Միավորված ազգերի կազմակերպության Զարգացման ծրագիրը և Հանրային լրագրության ակումբը «Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում» (ՀԱԾ) ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանակում հայտարարում են կլիմայի փոփոխության հարմարվողականությանն առնչվող թեմաներով «Դիմակայենք կլիմայի փոփոխությանը» լրագրողական նյութերի մրցույթ։
Նախաձեռնության նպատակն է խթանել կլիմայի փոփոխության հարմարվողականության վերաբերյալ հանրային իրազեկման գործում լրագրողների և այլ ոլորտային մասնագետների մասնակցությունը՝ ուսանող/երիտասարդ մասնագետ-ԶԼՄ համագործակցության միջոցով ստեղծելով կլիմայի փոփոխության նկատմամբ առավել խոցելի ոլորտներին առնչվող հանրային իրազեկման բարձրացմանն ուղղված որակյալ լրահոս։
ԻՆՉՊԵ՞Ս ԴԻՄԵԼ
Մասնակցելու համար, անհրաժեշտ է մինչ սույն թվականի օգոստոսի 25-ը՝ ժամը 23։59-ը լրացնել մրցույթի առցանց հայտադիմումը :
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
- Մրցույթին կարող են մասնակցել հայաստանյան բուհերի/մասնագիտական կրթական հաստատությունների ուսանողները՝ անկախ տարիքից և մասնագիտությունից, ինչպես նաև 1-5 տարվա աշխատանքային փորձ ունեցող լրագրողներ և այլ ոլորտային մասնագետներ:
- Յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել լրագրողական նյութի մեկից ավելի գաղափար, սակայն հաջորդ փուլի համար ընտրվելու է յուրաքանչյուր մասնակցի առավելագույնը երկու գաղափար։
- Մրցույթին կարող են ներկայացվել նաև թիմային նյութերի գաղափարներ (թիմի բոլոր անդամները պետք է լինեն ուսանողներ կամ 1-5 տարվա աշխատանքային փորձ ունեցող մասնագետներ):
- Կարող են առաջարկվել կլիմայի փոփոխության հարմարվողականության թեմայով հանրային իրազեկմանն ուղղված լրագրողական նյութեր՝ անկախ ժանրից և ծավալից․ նյութի ձևաչափն առաջարկում է նախագծի հեղինակը/ները։
Ներկայացված նյութերը պետք է վերաբերեն կլիմայի փոփոխության հարմարվողականության թեմաների, ինչպիսիք են`
- վտանգավոր օդերևութաբանական երևույթներին և աղետներին դիմակայում և արձագանքում, համայնքների դիմակայունության բարձրացում,
- ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործում,
- մարդու առողջության հետ կապված խնդիրների կանխարգելում,
- գյուղատնտեսության խոցելիության նվազեցում,
- անտառների պահպանում, հրդեհների կանխարգելում,
- տուրիզմի զարգացում,
- բնահեն լուծումների կիրառում,
- կենսաբազմազանության պահպանում,
- կանայք և կլիմայի փոփոխության հարմարվողականությունը
- և այլն։
ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ
- Թեմատիկ շրջանակ․ կլիմայի փոփոխության տեսանկյունից խոցելի ոլորտներում կլիմայի փոփոխության հարմարվողականության միջոցառումների կարևորության, ոլորտին առնչվող թեմատիկ խնդիրների և հնարավոր լուծումների ներկայացում (60 միավոր)։
- Ներկայացված աշխատանքի բովանդակություն․ հանրային լայն շրջանակների համար թեմային առնչվող հարցերի հասկանալի և մատչելի ներկայացում (20 միավոր)։
- Ներկայացված աշխատանքում օգտագործված մեդիա ժանրերի և գործիքների ընտրություն և արդյունավետ կիրառում (20 միավոր)։
ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
Մրցույթի առաջին փուլում ուսանողները մինչ սույն թվականի օգոստոսի 25-ը՝ ժամը 23։59-ը, պետք է ներկայացնեն իրենց լրագրողական նյութերի գաղափարները՝ մրցույթի առցանց հայտադիմումի ձևաչափով։ Մրցույթի հաջորդ փուլ անցնում են միայն հայտերի ընդունման տեխնիկական և բովանդակային չափորոշիչներին համապատասխան հայտերը, որոնք վերաբերում են կլիմայի փոփոխության հարմարվողականությանն առնչվող թեմաներին, ինչը որոշվում է ոլորտային փորձագետների խմբի կողմից։
- Երկրորդ փուլ
Մրցույթի երկրորդ փուլ անցած նյութերի հեղինակները կմասնակցեն լրագրողական նախագծերի բանավոր ներկայացմանը (pitching), որի արդյունքում մասնագիտական ժյուրին կընտրի լավագույն 10 նախագիծը։
Մինչև սեպտեմբերի 2-ը էլ․ փոստի միջոցով բոլոր մասնակիցները կտեղեկացվեն՝ արդյոք իրենց նախագծերն ընտրվել են լրագրողական նյութերի բանավոր ներկայացմանը, թե՝ ոչ։
Երկրորդ փուլ անցած լրագրողական նյութերի բանավոր ներկայացումը տեղի կունենա սեպտեմբերի 6-ին, Երևանում։ Անհրաժեշտության դեպքում՝ Ծրագիրը կկազմակերպի մարզերից դեպի Երևան և հետ մասնակիցների փոխադրումը։
- Երրորդ փուլ
Ընտրված 10 նախագծի հեղինակները դրանք իրականացնելու համար կստանան՝
- Մեդիա մենթորի հետ աշխատելու և պատրաստի աշխատանքը ԶԼՄ-ում հրապարակելու հնարավորություն․ ընտրված աշխատանքների իրականացման ընթացքում ուսանողները հնարավորություն կստանան աշխատելու ԶԼՄ-ներից որևէ մեկի լրագրողի/խմբագրի հետ, ով և կապահովի պատրաստի աշխատանքի հրապարակումն այն ԶԼՄ հարթակում, որը ներկայացնում է։
- Ֆինանսական աջակցություն լրագրողական աշխատանքներն իրականացնելու համար․ երկրորդ փուլ ընտրված աշխատանքների հեղինակները կստանան ֆինանսական աջակցություն՝ յուրաքանչյուր նյութը հիսուն հազար ՀՀ դրամ (հարկերը՝ ներառյալ): Թիմային աշխատանքների դեպքում՝ գումարը կկիսվի թիմի անդամների միջև:
- Եզրափակիչ՝ չորրորդ փուլ
Իրականացված/ հրապարակված նյութերը կմասնակցեն մրցույթի եզրափակիչ փուլին։ Լավագույն երեք աշխատանքների հեղինակները կստանան դրամական պարգևներ՝ յուրաքանչյուր նյութը հարյուր հազար ՀՀ դրամ (հարկերը՝ ներառյալ)։ Թիմային աշխատանքների դեպքում՝ գումարը կկիսվի թիմի անդամների միջև:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հայտերի լրացման, մրցույթին ներկայացվող աշխատանքների թեմատիկ շրջանակի վերաբերյալ պարզաբանումների, ինչպես նաև՝ կլիմայի փոփոխության և հարմարվողականության գծով փորձագիտական խորհրդատվության նպատակով հուլիսի 14-ին և 15-ին կանցկացվեն խորհրդատվական առցանց հանդիպում-քննարկումներ։ Մասնակցության համար անհրաժեշտ է նախապես գրանցվել՝ մինչև հուլիսի 13-ը, ժամը 23:59` լրացնելով առցանց հայտը։
Դիմելու կարգի, տեխնիկական և բովանդակային բոլոր հարցերի դեպքում կարող եք դիմել Հանրային լրագրության ակումբի լրագրող, ծրագրի համակարգող Սոֆի Թովմասյանին՝ գրելով [email protected] էլ․ փոստի հասցեին կամ զանգահարելով 098 322 231 հեռախոսահամարով։