Հունիսի 16-ին տեղի ունեցավ «Հարմարվողականության ազգային ծրագրի հաղորդակցման ռազմավարություն» դասընթաց-աշխատաժողովը: Միջոցառումը կազմակերպվել էր «Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում» ՄԱԶԾ-ԿԿՀ ծարգրի շրջանակում և նպատակ ուներ շահառուներին ներկայացնել և քննարկել ՀՀ կառավորության 2021թ. մայիսի 13-ի 749-Լ որոշմամբ հաստատված հարմարվողականության ազգային ծրագիրը (ՀԱԾ), դրա սկզբունքները, գործընթացները, շահառու կառույցների դերակատարությունները, ինչպես նաև ՀԱԾ գործընթացի և կլիմայի փոփոխության հարմարվողականության վերաբերյալ իրազեկության ապահովման համար «Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում» ՄԱԶԾ-ԿԿՀ ծարգրի շրջանակում մշակվող «Հարմարվողականության ազգային ծրագրի գործընթացի և կլիմայի փոփոխության հարմարվողականության վերաբերյալ հաղորդակցության և իրազեկման ազգային ռազմավարական պլանի» նախագիծը:
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը և ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը, ովքեր ընդգծեցին կլիմայի փոփոխության և հարմարվողականության վերբերյալ ազգային, մարզային և տեղական մակարդակներով հանրային իրազեկման ապահովման կարևորությունը՝ մասնավորապես ՀԱԾ գործընթացի ու առաջնային սահմանված հարմարվողականության միջոցառումների իրականացման արդյունավետության համատեքստում:
«Մենք ունենք կարևոր առաքելություն՝ տեղեկատվությունը հասանելի և մատչելի դարձնել հանրության համար։ Շատ լավ է, որ մենք աշխատում ենք շահագրգիռ գերատեսչությունների հետ, լավ է, որ փորձեր ենք անում աշխատել տեղում մարզային կառույցների հետ, բայց մենք պետք է կարողանանք նաև գրագետ աշխատել հանրության հետ, որովհետև գործընթացների շղթայի մեջ գերակշիռ դերը պատկանում է հանրությանը, և մենք, որպես քաղաքականություն մշակող մարմիններ, պետք է կարողանանք տեղեկատվությունը մատչելի հասցնել թիրախային խմբերին»,-նշեց Գայանե Գաբրիելյանը՝ մեկ անգամ ևս կարևորելով ներկաների ակտիվ մասնակցությունը քննարկումներին:
«Կլիմայի փոփոխության խնդիրն իրականություն է, և դրա բացասական ազդեցությունները մենք այսօր արդեն տեսնում ենք ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստնում: Այս համատեքստում տեղեկատվության կայուն և մատչելի հոսքը էլ ավելի մեծ կարևորություն է ստանում, քանի որ շատ կարևոր է իրազեկ լինել կլիմայի փոփոխությամբ պայմանավորված ռիսկերի և խոցելիությունների մասին՝ դրանք հաղթահարելու կամ կանխելու համար»,- իր ողջույնի խոսքում նշեց Դիանա Հարությունյանը:
Միջոցառմանը ներկա գտնվեց և առցանց մասնակցեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության և տարածքային կառավարման կառույցների ավելի քան 45 մասնագետ:
Միջոցառման օրակարգը
Ներկայացված նյութերը