Շվեդական միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ, Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի գրասենյակը 2022 թվականից Ալավերդիում իրականացնում է «Համայնքի կայունության ամրապնդում էներգաարդյունավետության և ցածր արտանետումներով զարգացման միջոցով» ծրագիրը, որի նպատակն է բարձրացնել համայնքի տնտեսական, բնապահպանական և սոցիալական կայունությունը՝ ներդնելով էներգաարդյունավետ և ցածր արտանետումներով զարգացման մոդելը:
Ծրագիրը մի քանի բաղադրիչ ունի, որից մեկը կրթականն է։ 2022 թվականին Ալավերդու պետական արհեստագործական ուսումնարանում ներդրվեց «Վերականգնվող էներգիայի էներգետիկ կայանների մոնտաժում, նորոգում և սպասարկում» թեմայով կարճաժամկետ կրթական ծրագիրը։ Ուսումնարանի 6 մասնագետ վերապատրաստվել են և հաջողությամբ դասավանդում են նոր առարկան: Կարճաժամկետ 2 դասընթացներին ներգրավվել են 21 մասնակից, շուտով կմեկնարկի երրորդ խմբի վերապատրաստումը։ Հաշվի առնելով նոր մասնագիտության նկատմամբ մեծ հետաքրքրվածությունն ու պահանջարկը՝ ԿԳՄՍ նախարարության այս մասնագիտությունը ուսունարանում որպես հիմնական առարկա ներդնելու թույլտվություն է տվել։ Դրա համար բոլոր անհրաժեշտ նախապայմաններն առկա են.ծրագրի աջակցությամբ ուսումնարանն ունի հագեցած լաբորատորիա տեսական գիտելիքի հետ համատեղ գործնական աշխատանքները կազմակերպելու համար։
2 տարի առաջ մեկնարկած ծրագիրը արդեն առաջին մեծ հաջողությունն է գրանցում։
Փետրվարի 14-ին Ալավերդու պետական արհեստագործական ուսումնարանը և «ԷկոՎիլլ» ընկերությունը համագործակցության հուշագիր կնքեցին։
«Էկովիլլ» ընկերությունը հուշագրով ստանձնեց Ալավերդու արհեստագործական ուսումնարանի սովորողների ուսումնական պրակտիկան կազմակերպել իրենց մոտ, նաև՝ լավագույն ուսանողներին աշխատանքի ընդունել։
Ընկերության ներկայացուցիչն ասում է՝ ոլորտը արագ տեմպերով զարգանում է, ուստի կարևոր է որակյալ մասնագետներ ունենալ նաև մարզերում։
Ոլորտի ներկայացուցիչները նշում են՝ այս պահին արևային ֆոտովոլտային պանելների, ջրատաքացուցիչների տեղադրողների, մոնտաժողների և հատկապես սպասկարկողների` հատկապես որակյալ մասնագետների պահանջարկը շատ մեծ է։
Ոլորտի զարգացումը կարևոր է նաև Հայաստանի համար էներգետիկ անկախություն ունենալու տեսանկյունից։