Մեծ Բրիտանիայի կառավարության ֆինանսավորմամբ, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության և «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ համագործակցությամբ իրականացվող ՄԱԶԾ ծրագրի աջակցությամբ ՊՈԱԿ-ը համալրվել է մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի ժամանակակից շարժական լաբորատորիայով։
Մարտի 23-ին տեղի ունեցած միջոցառման ընթացքում կայացավ շարժական լաբորատորիայի ամենագնաց մեքենայի հանձնման արարողությունը։ Միջոցառման ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկան Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Փոլ Մորիսը, և «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։ Միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վահե Դավթյանը։
Նաթիա Նացվլիշվիլին իր խոսքում կարևորեց օդի որակի մոնիթորինգի համակարգի արդիականացման և հզորացման գործընթացը, հատկապես, ավելի ամբողջական և վստահելի տվյալների հավաքագրման արդյունքում պետական կառույցների կողմից արդյունավետ քաղաքականության մշակման, բնապահպանական կառավարման և վաղ նախազգուշացման գործընթացի բարելավման տեսանկյուններից։
Միջոցառման մասնակիցներին ողջունելիս Փոլ Մորիսն ընդգծեց օդի որակի վերաբերյալ հուսալի և շարունակական տվյալների կարևորությունը՝ տեղեկացված որոշումների կայացման և արդյունավետ քաղաքականության մշակման համար: Մատնանշելով մաքուր օդի, առողջ էկոհամակարգերի և մարդկանց բարեկեցության փոխկապակցվածությունը՝ պարոն Մորիսը նշեց, որ ծրագիրը նպաստում է Հայաստանում օդի որակի մոնիթորինգի համակարգի ամրապնդմանը և արտացոլում է շրջակա միջավայրի կառավարման և հանրային առողջության բարելավմանն ուղղված միասնական հանձնառությունը։
Դեռևս 2020թ․ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի աջակցությամբ մշակված օդի որակի մոնիթորինգի զարգացման հայեցակարգի հիման վրա ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ արդեն ձեռք է բերվել երկու ժամանակակից ավտոմատ դիտակայան, ևս մեկը նախատեսվում է ձեռք բերել 2026 թ ընթացքում։ Շարժական լաբորատորիան կհամալրի մոնիթորինգի ստացիոնար կայանների աշխատանքը՝ էականորեն ընդլայնելով ՊՈԱԿ-ի՝ օդի որակի վերաբերյալ տվյալների հավաքագրման և վերլուծության կարողությունները։ Այն հնարավորություն կտա իրականացնել տեղում օդի որակի չափումներ, բացահայտել աղտոտման թեժ կետերը, առավել խորությամբ հասկանալ արտանետումների աղբյուրները։
Ծրագիրը ներառել է նաև կարողությունների զարգացման բաղադրիչ։ Մարտի 19-ին «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի 18 մասնագետ մասնակցել է տեխնիկական վերապատրաստման՝ ապահովելու նոր շարժական լաբորատորիայի արդյունավետ շահագործումը։