Օգոստոսի 11-ին Վաղարշապատում «Փարիզի համաձայնագրի ներքո Հայաստանի թափանցիկության ազգային շրջանակի կառուցում» ՄԱԶԾ-ԳԷՀ ծրագրի շրջանակում տեղի ունեցավ «Կլիմայի փոփոխության ազգային հաշվետվությունների համար անհրաժեշտ վիճակագրական տվյալների հասանելիության և որակի ապահովման հիմնախնդիրները» թեմայով աշխատաժողով, որի նպատակն էր շահագրգիռ կողմերի և փորձագիտական համայնքի հետ քննարկել ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության կոնվենցիայի ներքո ազգային հաշվետվությունների ներկայացման նպատակով Հայաստանի պարտավորության կատարման համար անհրաժեշտ ցուցանիշները, կազմել բարելավման կարիք ունեցող ցուցանիշների ցանկը և նախանշել այդ ուղղությամբ հետագա աշխատանքների շրջանակը: Աշխատաժողովին բացման խոսքով հանդես եկավ ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը, ով կարևորեց կլիմայի փոփոխության վիճակագրությունը, որպեսզի հնարավոր լինի հետևել կլիմայի փոփոխության օրակարգի ազդեցությանը:
ՄԱԿ-ի վիճակագրական հանձնաժողովը 2022թ. մարտին ներկայացրեց ՄԱԿ-ի վիճակագրական վարչության կողմից մշակված կլիմայի փոփոխության վիճակագրության և ցուցանիշների ամբողջական ցանկը, որը ներառում է 158 ցուցանիշ։ Աշխատաժողովի ընթացքում, խմբային աշխատանքի և քննարկումների արդյունքում մասնակիցները ԿՓ ցուցանիշների ամբողջական ցանկից դուրս բերեցին այն ցուցանիշները, որոնք առավել կարևոր են Հայաստանի համար և խնդրահարույց են՝ հասանելիության և որակի տեսանկյունից։
Աշխատաժողովին մասնակցեցին ՀՀ շրջակա միջավայրի, Էկոնոմիկայի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Առողջապահության նախարարությունների, Վիճակագրական կոմիտեի, «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, ինչպես նաև, կլիմայի փոփոխության, և գենդերային հիմնահարցերով զբաղվող շուրջ 40 մասնագետ, փորձագետ և հետազոտող:
Աշխատաժողովի օրակարգը
Ներկայացված նյութերը հասանելի են հետևյալ հղումներով․
Կլիմայի փոփոխության վիճակագրության ճանապարհային քարտեզ՝ Նելլի Բաղդասարյան
Կլիմայի փոփոխության կոնվենցիայի և Փարիզի համաձայնագրի ներքո պահանջվող ցուցանիշների ու տվյալների հասանելիության և որակի խնդիրները՝ Դիանա Հարությունյան