Մայիսի 12-13-ին «Փարիզի համաձայնագրի ներքո Հայաստանի թափանցիկության ազգային շրջանակի կառուցում» ՄԱԶԾ-ԳԷՀ և «Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում» ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրերի շրջանակում կայացավ «Կլիմայի փոփոխության թափանցիկության շրջանակը» աշխատաժողովը:
Երկօրյա աշխատաժողովի նախատեսված էր «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի և Փարիզյան համաձայնագրի պահանջների ու դրույթների կատարման միջգերատեսչական համակարգման խորհուրդի և աշխատանքային խմբի անդամների համար և նպատակ ուներ մասնակիցներին ծանոթացնել կլիմայի փոփոխության մարտահրավերներին, իրազեկել կլիմայի փոփոխությանն ուղղված միջազգային և տեղական միջոցառումների վերաբերյալ, ինչպես նաև ներկայացնել Փարիզի համաձայնագրի 13-րդ հոդվածով սահմանված՝ ՝ արտանետումների, մեղմման և հարմարվողականության գործողությունների, ինչպես նաև կլիմայի ֆինանսավորման ուղղությամբ երկրի կողմից ստացվող աջակցության մասով թափանցիկության պահանջների ապահովման համար անհրաժեշտ չափումների և ներկայացման գործիքները:
Ողջունելով աշխատաժողովի մասնակիցներին, ՀՀ շրջակա միջավայրի փոխնախարար Գայանե Գաբրիելյանը՝ կարևորեց «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի և Փարիզյան համաձայնագրի պահանջների ու դրույթների կատարման միջգերատեսչական համակարգման խորհուրդի և աշխատանքային խմբի անդամների ակտիվ մասնակցությունը որոշումների կայացմանը՝ միջոլորտային հարցերի շուրջ հավասարակշռված և փոխհամաձայնեցված մոտեցումներ և լուծումներ գտնելու համար՝ տնտեսության բոլոր ճյուղերում կանաչ վերականգնումը խթանելու և COVID-19-ի հետևանքները վերացնելու համար: Փոխնախարարը ընդգծեց նաև կլիմայի փոփոխության հետևանքով ահագնացող մարտահրավերներին դիմակայելու համար հարմարվողականության միջոցառումների մշակման, ինչպես նաև համապատասխան օրենսդրական և կարգավորող շարունակական բարեփոխումների իրականացման անհրաժեշտությունը։
ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանն իր ողջույնի խոսքում կարևորեց Փարիզի համաձայնագրի ներքո երկրի ստանձնած պարտավորությունների պատշաճ իրականացման համար նախարարությունների սերտ համագործակցությունը և Կլիմայի փոփոխության միջգերատեսչական խորհուրդի ու դրա աշխատանքային խմբերի անդամների ակտիվ մասնակցությունն աշխատաժողովին՝ հատկապես հետագայում իրենց գործառույթներում ձեռք բերված գիտելիքների կիրառման համատեքստում: Տիկին Հարությունյանն ընդգծեց նաև կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության միջոցառումների իրականացման մոնիթորինգի և արդյունքների գնահատման, ձեռքբերումների, ինչպես նաև բացերի մասին տեղեկատվության հավաքագրման և ներկայացման հստակ ու թափանցիկ գործընթացների հաստատման կենսական նշանակությունը՝ մի կողմից երկրի ստանձնած միջազգային պարտավորությունների պատշաճ կատարման, մյուս կողմից՝ հարմարվողականության ազգային պլանավորման գործընթացի արդյունավետությունն ու կայունությունն ապահովելու առումով:
Երկու օրվա ընթացքում աշխատաժողովի մասնակիցները հնարավորություն ստացան ձեռք բերել կիրառական գիտելիքներ կլիմայի փոփոխության և Ազգային մակարդակով սահմանված գործողությունների, ինչպես նաև Փարիզի համաձայնագրի դրույթների կատարումն ապահովելու համար անհրաժեշտ գործիքների, պահանջների վերաբերյալ և քննարկել դրանց կիրառման առանձնահատկություններն ու հնարավորությունները, ծանոթացան Հայաստանում հարմարվողականության ազգային պլանավորման գործընթացին, հարմարվողականության և մեղմման գործողությունների չափումների, հաշվետվայնության և հավաստագրման համակարգերի պահանջներին, այդ թվում գենդերային նկատառումներին և այլն։ Նյութերը ներկայացրեցին GlobalFields բրիտանական ընկերության և ՄԱԶԾ փորձագետները:
Աշխատաժողովին ներկա գտնվեց և առցանց մասնակցեց Շրջակա միջավայրի, Էկոնոմիկայի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Արտակարգ իրավիճակների, Ֆինանսների, Արտաքին գործերի, Արդարադատության, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Առողջապահության նախարարությունների, Վիճակագրության, Կադաստրի, Քաղաքաշինության կոմիտեների և այլ պետական մարմինների, Կենտրոնական բանկի, Երևանի քաղաքապետարանի, GlobalFields ընկերության և ՄԱԶԾ ավելի քան 70 ներկայացուցիչ:
Միջոցառման օրակարգը
Միջոցառման ընթացքում ներկայացված նյուրթերը
«Փարիզի համաձայնագրի ներքո Հայաստանի թափանցիկության ազգային շրջանակի կառուցում» ՄԱԶԾ-ԳԷՀ ծրագրի մասին
«Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում» ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի մասին