստագործական պետական ուսումնարանում, որտեղ այս ուսումնական տարվանից կուսուցանվի «Էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի տեխնոլոգիաներ» կարճաժամկետ ուսումնական ծրագիրը, ինչպես նաև համապատասխան գործիքներով և ուսուցողական սարքերով կկահավորվի լաբորատորիան։

 

Այցելության ավարտին Ալավերդու համայնքապետարանում տեղի ունեցավ ծրագրի խորհրդի տարեկան ընդլայնված նիստը։

ՄԱԶԾ-Սիդա ծրագրի թիմի ղեկավար Արեգա Մարտիրոսյանը և ծրագրի փորձագետ Անդրե Օհանյանը ներկայացրին ծրագրի արդյունքները, առաջիկա գործողությունները։

«ՀԵԲԱ» ՀԿ նախագահ  Մարիաննա Պեպանյանը  ներկայացրեց Պետական սուբվենցիոն ծրագրում ներառված 19 բազմաբնակարան շենքերի բնակիչների հետ իրականացված սոցիալական ուսումնասիրության արդյունքները։

 

Ծրագրի ակնկալվող արդյունքներից մեկն էլ կանաչ և մատչելի էներգիայի աղբյուրների հասանելիությունն է։ Նախատեսվում է 500 կՎտ հզորությամբ համայնքային արևային ֆոտովոլտային կայանի կառուցում։ Կայանի կառուցման համար Մղարթ բնակավայրում արդեն հողատարածք է ընտրվել։

 

Ծրագրի նպատակն է նպաստել կանաչ աշխատատեղերի ստեղծմանը, Էներգետիկ աղքատության կրճատմանը, մասնավոր և հանրային գործընկերության հաստատմանը։


Կիսվել